Լյովա Խաչատրյանը` Գագիկ Ծառուկյանի՝ ԲՀԿ-ից դուրս գալու մասին. «Համագումարում ես նման հայտարարության ականջալուր չեմ եղել»

«Համագումարում ես նման հայտարարության ականջալուր չեմ եղել: Գագիկ Ծառուկյանն այս կուսակցության հիմնադիր նախագահն է և այդպես էլ մնալու է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը` մեկնաբանելով երեկ Գագիկ Ծառուկյանի տան մոտ իրականացված ակցիան: Հիշեցնենք, որ երեկ մի խումբ ԲՀԿ-ականներ երթով գնացել են Գագիկ Ծառուկյանի տան մոտ` խնդրելով նրան վերադառնալ ակտիվ քաղաքականություն: Մեկնաբանելով կուսակիցների այս քայլը` ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել էր, որ դա ոչ թե կուսակցության, այլ տեղական կառույցների նախաձեռնությունն է եղել:

168.am-ի ճշտմանը, որ, եթե Ծառուկյանը համագումարում չի հայտարարել կուսակցությունից դուրս գալու մասին, որևէ այլ տարբերակով ընդունելի չէ՞ այդ փաստը, Լ. Խաչատրյանը հորդորեց հարցնել հենց Ծառուկյանին և կրկնեց.  «Ինքն ասել է, որ չի զբաղվելու քաղաքականությամբ և կուսակցության նախագահի պաշտոնից է դուրս գալիս, իսկ կուսակցությունից դուրս գալու մասին նա չի ասել, նման բան չի եղել»:

Մեր հարցին, թե Գ. Ծառուկյանի հետ Լ. Խաչատրյանը հանդիպո՞ւմ է, տեղյա՞կ է քաղաքականություն վերադառնալու նրա մտադրությունների մասին, պատգամավորը պատասխանեց. «Միշտ ենք հանդիպում, քաղաքական հարցեր չենք քննարկում, իսկ հանդիպում հաճախակի լինում է, և մենք սիրով հանդիպում ենք»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս