Հետաքրքիր է՝ ո՞վ է Կենտրոնի թիվ15 մանկապարտեզի անօրեն տնօրենի հովանավորը
Սույն մանկապարտեզի տնօրեն տիկին Ավագյանը մի օրում 2 նկատողություն է տվել մանկապարտեզի մեթոդիստ Ռուզաննա Ղևոնդյանին ու նույն օրն էլ խզել նրա հետ աշխատանքային պայմանագիրը: Ըստ Ռուզաննայի՝ այս ամենն ուղեկցվել է իր հասցեին գռեհիկ արտահայտություններով: ՀՈԱԿ-ի տնօրենին նշանակում է վարչական շրջանի ղեկավարը, այսինքն՝ պարոն Սադոյանն է նշանակել, ով տեղյակ է այս պատմությանը:
Համոզված եմ, որ եթե տիկին Ավագյանը վերևներում չունենար հովանավոր, նախ՝ չէր նշանակվի, երկրորդ՝ կաշխատեր պարկեշտորեն, իր պարտականությունները կկատարեր բարեխղճորեն ու այն մեթոդիստին, ում մասին շատ դրական են արտահայտվում ծնողներն ու Կենտրոնի կրթության վարչության անձնակազմի ղեկավարը, չէր համարձակվի ասել. «Կաբինետից դուրս արի և օդը մաքրի»:
Նման պահվածքը մի փաստի մասին է խոսում, որ այս տիկինը վերևներում ունի բարձր հովանավոր, ում ինքը հաճույքով խայտառակում է ու շարունակում է աշխատել: Ես արդեն դիմել եմ Երևանի քաղաքապետին՝ խնդրելով, որ տեղեկացնեն քաղաքացի Ռուզաննա Ղևոնդյանի աշխատանքի ոտնահարված իրավունքը վերականգնելուն ուղղված՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար պարոն Սադոյանի և քաղաքապետի քայլերի մասին:
Տեսնես ո՞վ է այդ հովանավորը:
Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցություն