«Լյուստրացիան ներկա փուլում իրականացնելը ժամանակավրեպ է». փոխնախարար

ՀՀ կառավարությունը գտնում է, որ «Գաղտնազերծման (լյուստրացիայի) մասին» Հայաստանի Հանրա­պե­տու­թյան օրենքի նախագիծն ու դրան հարակից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ընդունելի չեն: Օրենքների նախա­գծե­րի փաթեթն օրենսդրական նախա­ձեռ­­նության կար­­գով ներկայացվել է Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից։ Կառավարության այսօրվա նիստի ընթացքում հավանության արժանացավ փաթեթի մասին կառավարության եզրակացությունը։

Որոշման նախագիծը գործադիրի քննարկմանը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը՝ նշելով, որ նախագծով սահմանվում են մինչև հանրաքվեն նախկին ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի և հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ բացահայտ կամ գաղտնի հիմունքներով աշխատած կամ համագործակցած և ներկայումս մի շարք ղեկավար և այլ պաշտոններ զբաղեցնող անձանց գաղտնազերծման իրավական հիմքերը, նպատակները և կարգը, ինչն իրականացվելու է նախագծով նախատեսված միչգերատեսչական հանձնաժողովի կողմից։

«Ըստ նախագծի՝ հանձնաժողովի կողմից բացահայտված անձանց առաջարկվելու է ինքնակամ՝ կամավոր, հրաժարվել զբաղեցրած պաշտոնից կամ դրան հավակնելուց, իսկ առաջարկը մերժելու դեպքում անձը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության։ Նշված նախագծերի փաթեթի վերաբերյալ կազմված կառավարության եզրակացությունը բացասական է, քանի որ նախագծի կարգավորումները նախևառաջ հակասում են ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ և 66-րդ հոդվածներով, ինչպես նաև միջազգային փաստաթղթով ամրագրված հիմնարար սկզբունքներին այնքանով, որքանով հնարավորություն չեն տալիս երաշխավորելու անձի արդար դատաքննության, դատական պաշտպանության իրավունքները»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը։

Ըստ նրա՝ նախագծով լյուստրացիայի նպատակը հակասում է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի, ինչպես նաև Վենետիկի հանձնաժողովի՝ լյուստրացիային վերաբերող դիրքորոշումներին և մոտեցումներին առ այն, որ վերջինիս նպատակը ոչ թե անձանց պատժելն է, այլ նոր ձևավորվող ժողովրդավարությունը պահպանելը։ Արդարադատության նախարարի առաջին տեղակալի խոսքով՝ հաշվի առնելով այս միջազգային կառույցների դիրքորոշումները՝ լյուստրացիան ներկա փուլում իրականացնելը ժամանակավրեպ է, քանի որ 1991թ. երկար ժամանակ է անցել, և նույն միջազգային կառույցները նշում են, որ 1999թ. հետո լյուստրացիա անելը խնդրահարույց է, հստակ հիմավորման կարիք ունի, և որոշ դեպքերում կարող է նույնիսկ դիտարկվել՝ որպես քաղաքական ընդդիմախոսներին ճնշելու միջոց։

Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ բացի սրանից՝ կառավարության եզրակացության տեքստում առկա են բացասական դիրքորոշումը հիմնավորող մի շարք այլ հանգամանքներ։

Տեսանյութեր

Լրահոս