Հռոմի պապը կարդացել է հայ հարուստների դատավճիռը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կաթոլիկ եկեղեցու անունից ներողություն է խնդրել բոլոր աղքատներից, որոնցից երես են թեքում քրիստոնյաները:

«Ես ներողություն եմ խնդրում այն քրիստոնյաների համար, որոնք, հանդիպելով աղքատ մարդու կամ շրջապատի աղքատության հետ, երես են թեքել նրանցից»,- ասել է Հռոմի պապը Վատիկանում կայացած արարողության ժամանակ, որին ներկա են գտնվել 22 երկրներից ժամանած մոտ 4000 աղքատներ։

Այս տեղեկությունը մեզ՝ Հայաստանում ապրողներիս համար անհավատալիության աստիճանի օտար է։ Որովհետև մենք ապրում ենք երկրում, որտեղ Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականությունը ոչ միայն՝ աղքատների ու տառապյալների կողքին չէ, այլև՝ աղքատացնողների ու տառապեցնողների կողքին է։ Ոչ թե ուղղակի կողքին է, այլ նրանց շարքերում։ Նրանց շարքերում ոչ թե ուղղակի կանգնած է, այլ նրանցից մեկն է։

Ոչ միայն թվաբանորեն ու գլխաքանակով, այլ նաև բարքով ու կենցաղով, շվայտությամբ ու ցինիզմով։ Մեր եկեղեցու սպասավորների աղոթքների բարձրությունն ուղղակի համեմատական է պատարագներին ներկա պաշտոնյաների հիերարխիայի աստիճաններին. որքան բարձր են որպես ձև եկեղեցի այցելողներից պաշտոնյաները, այնքան բարձր են հնչում որպես ձև արտասանվող աղոթքները։ Որովհետև մեր եկեղեցին, ինչպես հանրային կյանքի կազմակերպման մնացած ինստիտուտները, բովանդակությունից հեռացել է անդառնալիորեն՝ բովանդակության դատարկությունը լցնելով ձևով։ Մեր եկեղեցին դարձել է եկեղեցի կառուցող օլիգարխների սպասավորը։ Որովհետև ու այն պատճառով նաև, որ մեր եկեղեցին դարձել է առաջին հերթին՝ հոգով աղքատների, գրպանով հարուստների սպասավորը։

Ու այդպիսին դառնալով՝ կորցրել է հոգևոր հարստության ու ինչքի անցողիկության ու ընչամոլության մեղավորության մասին խոսողի, ոչ թե ծիսական խոսողի, այլ ճշմարտությունն արտահայտողի առաքելությունը։ Միևնույն ժամանակ՝ եկեղեցու հիմնական հաճախորդներին՝ քաղաքական ու տնտեսական վերնախավի անդամներին, ներշնչել է, որ եկեղեցի կառուցելով ու մատաղ բաժանելով՝ կարելի է քավել աղքատներից երես թեքելու մեղքը:

Կապիտալիստական կացութաձևը, այո, հարուստների ու աղքատների հասարակություն ունեցող կարգ է։ Բայց որպես հանրակարգ՝ կապիտալիզմը հարուստներ է ծնում առաջին հերթին՝ մրցակցության արդյունքում, որը, այո, երբեմն լինում է դաժան, երբեմն խժռում է անգթորեն, բայց՝ խաղի կանոնի հավասարության պարագայում։ Դա այդ հավասարության ապահովումն է, մեծ հաշվով, պետության դերը կապիտալիստական հասարակարգով երկրում։ Ու Հայաստանն այդ իմաստով շատ հեռու է կապիտալիզմից, որին հղում անելով՝ մեր օլիգարխներն ու նրանց սպասավորներն արդարացնում են իրենց հարստությունն ու մեծամասնության աղքատությունը։ Հայաստանում հարուստները հարստացել են ոչ թե մրցակցությամբ ու ձեռներեցության ձիրքով, այլ լրիվ ուրիշ ձիրքերի գործադրմամբ նրանց շրջանակում հայտնվելու արդյունքում, ովքեր դուրս են մրցակցությունից և ովքեր մյուսներից ավելի «հավասար են»։

Իսկ պետությունը կամ նրա հետ նույնացված իշխանությունը ոչ միայն չի ապահովել այդ հարուստ փոքրամասնության ու աղքատ մեծամասնության միջև հավասարակշռությունը՝ գոնե սովածների հասարակություն չունենալու չափով, այլ ամեն կերպ նպաստել է հարուստների՝ ավելի հարստացմանը, ու աղքատների՝ ավելի աղքատացմանը, որը սնանկացումն է՝ ֆինանսական տերմինաբանությամբ, և սովյալությունը՝ մարդկային լեզվով։ Իշխանությունն արել է դա, որովհետև նույնական է հարուստների հետ։ Հայաստանում լինել իշխանավոր՝ նշանակում է՝ լինել հարուստ, և լինել հարուստ՝ նշանակում է՝ ունենալ իշխանավոր դառնալու հնարավորություն։

Որովհետև Հայաստանում մտքի, գաղափարի, ծրագրի, ամենայնի իշխանությունից ավելի զորեղ է փողի իշխանությունը։ Ու դա ոչ թե կապիտալիստական հանրակարգի ցուցիչն է, ինչպես կարդարանան հարուստ իշխանավորները կամ իշխանավոր հարուստները, այլ փոքրամասնության կողմից զավթված իշխանության, բովանդակությամբ՝ տոտալիտար, ցուցքով՝ ժողովրդավարական իշխանության ախտորոշումը։ Դա իշխանության, վերնախավ կոչվող համակարգի այն ընդհանրական տարողությունն է, որին պատկանում է նաև Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականությունը, որը բովանդակությամբ դարձել է աղքատներից երես թեքողների արարողակարգային էլեմենտներից մեկը։ Թիկնազորի հոգևորական տեսակը, մի խոսքով։

Հայաստանի պրոբլեմը ոչ թե նյութապես աղքատների մեծամասնությունն է, ինչպես թվում է առաջին հայացքից, այլ հոգեպես աղքատների ու նյութապես հարուստների փոքրամասնությունը, որը բացառում է մեծամասնության՝ երբևէ աղքատությունից դուրս գալու հնարավորությունը։

Այդ փոքրամասնության ունկերին անհասանելի են Հռոպի պապի աղոթքները, որոնք նաև նրանց դատավճիռն են, որովհետև նրանց մեծամասնությունն ամեն ինչ գնելու կարողության դիմաց վաճառել է հոգին։ Նրանք չեն կարող ներողություն խնդրել աղքատներից, որովհետև նրանց բոլոր խնդրանքները վերջացել են այն անշոշափելի մատերիայի մեջ, որը կոչվում է իշխանություն։ Փողի իշխանության սպասավորները չեն կարող ներում հայցել փող չունեցողներից։

Աստված նրանց օգնական։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս