«Մենք գործ ունենք արդեն կատարված փաստի հետ՝ գեներալն ունի պալատ». «Առավոտ»
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Արդեն 25 տարի է՝ լսում եմ հետեւյալ երկխոսությունը: Ընդդիմություն. «Իշխանավորները թալանչիներ են»: Իշխանություն. «Անուններ տվեք, թող դատախազությունը զբաղվի»: Ընդդիմություն. «Դուք այդ անունները մեզնից լավ գիտեք»:
Բնականաբար, քաղաքացիների զգալի մասը շատ գոհ է ընդդիմության այդ «խրոխտ» պահվածքից, բայց խնդիրը, ցավոք, շարունակում է փակուղում մնալ: Որովհետեւ հանցագործությունն ապացուցելը շատ ավելի դժվար գործ է, քան օդի մեջ մեղադրանքներ հնչեցնելը: Իհարկե, երբեմն պատահում է, որ պաշտոնյան պարզապես կաշառք է վերցնում, ինչպես որ դա, ենթադրաբար, արել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւը:
Ռուս իրավապահները, որոնց բողոքել է «Ռոսնեֆտը» (որն իրականում հենց իշխանական շրջանակների բիզնեսն է), զբաղվել են այդ հարցով մոտ մեկ տարի եւ վերջապես, իրենց խոսքերով, բռնել են նախարարին հանցանքը կատարելիս: Բայց այդպես լինում է շատ հազվադեպ: Թե որ գեներալն ինչ է գողացել բանակից՝ մենք դա չենք արձանագրել, չենք տեսանկարահանել, որպեսզի այդ գեներալին այդ պահին տանենք դատարան:
Մենք գործ ունենք արդեն կատարված փաստի հետ՝ գեներալն ունի պալատ, որի արժեքը մի քանի հարյուր անգամ գերազանցում է իր ողջ ծառայության ընթացքում ստացած աշխատավարձը: Անկախ նրանից՝ այդ տունը գրանցված է իր զոքանչի, թե բաջանաղի անունով, ինքնին այն փաստը, որ գեներալն ապրում է նման տանը, արդեն իսկ կասկածների տեղիք է տալիս: Իրավապահ մարմինները պետք է գեներալով զբաղվեն, իսկ գերագույն հրամանատարը պիտի մտածի՝ կարո՞ղ է արդյոք նման գեներալը ծառայել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ»թերթի այսօրվա համարում: