Մահացել է ակադեմիկոս Յուրի Չիլինգարյանը

78 տարեկան հասակում 2016թ-ի նոյեմբերի 28-ին կյանքից հեռացավ հայտնի գիտնական, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սերգեյի Չիլինգարյանը: Այս մասին տեղեկացրին ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնից:

Քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա սույն թվականի նոյեմբերի 30-ին՝ ժամը 18:00-ին, Կիևյան 1, բնակարան 10 հասցեում, հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 1-ին, ժամը 14:00-ին, նույն հասցեից:

Մեծ է Յուրի Չիլինգարյանի ներդրումը լազերային ֆիզիկայի և ոչ գծային օպտիկայի նոր ուղղությունների ասպարեզում:

Իր գիտական գործունեությունը նա սկսել է ավելի քան 50 տարի առաջ՝ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում, երբ ողջ աշխարհում դեռ նոր էին սկսվում լազերային թեմատիկայի ուղղությամբ տարվող ուսումնասիրությունները, և Յուրի Չիլինգարյանը հենց սկզբից ներգրավվել է այդ աշխատանքներում: 1962թ-ին ԵՊՀ–ում Չիլինգարյանը անմիջականորեն մասնակցել է Հայաստանի առաջին լազերի հավաքմանն ու թողարկմանը:

Գիտական ասպարեզում նրա կայացումը տեղի է ունեցել Մոսկվայի պետական համալսարանում՝ ականավոր գիտնականներ, ոչ գծային օպտիկայի դասականներ պրոֆեսոր Ս.Ա.Ախմանովի և ակադեմիկոս Ռ.Վ.Խոխլովի ղեկավարությամբ:

1972 թ. Յուրի Չիլինգարյանը ընտրվել է ԵՊՀ օպտիկայի ամբիոնի վարիչ: 1984 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը: 1996 թ. ընտրվել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս:

Յուրի Չիլինգարյանի աշակերտների թվում են 6 դոկտոր և 12 գիտության թեկնածուներ: Կիրառական բնույթի իր աշխատանքներով Յուրի Չիլինգարյանն ունի 9 հեղինակային վկայական օպտոէլեկտրոնիկայի և մանրաթելային օպտիկայի բնագավառում: Նա  ավելի քան 250 հրատարակումների հեղինակ է:

Յուրի Չիլինգարյանը մասնակցել է մի շարք միջազգային գիտական համաժողովների կազմակերպմանը՝ Առաջին համամիութենական գիտական խորհրդակցություն՝ «Լազերային ճառագայթման փոխազդեցությունը հեղուկ բյուրեղների հետ», Ոչ գծային օպտիկայի գծով համամիութենական նստաշրջան, Կոհերենտ և ոչ գծային օպտիկայի գծով միջազգային գիտաժողով, Հայ ֆիզիկոսների առաջին  համաշխարհային համաժողով:

Չիլինգարյանը ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի մի շարք գիտական պրոբլեմային խորհուրդների անդամ էր:

Օպտիկայի ամբիոնի վարիչի պաշտոնը Չիլինգարյանը վարել է մինչև 2007թ., միևնույն ժամանակ,  1985-2000թթ. եղել է ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան:

2006թ-ին Չիլինգարյանը ընտրվել է ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար,  ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ:

2009թ. նա արժանացել է Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի կոչմանը:

ՀՀ ԳԱԱ նախագահությունն իր խորին ցավակցությունն է հայտնում ակադեմիկոս Յուրի Չիլինգարյանի մահվան կապակցությամբ: Նրա հիշատակը վառ կմնա նրա գործընկերների, հարազատների և Հայաստանի ողջ գիտական հանրության սրտերում:

Տեսանյութեր

Լրահոս