«Սա պատգամավորների դերն է, ոչ թե աշխատակազմի». Ջոն Բեյթս

Այսօր Ազգային ժողովում պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակը համատեղ կազմակերպել են կլոր-սեղան քննարկում «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի նախագծի վերաբերյալ: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Բարբարա Դեյվիսը ողջունեց քննարկման մասնակիցներին և կարևորեց կանոնակարգի փոփոխությունները:

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը նշեց, որ թեև օրինագիծն անցել է առաջին ընթերցմամբ, բայց դեռևս վիճահարույց հարցեր կան.

«Մեր գործընկերների, պատգամավորների կողմից կան բազում հարցեր, որոնք քննարկման փուլում են: Դրանք են`պատգամավորին խմբակցությունից հեռացնելու կամ պատգամավորի հեռանալու դեպքում մանդատը վայր դնել-չդնելու դրույթը, պատգամավորների ելույթների ժամանակային սահմանափակումները և քննիչ հանձնաժողովի լիազորությունների հարցերը»:

Շոտլանդիայի Ստրեթքլայդի իրավաբանական համալսարանի պատվավոր պրոֆեսոր Ջոն Բեյթսն իր ճամփորդությունը Հայաստան համեմատեց Նոյի ճամփորդության հետ: Նա նշեց, որ Սահակյանը բաց թողեց մի կարևոր դրույթ` խմբակցության ղեկավարը կարող է քվեարկել խմբակցության անդամի փոխարեն, եթե վերջինս պաշտոնական այցելությամբ արտասահմանում է:

Ջ. Բեյթսի խոսքով` ինքը պարզել է, որ Գերմանիան նիստերն անցկանցում է դռնփակ, բացառությամբ բաց նիստերի, ինչն իր համար զարմանալի էր. «Ի վերջո, խորհրդարանը հանրությունն է ներկայացնում: Օրինակ` Կամբերայում խորհրդարանը բաց բլուրի վրա է և քաղաքացիների համար մուտքը բաց է»:

«Կանոնակարգը պետք է պրակտիկ բնույթ կրի: Երբեմն ինչ-որ բան հրատապ կարգով պարզելու հարց է առաջանում և այդ հնարավորւթյունը պետք է ընձեռվի»,- ասաց փորձագետը:

Նա տարակուսանք հայտնեց դրույթնրից մեկի վերաբերյալ, որն, ըստ նրա, այլ երկրներում չկա, և առկա է միայն Հայաստանում, մասնավորապես` ԱԺ աշխատակազմը պաշտոնական իրավական կարծիք է հայտնում օրենսդրական նախագծերի վերաբերյալ և փոփոխություններ առաջարկում:

«Սա պատգամավորների դերն է, ոչ թե աշխատակազմի: Միգուցե խորհրդատվության կարգով դա պետք է արվի և պատգամավորները կարողանան ընդունել կամ չընդունել»,- ասաց Ջ.Բեյթսը:

Տեսանյութեր

Լրահոս