Լարիսա Ալավերդյանը ողջունում է կառավարության կազմում կատարված փոփոխությունները

ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը դրական է գնահատում կառավարության կազմում փոփոխությունները:

«Ողջունում եմ վերջին փոփոխությունները թեկուզ նրա համար, որ հասարակության մեջ տապալված լինելու տրամադրությունները կփոխվեն սպասումների: Չցանկանալով անձի հետ կապված գնահատականներ տալ` կասեմ միայն, որ շատ ճիշտ է, որ Հայաստանն էլ մտնի այն երկրների ցուցակի մեջ, որտեղ պաշտպանության նախարարը եւ բանակի գլխավոր հրամանատարը տարանջատվում են: Կարծում եմ` պատահական չէ, որ շատ երկրներում ՊՆ պաշտոնում նշանակվում է կին, որպեսզի ավելի ընդգծվի այդ տարբերությունը»,­- «Արմենպրես»­-ի հետ զրույցում նշեց նա:

Անդրադառնալով ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի վերանշանակմանը` Լարիսա Ալավերդյանը նշեց, որ ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ նախարարությունը եւս ունեցել է որոշակի թերացումներ:

«Նորից եմ ասում, որ անձի հետ կապված որեւէ գնահատական չեմ տալիս: Հստակեցնելով մի խումբ փորձագետների եւ քաղաքագետների կարծիքները` կասեմ, որ որ այն քաղաքականությունը, որը տարվում է արտաքին ոլորտում, ունի մի քանի դրական կողմեր` օրինակ` այն, որ կարողացել են ավելի քան 22 տարիների ընթացքում համեմատական խաղաղության հասնել: Սակայն ապրիլյան դեպքերը ոչ միայն ապացուցել են բանակի, հրամանատարների կամ Պաշտպանության նախարարի, այլեւ հենց դիվանագիտական աշխատանքի թերացումները: Կարծում եմ` այդպիսի դեպքերում, որպես կանոն, փոխվում է նախարարը»,­- նշեց Լարիսա Ալավերդյանը:

Հոկտեմբերի 3­-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Վիգեն Սարգսյանը նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարարի, Արմեն Գևորգյանը` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի, Յուրի Խաչատուրովը` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, Մովսես Հակոբյանը` ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոններում, իսկ Էդվարդ Նալբանդյանը վերանշանակվեց ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում:

Տեսանյութեր

Լրահոս