«Նայելով կառավարության նշանակումները՝ հարս, փեսա, քավոր, սանիկ, և այլն, երևի թե նոր կրեատիվ մոտեցում է դրսևորվում»
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստին քննարկվում էր 2016 թվականի մայիսի 19-ին Բրյուսելում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև «Հորիզոն-2020. հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիր (2014-2020)» միության ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագիրն ընդունելու մասին հարցը։
Հիմնական զեկուցող, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ասաց, որ ՀՀ-ի մասնակցությամբ ստորագրված առավել արդյունավետ համաձայնագրերից է, որը փորձում է կարգավորել մեր հարաբերությունները գիտության ոլորտում՝ իբրև արդեն շրջանակային համաձայնագրին մասնակցող երկիր. «Սա ԵՄ-ի ամենամեծ ծրագրերից է՝ հսկայական բյուջեով։ Այն հատկապես կարևոր է մասնավոր ներդրումների խրախուսման տեսակետից՝ գիտական հետազոտություններին աջակցելու ձևաչափով, և նպատակաուղղված է աջակցելու կոնկրետ նորարարություն պարունակող ծրագրերին։ Այս իմաստով շատ կարևոր է ՀՀ-ի համար ունենալ նման մուտք ԵՄ»։
Նախարարը նշեց, որ ՀՀ-ն նաև ստանձնում է որոշակի պարտավորություններ և այդ պարտավորութուններն արտահայտված են համաձայնագրին կից հավելվածներով. «Կան նաև ֆինանսական պարտավորություններ, ֆինանսական պարտավորությունների հատվածը մեր եվրոպական գործընկերների հետ միասին բավականին թեթևացված է, և 2016 թվականի համար 1 միլիոն 493 հազար 830 եվրոյի փոխարեն՝ 746 հազար 915 եվրո է։ Ծրագիրը բացարձակ վերադարձվող է, բայց աշխատանք է պահանջվում է ՀՀ-ից։ Այն նաև հնարավորություն է ստեղծում ՀՀ-ի համար՝ հանդես գալ որպես կամուրջ՝ ծրագրին չանդամակցող մյուս երկրների գիտական պոտենցիալը Հայաստանում հավաքելու և ծրագրին մասնակից դառնալու համար»։
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նախարարին դիմեց բուհերը հիմնադրամ դարձնելու մասին հարցով. «Չե՞ք կարծում, որ ավելի ազնիվ է՝ կառավարությունը կոնկրետ անձանց մասին կոնկրետ որոշում կայացնի, որ այս իքս ռեկտորին ցմահ շնորհում ենք ռեկտորի պաշտոն, էլ ինչո՞ւ վերածել հիմնադրամի և անել սա, երբ բոլորի համար էլ պարզ է նպատակը՝ ցմահ պաշտոնավարում։ Ես հասկանում եմ, որ նայելով վերջին շրջանի կառավարության նշանակումները՝ հարս, փեսա, քավոր, սանիկ, և այլն, երևի թե նոր կրեատիվ մոտեցում է դրսևորվում, նախկին տարբերակները՝ գողական, կրիմինալ, չեն աշխատել, հիմա փորձ է արվում՝ ազգակցասանիկաքավորական հարաբերություններով ինչ-որ բան փոխել մեր երկրում, բայց չե՞ք կարծում, որ իսկապես ժամանակն է կանգ առնելու»։
Լ. Մկրտչյանն էլ ի պատասխան՝ ասաց, որ մեր երկրում ցմահ միայն կաթողիկոսն է նշանակվում. «Եթե հիմնադրամի չի վերածվում, ՊՈԱԿ պետք է լինի, ինչը սահմանափակում է բուհի ինքնավարությունը»։