Գյումրիում բացվեց ապրիլյան պատերազմում զոհված զինծառայող Վիկտոր Յուզիխովիչի հիշատակը հավերժացնող խաչքար
Գյումրիում բացվեց ապրիլյան պատերազմում զոհված զինծառայող` 19 ամյա Վիկտոր Յուզիխովիչի հիշատակն հավերժացնող խաչքար: Խաչքարը տեղադրվել է այն դպրոցի բակում, որտեղ սովորել է Վիկտորը: Այդ նույն` թիվ 3 ավագ դպրոցում արդեն գործում է հերոսի անունը կրող դասասենյակ, այսուհետ նաև դպրոցի նորաստեղծ խաղահրապ արակն էլ կկրի Վիկտոր Յուզիխովիչի անունը:
Վիկտորը բռնցքամարտիկ էր, Հայաստանի պատանիների առաջնության կրկնակի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն: Ավարտել էր Գյումրու «Օլիմպիական հերթափոխի» մարզական քոլեջը, բռնցքամարտի «Սպարտակ» ակումբի անդամ էր: Կարող էր ծառայել մարզական գումարտակում, բայց սեփական ցանկությամբ հրաժարվեց։ Ուզում էր ժամկետային ծառայությունից հետո մնալ և ծառայել որպես հետախույզ. երազանքն էր: Վիկտորի պապը ուկրաինացի է, տատը՝ հայ: Հայրը ծնվել է Մոլդովայում, բայց 1978 թվականից հոր ընտանիքը, երբ նա 3 տարեկան էր, տեղափոխվեց Գյումրի: Ընտանիքի երկրորդ զավակն էր, ուներ իրենից մեծ քույր և կրտսեր եղբայր: «Որդիս հետախույզ էր ուզում դառնալ: Նա կարող էր հատուկ գումարտակում ծառայել, բայց թաքուն, առանց ինձ ու մորը տեղեկացնելու, գնացել ու հրաժարվել էր և մեկնել Թալիշ: Թալիշ 2-ում 9 ամիս հասցրեց ծառայել: Հենց առաջին հարձակումն իրենց վրա են ընդունել»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Վիկտորի հայրը՝ Ալեքսանդրը:
Վիկտորը չէր սիրում հանձնվել ռինգում, այդպես էլ եղավ իրական կյանքում. իր 2 ընկերների ու հրամանատարի հետ Թալիշում առաջինն իրենց վրա ընդունեցին հակառակորդի հարվածը ու չհանձնվեցին մինչև վերջ:
Խաչքարի բացմանը ներկա էին քաղաքային ու մարզային իշխանությունների ներկայացուցիչները, զինվորականներ, դպրոցականներ, ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հերոսների ծնողներ: Խաչքարի բացման պատիվը տրվեց Վիկտորի ծնողներին ու այդ պատերազմում զոհված գյումրեցի տղաների հարազատներին:
Դեպքից ամիսներ անց էլ Վիկտորի ծնողները դեռ դժվարությամբ են համակերպվում դաժան իրականության հետ: «Այս վիշտը միշտ էլ մեզ հետ է մնալու, վերքն ինչպես թարմ մնացել է, այդպես էլ կմնա, բայց ամեն դեպքում, եթե կրտսեր որդիս էլ որոշի գնալ բանակ ու ծառայի հայրենիքի համար՝ ես իր կամքին դեմ չեմ լինի»,-նշում է հայրը՝ Ալեքսանդր Յուզիխովիչը:
«Թող մեր երկրում հերոս տղաներ ծնվեն, բայց չմահանան, թող խաղաղություն միայն լինի»,-նշեց հերոսի մայրը՝ Աննա Յուզիխովիչը՝ փաստելով, որ ապրիլյան պատերազմից դասեր քաղել ենք, բայց ափսոս շատերի արյան գնով:
Արմենուհի Մխոյան