Բաժիններ՝

Օբյեկտիվ քննության արդյունքում բացահայտվել է կատարված սպանության փորձի և խմբով խուլիգանության դեպքերը. 4 անձանց մեղադրանքներ են առաջադրվել

Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչի վարույթին հանձնված՝ քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների արդյունքում բացահայտվել են կատարված առանձնապես ծանր հանցագործության հանգամանքները, բավարար ապացույցների հիման վրա որպես մեղադրյալ են ներգրավվել զենքի գործադրմամբ խմբով խուլիգանություն, սպանության փորձ կատարած և ապօրինի կերպով հրազեն կրած անձինք:

Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի հարակից անտառում կազմակերպված խնջույքից հետո, ժամը 19:00-ի սահմաններում, Դավիթ Բաղդասարյանը, Աբգար Հարությունյանը և Արմեն Ասատրյանը, իրենց 4-5 ընկերների հետ «Mercedes-Benz» և «BMW X5» մակնիշի ավտոմեքենաներով գնացել են հիշյալ գյուղ, որտեղ տեսնելով «BOBCAT Տ630» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Վարուժան Հակոբյանին՝ շեղվել են ճանապարհից և քանի որ իրենք նույնպիսի տեխնիկա են շահագործում գյուղում, այդ հարցում իրենց ՙմրցակցելու՚ համար վերջինիս «պատժելու» խուլիգանական մղումներից ելնելով՝ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որն արտահայտվել է ներկաների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով և զուգորդվել Վ.Հակոբյանի վարած տրակտորը վնասելով:

Մասնավորապես՝ Դավիթ Բաղդասարյանը, իջնելով ավտոմեքենայից, մոտեցել և ձեռքով հարվածել է տրակտորի ապակուն և պահանջել, որ Վ.Հակոբյանը իջնի, իսկ մյուսները հարձակվել են տրակտորի վրա և իրենց մոտ եղած, որպես զենք օգտագործվող մահակներով հարվածներ են հասցրել՝ վնասելով այն: Այդ ընթացքում Ա. Ասատրյանը և Ա. Հարությունյանը հարձակվել են Վ. Հակոբյանին պատկանող «Շեվրոլետ Նիվա» մակնիշի ավտոմեքենայի մեջ նստած Վիգեն և Անդոկ Հակոբյանների վրա, որտեղ, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով համագյուղացիների նկատմամբ, նրանց ներկայությամբ վիճաբանության մեջ են մտել վերջիններիս հետ: Ա.Հարությունյանը իր մոտ եղած` որպես զենք օգտագործվող մահակով հարվածել և կոտրել է Վ.Հակոբյանի հիշյալ ավտոմեքենայի դռան ապակին, իսկ Ա.Ասատրյանը բացել է ավտոմեքենայի դուռը և որպես զենք օգտագործվող մահակով փորձել է հարվածներ հասցնել ավտոմեքենայի մեջ նստած Հակոբյաններին:

Վ. Հակոբյանը ստեղծված իրավիճակում լինելով անպաշտպան, իր կյանքի և առողջության նկատմամբ 5-6 հոգու կողմից ոտնձգություն իրականացնողներից պաշտպանվելու նպատակով, տրակտորն աջ ու ձախ վարելով դիմել է փախուստի, որի ընթացքում հարձակում գործողներից Դ. Բաղդասարյանը տրակտորի հետ փոխազդեցության պայմաններում ստացել է առողջության միջին ծանրության մարմնական վնասվածքներ: Խուլիգանական արարք կատարողները, տեսնելով մարմնական վնասվածք ստացած Դ. Բաղդասարյանին, վերջինիս բուժօգնություն ցույց տալու նպատակով դադարեցրել են իրենց հանցավոր գործողությունները:

Միաժամանակ դեպքի վայր հասած Դ. Բաղդասարյանի ազգական Մխիթար Հարությունյանը՝ տեսնելով իր ընտանիքի անդամների հետ անձնական անբարյացակամ փոխհարաբերությունների մեջ գտնվող Վ. Հակոբյանին, վերցրել է ընկերոջը օրինական հիմքերով պատկանող, հրազեն հանդիսացող «Սայգա ՄԿ» մոդելի որսորդական ակոսափող ինքնալից կարաբինը և Վ.Հակոբյանին ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, շուրջ 31 մետր հեռավորությունից մի քանի անգամ կրակել է Վ.Հակոբյանի կողմից վարվող և հեռացող տրակտորի ուղղությամբ:

Կրակված գնդակներից մեկը կոտրել է տրակտորի խցիկի հետին, իսկ Վ.Հակոբյանի գլխի մոտով անցնելուց հետո` նաև դիմային ապակիները: Գնդակներից մեկն էլ վնասել է տրակտորի թիթեղը: Մ.Հարությունյանը չի կարողացել սպանությունն ավարտին հասցնել իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ Վ.Հակոբյանը տրակտորը վարելով անցել է որոշ տարածություն, որից հետո իրեն դուրս է գցել և փախչելով թաքնվել:

Մխիթար Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել 34-104-րդ և 235-րդ հոդվածների 1-ին մասերով, Արմեն Ասատրյանին, Աբգար Հարությունյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, իսկ Դավիթ Բաղդասարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս