Պուտինի պլանը՝ Հայաստանի կապիտուլյացիայից առաջ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում, ամենայն հավանականությամբ, կնշանակվի ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը։ Այդ մասին ռուսական ինչ-որ գործակալության հայտնել է Ռուսաստանի ինչ-որ գերատեսչության անանուն աղբյուրը։ Երկու օր է՝ մամուլը, համացանցը, փորձագետների ոգևորությունը՝ ողողված, ողջամտությունը՝ բթացած է այս տեղեկատվությամբ։

Ասել է, թե այս գաղափարը հղացողները հասել են իրենց նպատակին։ Իսկ գաղափարի հիմքում ընկած է հաշվարկի պարզունակությունը կամ պարզունակ հաշվարկը՝ քանի որ Հայաստանում բարձրացել ու շարունակում է բարձրանալ հակառուսականության ալիք, որը ոչ թե ինքնաբուխ ալիք է, այլ հիմնավորած ու փաստարկված ալիք է, ահա այդ ալիքը մարելու համար պետք է պետական ու վերպետական բարձր պաշտոններում նշանակել ազգությամբ հայերի։ Որպեսզի հակառուսական տրամադրությունները ոչ միայն վերանան, այլ վերածվեն ռուսական տրամադրությունների։

Որպեսզի հայերը մտածեն, որ ոչ միայն Ռուսաստանը դարձավ հայամետ, այլ հայերը գրավեցին Ռուսաստանի ստեղծած կառույցների բարձր պաշտոններն ու հիմա ռուսական փլվող տնտեսությամբ ու կիսաժանգոտած զենքով ծնկի են բերելու բոլոր թշնամիներին։ Ռուսներին էլ՝ հետը։

Տիգրան Սարգսյանը ԵՏՄ գործադիր ինչ-որ մարմնի ղեկավարն է, Օհանյանը կամ հայկական ազգանվամբ որևէ մեկը կգլխավորի ՀԱՊԿ-ն, Լավրովն արդեն իսկ անհիշելի ժամանակներից գլխավորում է ՌԴ արտգործնախարարությունը։ Այս պլանի շրջանակներում կամ դրանից դուրս անցած շաբաթ էլ հետխորհրդային տարածքի համար արտգործնախարարներ թողարկող МГИМО-ի ղեկավար են նշանակել կրկին «յան» վերջավորություն ունեցող ազգանվամբ մի երիտասարդի։

Հաշվարկի պարզունակությունը կամ պարզունակ հաշվարկը մոտավորապես հետևյալն է՝ հրճվե՛ք, հակառուսական տրամադրություն ունեցող հայեր, ձեզ ենք տալիս Ռուսաստանի համար ամենակարևոր պաշտոնները։ Հրճվեք, ու չի ասվում, բայց լսողը լսում է, հասկացողը հասկանում է վերջավորությունը՝ որոճացեք ձեր բաժին խոտը։ Ինչպես մարկեսյան լեզվով ասում էր ու կասեր Վանո Սիրադեղյանը։
Ով՝ ով, բայց ռուսները հո լա՞վ գիտեն, որ հայերը կարող են լինել ու դառնալ ցանկացած ռուսական պլանի ամենալավ իմլեմնտատորները։ Եթե անգամ այդ պլանը հակահայկական է ու հակասկզբունքային։ Լավրովն ու Տիգրան Սարգսյանը՝ վկա։

Ռուսական համապատասխան հիմնարկներում լավ են կարդացել պատմությունը, այդ թվում՝ հայոց, ու գիտեն, որ պատմականորեն հայերը միշտ ունեցել են սեփական պետության ու պետականության դեմ գործող անփոխարինելի նվիրյալներ, որոնց հետագայում պատվերով գրված հայրենասիրական գրականությունը հերոսացրել է լացացնելու աստիճան։

Համապատասխան հիմնարկներում կարդացել են այդ պատմությունն ու զեկուցել են Պուտինին, որը երևի հանձնարարել է գործարկել «Հայկական ազգանուններով…» կոդային անվանմամբ հակահայկական պլանը։ Պլան, որի սկզբնական փուլն իրականացվելու է հայկական ազգանուններով, որպեսզի Հայաստանի հասարակությունը ոչ միայն չընդդիմանա, այլև դառնա այդ պլանի աջակիցը, իսկ երբ արդեն գլխի ընկնի, որ մասնակցում է սեփական պետության կապիտուլյացիային, արդեն ուշ կլինի։
Հայկական ազգանուններն այս պատմության մեջ նման են մոտավորապես մահապատժից առաջ մահապատժվողին տրվող վերջին ծխախոտին, որը ոչ թե սովորական ծխախոտ է, այլ մարիխուանա, Հայաստանը Ռուսաստանի տակ մտցրածների բառապաշարով՝ պլան, որպեսզի զոհը չզգա գիլյոտինի շառաչյունը կամ չլսի հրացանի ձգանի չխկոցը, կամ էլեկտրական աթոռին նստելը համարի ազատություն տանող տիեզերանավի նստեցում։

Հ.Գ. Երեկ տեղեկություն տարածվեց այն մասին, որ հոկտեմբերին Երևան են ժամանելու ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Պաշտոնական ներկայացմամբ՝ մասնակցելու Երևանում կայանալիք ՀԱՊԿ երկրների ղեկավարների խորհրդի նիստին:

Համեմատությունը գուցե այնքան էլ հաճելի չէ, բայց ինչ-որ շատ նման է Պոտսդամի կոնֆերանսին։ Տեսնես Հայաստանի ի՞նչն ու ինչպե՞ս են կիսելու Ստալինի գաղափարական հետնորդները Երևանում։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս