Ուրուգվայում կկազմակերպվի ԼՂ խնդրին նվիրված ֆորում
Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակման 25-ամյակի առիթով սեպտեմբերի 2-ին Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում Արցախին նվիրվածխ ֆորում կկազմակերպվի: Ինչպես հաղորդում է prensaarmenia.com.ar-ը, միջոցառումը կազմակերպվում է Ուրուգվայի հայ ազգային կո միտեի կողմից: «Ուրուգվայում Լեռնային Ղարաբաղին նվիրված ֆորումը կմիավորի հասարակական ակտիվիստներին, ակադեմիականներին և օրենսդիրներին, ում նպատակն է նպաստել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորմանը, որը սպառնում է ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգությանը»,- նշված է կոմիտեի հայտարարության մեջ:
Ակնկալվում է, որ ֆորումին ներկա կգտնվի նաև ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, ով ներկաների համար կընթերցի ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ուղերձը:
Ֆորումին կմասնակցեն նաև Ուրուգվայի սենատորներ Ռաֆայել Միշելինին, Ռուբեն Մարտինես Ուելմոն (վերջին երկուսն Արցախ այցելելու համար Ադրբեջանի սև ցուցակում են), պատգամավորներ Դանիել Ռադիոն, Սուսաննա Պերեյրան, Պաբլո Աբդալան, Բելելա Հերարան (Ուրուգվայի արտաքին գործերի նախկին փոխնախարար), ինչպես նաև պատմաբան Ժերարդո Կաետանոն և մարդու իրավունքների մասնագետ Օսկար Լոպես Գոլդարացենան:
«Հարավամերիկյան տարածաշրջանի կողմից սա մի ներդրում է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման փնտրտուքների հարցում»,- ասել է Ուրուգվայի հայ ազգային կոմիտեի նախագահ Ալֆոնսո Թաբաքյանը` հավելելով, որ Ուրուգվայի ժողովրդի ժողովրդավարական բնույթն է հենց հնարավորություն տալիս հասկանալու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պայքարն ու ճանաչելու վերջինիս ինքնիշխանությունը, ինչի վկայությունն է նաև 2015թ-ի հունվարի 4-ի Ուրուգվայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, որով կոչ է արվում միջազգայնորեն ճանաչել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը :