«Սա նախադեպ է». Քաղավիացիայի գլխավոր վարչության պետը՝ Գյումրի-Մոսկվա չվերթի մասին
«Սա նախադեպ է։ Նախադեպ է, որ բյուջետային ավիաընկերությունը մուտք է գործում հայկական շուկա այն ֆորմատով, որով պետք է լինի։
Մասնավորապես, կհիշեք, մենք բազմիցս խոսել ենք, որ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայան կազմակերպության տնօրինության հետ նախատեսել ենք զարգացնել՝ որպես բյուջետային ավիաընկերությունների համար աշխատող օդանավակայան։ Սա հենց այդ դասական օրինակն է, որ տեղի է ունենում այս պահին»,- այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը։
Անդրադառնալով հայտարարությանը, որ Գյումրու «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան ավիատոմսերի սակագները լինելու են սկսած 10 հազար դրամից, Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետն ասաց, որ ինքնաթիռները սեգմենտավորված տեղեր են վաճառում՝ X քանակի տեղերը X գնով՝ նշելով, որ «Պոբեդա» ավիաընկերության կայքում կարելի է տեղեկություն գտնել այն մասին, որ ավիաընկերության կողմից սպասարկվող ուղղությունների ավիատոմսերի գները սկսվում են 999 ռուբլուց, որը կազմում է մոտավորապես 7500 դրամ։ Նա վստահություն հայտնեց, որ Գյումրու «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան ավիատոմսերը կլինեն նաև սկսած 10 հազար դրամից։
Նա նշեց, որ, եթե չի սխալվում՝ օգտագործվելու է Boing 737 800 տիպի ինքնաթիռ, որը նախատեսում է շուրջ 180 տեղ։ «Չեմ կարող ասել՝ քանի՞ տեղ կլինի և ինչպե՞ս, քանի որ տվյալ ավիաընկերության կոմերցիոն տնօրենը կամ ֆինանսական բաժնի աշխատողը չեմ, ասում եմ, թե առհասարակ ինչպես է աշխատում բյուջետային ավիաընկերությունների տրամաբանությունը։ Նրանք վաճառում են տոմսեր: Պարզ է՝ վերևի շեմը չի լինելու բարձր, որովհետև Գյումրու «Շիրակ» օդանավակայանի մրցակցային առավելությունը պետք է լինի նրանում, որ այն պետք է ավելի մատչելի, ինչ-որ այլ տրամաբանության մեջ տոմսեր առաջարկի»,- ասաց Սերգեյ Ավետիսյանը՝ նշելով, որ «Զվարթնոց» օդանավակայանի համեմատությամբ` այստեղ սպասարկման գներն ավելի էժան են, քանի որ նաև իր որակական հատկանիշներով տարբերվում է այդ օդանավակայանից։
Հարցին՝ արդյոք ավիատոմսերի գների նվազում կլինի՞՝ հաշվի առնելով, որ շատ ուղղություններ Հայաստանից ավելի թանկ են, քան Վրաստանից, Սերգեյ Ավետիսյանը պատասխանեց.
«Տոմսերի գները մենք չենք վերանայում։ Տոմսերի գները վերանայվում, ֆիքսվում և հաստատվում են շուկայի կողմից, քանի որ մենք ազատ շուկայական տնտեսություն ունենք և բաց մրցակցային դաշտ։ Ես նշել եմ, մեկ անգամ էլ նշեմ՝ երբ ամեն նոր խաղացող մուտք է գործում հայկական շուկա, այս կամ այն կերպ իր ազդեցությունը թողնում է տոմսերի գների վրա։ Ես կարծում եմ՝ ինչ-որ փոփոխություն կլինի, բայց նորից եմ կրկնում՝ սա այլ տեսակի պրոդուկտ է, այլ տեսակի սեգմենտ է»։
Հարցին՝ արդյոք բաց երկնքի այն իրավիճակը, որ այսօր առկա է Հայաստանում, նման քաղաքականության հռչակած երկրի համար բավարարո՞ւմ է, Սերգեյ Ավետիսյանը պատասխանեց. «Թող հանկարծ չթվա ոչ մեկին, որ ես ասում եմ՝ Հայաստանի տոմսերի գներն էժան են, Հայաստանի շուկան դիվերսիֆիկացված է, մենք խնդիր չունենք։ Մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, բավական ակտիվ աշխատում ենք, աշխատելու ենք»։