Թրամփն ու Քլինթոնը փորձում են նվաճել Ֆլորիդան. նահանգում մեկնարկել է արտահերթ քվեարկությունը
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում ընտրատեղամասեր են բացվել ԱՄՆ նախագահական ընտրությունների արտահերթ քվեարկության համար։ Նահանգը կարևոր նշանակություն ունի նախագահական քարոզարշավում հաղթանակի համար։ Դեմոկրատ Հիլարի Քլինթոնի և հանրապետական Դոնալդ Թրամփի միջև այս նահանգում ձայների տարբերությունը նվազագույն է, հայտնում է BBC-ն։
CBS/YouGov-ի վերջին հարցումը Քլինթոնին առավելություն է տալիս 3 տոկոսային կետով։ Դեմոկրատ թեկնածուն Ֆլորիդայում ունի 46% ձայն, հանրապետական թեկնածուն՝ 43%։
Ընդհանուր առմամբ՝ երկրում և մի քանի կարևոր նահանգներում հարցումները ցույց են տալիս, որ Քլինթոնի և Թրամփի տարբերությունը բավական զգալի է։ CNN/ORC հարցման համաձայն՝ Թրամփը հետ է մնում 6 տոկոսային կետով՝ ձայների 45%-ն ընդդեմ Քլինթոնի 51%-ի։
Արտահերթ քվեարկությունը ԱՄՆ նախագահական ընտրություններում շատ մեծ դեր է խաղում։ 6 մլն ամերիկացի արդեն քվեարկել է, և սպասվում է, որ ընտրողների 40%-ը՝ մոտ 46 միլիոն մարդ, իր ձայները արտահերթ կշնորհի։
Արդեն մի քանի շաբաթ է, ինչ Ֆլորիդայում հնարավոր է քվեարկել արտահերթ՝ փոստով, և նահանգի ավելի քան 1 միլիոն բնակիչ օգտվել է այդ հնարավորությունից։