Մասնագետը բացառում է կլիմայի փոփոխության հետևանքով Սևանա լճի վրա գլոբալ ռիսկերի առաջացումը
Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության տնօրեն Լևոն Վարդանյանը բացառում է կլիմայի փոփոխության հետևանքով Սևանի համար հավելյալ ռիսկերի առաջացումը: Մասնագետը վստահեցնում է, որ կանխատեսված սցենարներին համապատասխան միջոցառումներ են իրականացվում, որոնց արդյունքում&nb sp; 2030թ. ջերմաստիճանի բարձրացման պայմաններում անգամ, Սևանում տարեկան լինելու է լրացուցիչ 400 միլիոն խորանարդ մետր ջուր:
Նրա խոսքով՝ ապագայում իրենց խնդիրը պետք է լինի հասկանալ, թե որտեղ են օգտագործելու Սևանում կուտակված լրացուցիչ 400 միլիոն խորանարդ մետր ջուրը: «Շատ հնարավոր է, որ մենք սկսենք էլեկտրաէներգիայի արտադրության նպատակով ջրառ իրականացնել կամ ավելացնել ոռոգման նպատակով բաց թողնվող ջրի սահմանաքանակը, որը հիմա 170 միլիոն խորանարդ մետր է»,- ընդգծեց Վարդանյանը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Լևոն Վարդանյանը, անդրադառնալով «Էկոլուր» կայքում տեղադրված «Հայաստանում սրվելու է ջրի խնդիրը. վտանգի տակ կհայտնվի Սևանա լիճը» խորագրով նյութին, ընդգծեց, որ այդ նյութի համար հիմք է հանդիսացել բնապահպանության նախարարության կողմից կազմակերպված աշխատաժողովի ժամանակ իր տեղակալի կողմից տրված կարճ հարցազրույցը: «Ես ասեմ, որ նյութը ամբողջական վերլուծության արդյունք չէր, և այնտեղ հակիրճ տեղեկատվություն էր տեղադրված, որը չի բնութագրում ընդհանուր իրավիճակը: Այսինքն ` այնտեղ խոսքը գնում էր կլիմայի փոփոխության սցենարների մասին, որոնց համաձայն 2030թ. ներկա կլիմայական ջերմաստիճանի աճի տեմպերի առկայության պայմաններում Հայաստանում հնարավոր է ջերմաստիճանը բարձրանա 1.1 աստիճանով: Եվ այդ դեպքում կանխատեսվում է, որ Սևանա լճի ակտիվ ջրատվությունը կնվազի 70 միլիոն խորանարդ մետրով: Սակայն դա չի նշանակում, որ դա վտանգավոր է Սևանի համար: Ընդհակառակը, եթե վերլուծությունը իրականում կատարվի, հաշվի առնելով բոլոր բաղադրիչները, այդ թվում՝ Արփա-Սևան ջրատարով մուտքը, Սևանի ավազանում կլիմայի փոփոխության արդյունքում տեղումների քանակի աճը, ապա մենք ոչ մի վտանգ չունենք»,- պարզաբանեց Վարդանյանը:
Նա հավելեց, որ «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի համաձայն ժամանակացույցով կբարձրացվի Սևանա լճի մակարդակը և 2030թ. հասցվի նախատեսված 1903.5 մետր նիշին, ապա այդ ժամանակ բացթողնվող ջրի ավելի մեծ պաշար կունենանք. խոսքը տարեկան շուրջ 400 միլիոն խորանարդ մետրի մասին: Որովհետև միայն 250-260 միլիոն տարեկան մուտքը լինելու է Արփա-Սևան ջրատարով: Իսկ սովորաբար, որպես կանոն, գետային հոսքը կազմում է մոտ 770 միլիոն խորանարդ մետր, տեղումները հայելու վրա կազմում են 500-510 միլիոն խորանարդ մետր: «Գոլորշիացումը, ճիշտ է, 1 միլիարդ 70 կամ 100 միլիոնի սահմա ններում է, սակայն ընդհանուր տարեկան հաշվեկշռով մոտավորապես 200 միլիոն խորանարդ մետրի ավելցուկ է գոյանում Սևանա լճից: Արփա-Սևան ջրատարի վերանորոգումից հետո տարեկան արդեն Սևան մուտք կլինի մոտավորապես 250-260 միլիոն խորանարդ մետր ջուր՝ ներկայիս 120 միլիոն խորանարդ մետրի փոխարեն: Սա ևս լճի մակարդակի լրացուցիչ բարձրացում է ապահովում»,- մանրամասնեց մասնագետը:
Մասնագետը հավելեց, որ վերջին տարիների ընթացքում ընդամենը 2 անգամ է տեղի ունեցել Սևանի մակարդակի բացասական հաշվեկշիռ: «Դա եղել է 2012թ. և 2014թ.: Մնացած տարիների ընթացքում միշտ դրական հաշվեկշիռ ենք ունեցել: Այս տարի էլ սպասում ենք, որ 20-22 սանտիմետրով Սևանա լճի մակարդակի աճ կարձանագրենք՝ նախորդ տարվա հունվարի համեմատ»: