«ԱԺ-ն չի վճարում այդ մարդկանց նրա համար, որ էսպրեսոն է լավ եփո՞ւմ, թե՞ թուրքական սուրճը». Նաիրա Զոհրաբյան

«Եթե մենք խմբակցության ղեկավարին տանք պատգամավորի փոխարեն քվեարկելու իրավունքը, ձեզ վստահեցնում եմ, որ մենք շատ ավելի վատ վիճակ ենք ունենալու  հաջորդ խորհրդարանում»,- այսօր Ազգային ժողովում ԱԺ կանոնակարգ-օրենքի մասին նախագծի քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։

Ըստ նրա՝ առնվազն պետք է թողնել այն մոդելը, որ պատգամավորը փակ ծրարով իր քվեարկությունը հանձնի քարտուղարությանը, որովհետև, նրա խոսքով, որևէ երաշխիք չկա, որ պատգամավորը հետագայում չի ասի, որ՝ «ես այսպես եմ ասել, դու այնպես ես արել». «Իհարկե, այդ հնարավորությունը չտանք այն դեպքերում, որ նա վետերոկում նստած է կամ սաունայում սուզված է, այլ միայն այն դեպքերում, երբ ինքն ԱԺ-ի կողմից գործուղման մեջ է»։

Ն. Զոհրաբյանը համաձայնեց  Հրանտ Բագրատյանի հետ, որ, եթե պառլամենտական կառավարման համակարգ է, ապա  փորձագիտական բազան պետք է մեծացվի. «Չկա որևէ եվրոպական երկիր, որտեղ պատգամավորն ինքը նստում, գրում է օրենք։ Պատգամավորը տալիս է իդեան, գաղափարը, իսկ խորհրդարանի փորձագիտական կառույցները զբաղվում են դրանով։ Պետք է այստեղ էլ դնենք ֆիլտրեր, որ չթողնենք որևէ խմբակցության ղեկավարի, սկսած ինձանից, որոշելու հանձնաժողովի փորձագետների ներգրավվածության աստիճանը։ Լինի անկախ հանձնաժողով, որը կորոշի՝ տվյալ անձը կարո՞ղ է տվյալ խմբակցությունում փորձագետ աշխատել, թե՞ ոչ։ Կարող եմ անկեղծ լինել, նայեք բոլոր խմբակցությունները, փորձագիտական ներուժը բավարար չէ։ Կառաջարկեի նաև ֆիլտրեր դնել պատգամավորների վճարովի օգնականների դեպքում, որովհետև հիմնական փորձագիտականների ներուժի 90 %-ը սուրճը լավ կամ վատ եփելն է։ Եթե ԱԺ-ն վճարում է այդ մարդկանց, ապա չի վճարում այդ մարդկանց նրա համար, որ էսպրեսոն է լավ եփո՞ւմ, թե՞ թուրքական սուրճը»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս