«Պետությունը՝ որպես գրանցող մարմին, պետք է գնահատական չհնչեցնի կուսակցության քաղաքական դերակատարության առկայությանը կամ բացակայություններին»

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը։ Հիմնական զեկուցող, արդարդատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ մի կողմից՝ այս օրենքը չի կանխորոշում ընտրություններում կուսակցությունների դերակատարությունը, բայց մյուս կողմից էլ՝ որոշակի դերակատարություն ունի այն տեսանկյունից, թե մենք ինչ պահանջներ ենք դնում կուսակցությունների համար։

Նա նշեց, որ «Կուսակցությունների մասին» օրենքն ուղարկված է միջազգային փորձաքննության, այս ընթացքում բազմաթիվ քննարկումներ են եղել իրենց գործընկերների, բոլոր խմբակցությունների պատգամավորների, արտախորհրդարանական ուժերի, հասարակական կազմակերպությունների հետ՝ բոլոր ձևաչափերով լսելի դարձնելու նրանց ձայնն ու մտահոգությունները։

«Առաջին դրույթը վերաբերում է կուսակցություն ստեղծելու համար անդամների պարտադիր թվաքանակին։ Այսօր պարտադիր է համարվում կուսակցության համար գրանցման պահին ունենալու 200 անդամ, և 6 ամսվա ընթացքում այդ 200 անդամների թվաքանակն աճի և հասնի 2000-ի։ Իմ կարծիքով՝ ճիշտ չէ այս կարգավորումը, որովհետև անդամների թվաքանակի ստուգումը կամ պետության կողմից  վերահսկողական մեխանիզմների սահմանումը կուսակցությունների նկատմամբ այնքան էլ ճիշտ չէ։ Այն հանգամանքը, որ իրավասու գերատեսչությունն այլևս չի միջամտելու, չի ստուգելու՝ 2000-ի հասցրեցի՞ր, թե՞ ոչ, սա ինքնին մեղմացում է։ Գրանցման 6-րդ ամսին կուսակցությունը պետք է ունենա 1000 անդամ, սա, կարծում եմ, մեղմացում է։ Այլևս որևէ մեկը գրանցումից հետո չի միջամտելու կուսակցության գործունեությանը»,- նշեց նախարարը։

Նա ասաց, որ հաջորդ հարցը նույնպես մեղմացում է, որը բխում է Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի տարբեր տարիներին հնչեցրած տեսակետներից, որ չպետք է  կուսակցության գրանցումից հետո լինի որևէ միջամտություն կուսակցության գործունեությանը, և պետությունը չէ, որ պետք է գնահատի տվյալ  կուսակցության կենսունակությունը, քաղաքական դաշտում նրա դերը և այլ հանգամանքներ։

Ա. Հովհաննիսյանը նկատեց, որ այսօրվա գործող օրենքի համաձայն՝ կուսակցությունը գրանցումից ոչ ուշ, քան վեց ամիս հետո պետք է տարածքային ստորաբաժանումներ ստեղծեր հանրապետության ողջ տարածում. «Դա նշանակում էր, որ պետական լիազոր մարմինը և Արդարադատության նախարարությունը պետք է ստուգեր՝ արդյոք կուսակցությունը վեց ամիս անց ունի՞ տարածքային ստորաբաժանումներ, թե՞ ոչ։ Առաջարկել ենք, որ կուսակցությունը տարածքային ստորաբաժանումներ ունենա կա՛մ Երևան քաղաքում, կա՛մ մարզերի մեկ երրորդում, կա՛մ Երևանն ու մարզերը միասին՝   մեկ երրորդ՝ ծածկելով հանրապետության ողջ տարածքը»։

Խոսելով օրենքի նախագծի հաջորդ փոփոխության մասին՝ Ա. Հովհաննիսյանը նշեց, որ այսօրվա գործող օրենքն ամրագրում է, որ, եթե կուսակցության կանոնադրությունը կամ փաստաթղթերը չեն համապատասխանում ՀՀ օրենքների պահանջներին, ապա կուսակցության գրանցումը մերժվում է։ Նա նշեց, որ տարբեր ժամանակներ դա որակվել է՝ որպես քաղաքական հետապնդում, պատվեր։

«Դրա համար այս նախագծում տարանջատում է մտցվել կուսակցությունների գրանցման մերժման և կուսակցությունների ներկայացրած փաստաթղթերը վերադարձնելու միջև։ Այդ տեսանկյունից՝  նշվել է, թե դրանց հիմքերը որոնք են։ Մերժման համար բացառիկ դեպքեր են նշվել, ու այդ հիմքերը բխում են նաև Սահմանադրությունից։ Այն բոլոր փոփոխությունները, որ մենք արձանագրել ենք, ուղղված են նրան, որ պետությունը՝ որպես գրանցող մարմին, պետք է գնահատական չհնչեցնի այդ կուսակցության քաղաքական դերակատարության առկայությանը կամ բացակայություններին»,- նշեց Ա. Հովհաննիսյանը։

Տեսանյութեր

Լրահոս