Բաժիններ՝

«Ետ գալու ճանապարհին Տիգրանենց տանկը պայթեց». այսօր ապրիլին զոհված Տիգրան Աբգարյանի ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Տիգրան Աբգարյանի ծննդյան օրն է:

«Տիգրանենց եռյակն անմահ է»,- ասում է ապրիլյան պատերազմի մեկ այլ հերոսը՝ տանկի հրամանատար սերժանտ Արագած Աբրահամյանը, ով այդ օրերին Տիգրան Աբգարյանի, Վլադիմիր Ալիխանյանի եւ Բենիամին Եղոյանի հետ կողք կողքի կռվել է թշնամու դեմ:

Տիգրանը Արմավիրի տանկային զորամասից Ջեբրայիլ էր տեղափոխվել 2015 թվականի ամռանը: Արագածը լավ է հիշում ընկերոջը, ում հետ ծառայել էին շուրջ 1 տարի:

«Երեքի հետ էլ շատ մտերիմ եմ եղել, նրանց շատ լավ եմ ճանաչել: Սկզբնական շրջանում, երբ Տիգրանը նոր էր տեղափոխվել մեր զորամաս, մի փոքր դժվարությամբ էր հարմարվում: Դե, այստեղ ծառայությունը լրիվ ուրիշ էր, նոր շրջապատ, նոր մարդիկ: Բայց զինվորներով միմյանց աջակցում էինք, այնպես անում, որ հարմար լինի բոլորի համար: Երկու ամիս էլ չէր անցել, Տիգրանը ոչ մի խնդիր չէր տեսնում, արագ հարմարվեց»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Արագածը:

Սերժանտի խոսքով` Տիգրանը շատ օրինակելի զինվոր էր, աշխույժ ու ընկերասեր:

«Երկուսս էլ սպորտով էինք զբաղվում, իրար հետ էինք պարապում: Շատ շփվող էր, միշտ մեզ ուրախացնում էր իսկական «լեննականցու» պես»:

Թշնամու 3 տանկ խոցած Տիգրանի եւ նրա անձնակազմի բացառիկ հերոսության մասին սերժանտը խոսում է մեծ հպարտությամբ, ասում է. «Ապրիլյան մարտերի ժամանակ միասին ենք եղել, միասին կռվել հակառակորդի դեմ: Մինչեւ վերջին պահն էլ իրար հետ ենք եղել»:

Արագած Աբրահամյանը պատմում է, որ ապրիլյան մարտական գործողությունների սկզբնական շրջանում մի փոքր շփոթված էին, սակայն մեկը մյուսին ոգեւորելով՝ շարժվել են առաջ:

«Ապրիլի 2-ին մենք վերակարգ էինք ընդունում: Տիգրանն ինձ հետ եղել է օրապահ, ինքը դրսում էր, ես` ներսում: Տեղեկացրեց, որ վաշտը մարմնամարզություն չի անում, խառը վիճակ է: Մի քանի անգամ ասաց՝ կգաս, տեսնես` ինչ է եղել: Ես էլ չէի պատկերացնում, որ ինչ-որ լուրջ բան է, հենց դուրս եկա, սկսեցին «Գրադ» կայանքից ռմբակոծել մեր զորամասը: Միասին բարձրացանք խրամատ, Տիգրանը գնաց զենքերը բերելու: Մտածեցի՝ կարող է այդտեղով էլ անցնեն, սպասենք, հենց գան, կրակ բացենք»:

Արագածի խոսքով՝ Տիգրանը հրաշալի տիրապետում էր տանկին, ո՛չ վախենում էր տեխնիկայից, ո՛չ էլ հակառակորդից, ասում էր՝ մենակ թե չհրամայեն, որ տանկը դանդաղ վարեմ, մնացածը ես կանեմ:

«Այդ օրն արդեն մոտ ժամը 5-6-ին հասանք մարտական գործողությունների վայր: Տիգրանն իր անձնակազմի հետ շարժվեց առաջ, մենք էլ՝ իրենց կողքի տանկում: Նրանք հարձակվեցին ու ջախջախեցին հակառակորդին, ազերիները նրանց տանկի վրա անընդհատ նռնակներ էին շպրտում: Հետո հասանք հակառակորդի վերցրած դիրքը, որտեղ թշնամին իր դրոշն էր ամրացրել, այդ դրոշն էլ գցեցինք ու առաջ շարժվեցինք: Դրանից հետո էլ ետ քաշվելու հրաման ստացանք: Ետ քաշվելու, որովհետեւ եթե այդտեղ մնայինք, մեզ կխփեին: Տիգրանենք շատ մեծ սխրագործություն են արել, մենք այդքան առաջ չէինք գն ացել, որքան իրենք»:

Տիգրանն անձնակազմի հետ հերոսաբար զոհվել է արդեն ապրիլի 3-ին ծավալված գործողությունների ժամանակ: Արագածը մինչեւ վերջ էլ հետեւել է Տիգրանի անձնակազմին, լսել նրանց վերջին խոսակցությունը:

«Եղոյանն ասաց՝ կրակային դիրք, առաջ, Տիկոն բարձրացավ վերեւ, կանգնելու ժամանակ Վլադիմիրին ասաց՝ աջ կողմում են, կրակի՛ր, Վլադիմիրը կրակեց, որից հետո ետ եկան: Այդ ժամանակ մենք բավականին հեռու էինք, սպասում էինք, որ իրենք ետ գային, մենք բարձրանայինք: Այդ ընթացքում հակառակորդը կրակեց Spike տիպի հակատանկային հրթիռով: Հենց ետ գալու ճանապարհին Տիգրանենց տանկը պայթեց: Չնայած ընկերներս հիմա չկան, մեզ համար իրենք անմահ են, անմահացել են իրենց գործով, որովհետեւ, իրոք, շատ մեծ բան են արել, ամբողջ գիծը իրար հետ ենք պահել: Հենց նման դեպքերում ենք ավելի գնահատում ծառայությունը, երբ գիտակցում ենք, որ պաշտպանում ենք երկիրը մեր ընկերների հետ»:

Արագածն ու Տիգրանի մյուս ծառայակից ընկերները հաճախ են այցելում հերոսի հարազատներին, մշտապես կապ պահպանում նրանց հետ:

«Դա մեր պարտքն է, միշտ հիշում ենք մեր ընկերներին: Այդ կողմերով անցնելիս, անպայման մտնում եմ Գյումրի, այցելում Տիգրանի գերեզմանին»:

… Տիգրան Աբգարյանն այսօր կդառնար ընդամենը 20 տարեկան:

Սյուզի Մուրադյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս