Վիգեն Սարգսյանը՝ իր նշանակման և Սեյրան Օհանյանի չվերանշանակման մասին
«Երևանէքսպո» ցուցահանդեսային համալիրում այսօր բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը, որի նպատակն է՝ ներկայացնել Հայաստանի և այլ պետությունների նորագույն ռազմական տեխնիկաները, ռազմաարդյունաբերության նորարարական մշակումները:
Ցուցահանդեսի պաշտոնական բացմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Լրագրողները ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին հարցեր ուղղեցին՝ կապված նաև նախարարի պաշտոնում իր նշանակմանը, ինչպես նաև իր հասցեին հնչող այն քննադատություններին, թե անգամ բանակում չի ծառայել, չունի զինվորական կրթություն:
«Կարծում եմ՝ նրանք, ովքեր ծանոթ են ՀՀ Սահմանադրությանը, գիտեն, որ Պաշտպանության նախարարության հիմնական գործառույթը քաղաքացիական վերահսկողությունն է ԶՈՒ նկատմամբ, և կապն է ԶՈՒ-ի՝ պետության մնացած բոլոր կառույցների հետ, որոնք պետք է մոբիլիզացվեն ռազմական գործողությունների պարագայում: Կարծում եմ՝ Պաշտպանության նախարարության գործառույթը հենց դրա մեջ է, սկզբունքորեն պաշտպանության նախարարը պետք է լինի քաղաքական պաշտոնյա, այլ ոչ թե զինվորական»,- ասաց նա:
Հարցին, թե ի՞նչ փոփոխություններ պետք է ակնկալել պաշտպանական գերատեսչությունում, քանի որ ապրիլյան պատերազմից հետո շատ է քննադատվել 80-ականների զենքերով կռվելը, Վիգեն Սարգսյանը պատասխանեց.
«Առաջիկա օրերին, երբ Կառավարությունն իր ծրագիրը ներկայացնի ԱԺ-ում, հստակ ամրագրված կլինեն պաշտպանության ոլորտում այս կառավարության հիմնական նպատակն ու ուղղությունները: Ես դրանց մասին առիթ ունեցել եմ խոսելու, խոսքը վերաբերում է ազգ-բանակ գաղափարախոսությանը, կոնցեպցիային, բայց դա չի նշանակում հասարակության զինվորականացում, այլ նշանակում է, որ պետության բոլոր կառույցները մշտապես պետք է ժամանակի մի մասը հատկացնեն երկրի պաշտպանության խնդիրներում իրենց ներդրումն ունենալուն»:
Վիգեն Սարգսյանը ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի չվերանշանակվելը չի կապում ապրիլյան քառօրյա ռազմական գործողությունների հետ.
«Կարծում եմ՝ հանրապետության նախագահը, գերագույն գլխավոր հրամանատարը Պաշտպանության նախարարությունում շատ հստակ ներկայացրեց փոփոխության հիմնավորումը և այն գաղափարախոսությունը, որ դրված է պաշտպանության քաղաքացիական նախարար նշանակելու հիմքում»:
Լրագրողների հարցին՝ հնարավո՞ր է, որ պաշտոնաթող լինեն հանրության կողմից քննադատելի բարձրաստիճան զինվորականները, գեներալները, Վիգեն Սարգսյանը պատասխանեց.
«Բանակում չարաշահումների վերացումն ազգ-բանակի կառուցման կարևոր բաղադրիչներից մեկն է, որովհետև դրա հետ է կապված վստահությունը դեպի Զինված ուժեր»:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարությամբ է հանդես եկել՝ ասելով, որ ավելի զորեղ հարված են հասցնելու, Վիգեն Սարգսյանը պատասխանեց.
«Իսկ ի՞նչ կարելի է ակնկալել մի պետությունից, որը միշտ հայտարարում է այն մասին, որ փորձելու է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով: Իհարկե, իրենք շատ անհանգստացած են և Իսկանդերներով, և այն ամենով, ինչը տեսանք սեպտեմբերի 21-ի զորահանդեսի ժամանակ»:
Տեսանյութը՝ armtimes.com-ի: