Սերժ Սարգսյանը որոշել է հեռանալ
Հայաստանի կառավարության փոփոխությունը, որի ենթափոփոխությունները շարունակվում են մինչև օրս, երկրորդական կամ այդպիսի տպավորություն թողնող պլան են մղել ընդամենը 5 ամիս հետո կայանալիք խորհրդարանական ընտրությունները։ Նախընտրական իմաստով։ Այն իմաստով, որ իրավիճակը, եթե չլիներ կառավարության փոփոխությունը, հիմա պետք է լիներ բոլորովին այլ։
Ընդ որում, իրավիճակը երկակի է առավել քան երբևէ եղել է ընտրություններից մի քանի ամիս առաջ։ Սովորաբար ընտրությանը նախորդող ամիսներին կառավարությունը համարվում է «գնացող», բայց հիմա մենք ունենք տակավին «եկող» կառավարություն, որի եկման կամ գալուստի երկարակեցությունը պայմանավորված է ընտրությունների արդյունքներով։ Ավելի ճիշտ, կառավարության գործունեության այն արդյունքով, որն ընտրություններում կարձանագրի Հանրապետական կուսակցության համար ցանկալի տոկոս։
Այսինքն, եթե ճիշտ են հասկացվում Սերժ Սարգսյանի քայլերից ստացվող ուղերձները, նա այս անգամ որոշել է տոկոսները ոչ թե «խփել», ինչպես մի անգամ առիթ էր ունեցել ասելու՝ ասածը մատի փաթաթան դարձնողներին հարուստ նյութ տալով, այլ արձանագրել։ Այսինքն՝ ստանալ տոկոսներ, այսինքն՝ ստանալ ձայներ, քվեներ, իմա՝ վստահություն։ Որը պետք է ապահովի առաջին հերթին ու առավելապես՝ Կարեն Կարապետյանի՝ ոչ ՀՀԿ-ական կառավարությունը։ Այսինքն՝ նախընտրական իրավիճակը, մի կողմից՝ երկակի է նրանով, որ, ի տարբերություն նախկին նմանակարգ իրավիճակների, կառավարությունն ընտրություններից հետո, ավելի հավանական է, որ մնալու է, քան գնալու։
Բացի այդ, կառավարության լավ աշխատանքով է պայմանավորված լինելու ՀՀԿ-ի՝ իշխանությանը մնալու հնարավորությունը։ Ու այս իրավիճակում, բնական է, որ քաղաքական ուժերը դեռևս չեն կողմնորոշվում կամ ամբողջությամբ չեն կողմնորոշվում՝ ի՞նչ անել, ո՞ւմ հետ անել, ումո՞վ անել և ինչո՞ւ անել։ Քանի որ բոլոր այդ և էլի բազմաթիվ հարցերի պատասխանները, թերևս, առաջին անգամ կախման մեջ են դրվել ոչ թե առանձին անձից կամ անձերից, անգամ՝ բարձրաստիճան, այլ կառավարության գործունեությունից։ Այսինքն՝ հարցերի պատասխանները լինելու են գոնե այդքանով ոչ թե սուբյեկտիվ, ինչպես եղել են միշտ, այլ օբյեկտիվ, ինչպես չեն եղել երբևէ։
Ու օբյեկտիվ լինելով՝ ունենալու են սուբյեկտայնություն այնքանով, որ պատասխանները տրվելու են քվեի տեսքով, ՀՀ քաղաքացիների ընտրության տեսքով։ Իսկ դա նշանակում է, որ առաջին անգամ 1991 թվականից հետո Հայաստանում ընտրությունները կարող են անցկացվել իրականում ազատ և արդար։ Որքան էլ դա անհավատալի է։ Սերժ Սարգսյանը կարծես առաջիկա ընտրությունների համար որոշել է կատարել իր քաղաքական կարիերայի ամենառիսկային քայլը՝ ընտրություններն անցկացնել մաքուր՝ ի սկզբանե վճռած լինելով՝ պարտվելու դեպքում հեռանալ։
Ռիսկը ոչ թե մեծ է, այլ անկշռելիորեն մեծ է։ Բայց հնարավոր է՝ Սերժ Սարգսյանի շուրջ երեսնամյա քաղաքական փորձառությունը հուշել է, որ դա արդարացված ռիսկ է, այնպիսի ռիսկ է, որը ոչ թե՝ կորցնելու, այլ՝ շահելու արդյունք ապահովելու դեպքում՝ լինելու է գերարդարացված։ Կորուստը լինելու է իր՝ իշխանությունից հեռացումը, որը սահմանադրորեն տեղի է ունենալու մեկուկես տարի հետո, շահումը՝ Հայաստանում վերջին քսան տարիների ամենաարդար ընտրությունը, վերջապես մի անգամ՝ լեգիտիմ իշխանության ձևավորումը։ Հնարավոր է՝ Սերժ Սարգսյանը որոշել է այդպես եզրափակել իր քաղաքական կարիերան, որը կարող է լինել ոչ թե հեռանալու, այլ նոր սկզբի ակտ։ Ո՞ր տարբերակը կիրականանա։ Այդ հարցի պատասխանը կարծես թե առաջին անգամ տալու է ՀՀ քաղաքացին։ Երանի գոնե մի անգամ դա լինի այդպես։