«Սա առաջին անգամն է, որ ես ներկայացնելու եմ ամբողջովին հայերեն համերգ». Դանիել Դեքերյան
Պուերտոռիկացի-ամերիկացի կոմպոզիտոր, երգիչ, երաժիշտ Դանիել Դեքերյանը կրկին Հայաստանում է, այս անգամ՝
Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի հետ համատեղ համերգային ծրագրով: Այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին տեղեկացրին երգահան Արա Գևորգյանն ու թուրքահայ երգչուհի Սիբիլը:
Առաջիկա համերգը հարգանքի տուրք և նվեր է հայ ազգի լավ բարեկամ, կոչումով հայ Դանիել Դեքերյանի կողմից՝ հայ ժողովրդին: «Սա իմ 16-րդ այցն է Հայաստան, և համոզված եմ ու հույս ունեմ, որ կլինի հազարավորներից մեկը միայն: Տարիների ընթացքում ես շատ եմ կապվել հայ ժողովրդի հետ, և ավելին՝ արդեն անցյալ տարի ես դարձել եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Ինչպես ես սովորություն ունեմ ասելու՝ ես հայ եմ ոչ թե՝ ծագմամբ, այլ՝ ընտրությամբ: Սա առաջին անգամն է, որ ես ներկայացնելու եմ ամբողջովին հայերեն համերգ: Ես շատ հուզված եմ այս առիթով, որովհետև համերգի ընթացքում հնչելու են ինձ համար ամենաթանկ ու հրաշալի հայերեն երգերը: Նաև հպարտ եմ, որովհետև համերգի ընթացքում ինձ ընկերակցելու են հրաշալի հայ երգիչ-երգչուհիներ: Իմ ուղերձն այս համերգի շրջանակներում հետևյալն է՝ թեև հայերը սփռված են ամբողջ աշխարհում, այնուհանդերձ մենք մշտապես կարող ենք միասին լինել՝ համատեղելով մեր ձայները»,- իր խոսքում նշեց երաժիշտ Դանիել Դեքերյանը:
Երգահան Արա Գևորգյանը, ով համերգի կազմակերպման գործում մեծ ավանդ է ունեցել, լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց. «Ես կուզենայի ընդգծել Դանիել Դեքերյան անձի կարևորությունը մեր ազգի համար: Մարդ, ով ազգությամբ հայ չէ և ոչ մի կապ չունի մեր ազգային պատկանելության հետ, բայց այնքան նվիրված է մեր երկրին ու մեր ժողովրդին: Իր վարած հայանպաստ գործունեությամբ ու որդեգրած կեցվածքով, փաստացի նա մշտապես գտնվում է մեր անմիջական թշնամիների՝ թուրքերի ու ազերիների հարվածների տակ, և ես պարզապես կցանկանայի, որ նրա անձի նկատմամբ ուշադրությունը պետության կողմից նկատելի լիներ»:
Թուրքահայ երգչուհի Սիբիլը հավելեց, որ սա իր սիրելի Դանիել Դեքերյանի հետ առաջին համագործակցությունն է, և հույս հայտնեց, որ վերջինը չի լինի: Երգչուհին շնորհակալություն հայտնեց համերգին մասնակցելու հրավերի համար, որը սիրով է ընդունել:
Տեղեկացնենք, որ Դանիել Դեքերյանի մասնակցությամբ համերգը տեղի կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Միջոցառման գեղարվեստական ղեկավարն է ՀՀ վաստակավոր արտիստ Նորայր Դավթյանը: Համերգին ելույթ կունենան նաև հատուկ հյուրեր՝ թուրքահայ երգչուհի Սիբիլը, ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Եսայանը, «The Beautified Project» ռոք-խմբի հիմնադիր Անդրե Սիմոնյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Համլետ Գևորգյանը, երգչուհի Եվա Եգանյանը:
Դեքերյանի երևանյան համերգը կազմակերպել է «Mezzo Production»-ը: