Էկոնոմիկայի նախարարությունը կզարգացնի այն, ինչ գոյություն չունի
ՀՀ կառավարությունը մտադիր է նոր զարկ տալ Բելգիայի հետ օդային հաղորդակցությանը: Այսօր կառավարության նիստում էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը կներկայացնի երկու երկրների միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրի կնքման մասին որոշումը:
Ըստ նախագծի՝ ներկայումս Հայաստանի և Բելգիայի Թագավորության միջև օդային հաղորդակցությունների ոլորտում հարաբերությունները կարգավորվում են 2001 թվականի համաձայնագրով, որը մշակվել է մինչև 2013 թ. հոկտեմբերին ՀՀ կառավարության կողմից «Բաց երկնքի» քաղաքականության ընդունումը, ուստի արդիական չէ և չի համապատասխանում այդ քաղաքականության սկզբունքներին: Նոր hամաձայնագրի նախագիծն ուղղված է «Բաց երկնքի» քաղաքականության սկզբունքների ներդրմանը և 2 երկրների ավիաընկերությունների համար ազատ մրցակցային դաշտի ապահովմանը:
«Նախագծի ընդունումը թույլ կտա ընդլայնել հայ-բելգիական համագործակցությունն ավիացիայի ոլորտում, կնպաստի երկու երկրների միջև զբոսաշրջության և տնտեսական հարաբերությունների զարգացմանը»,- նշվում է որոշման նախագծում:
Նկատենք, որ մինչ օրս Հայաստանի ու Բելգիայի միջև օդային ուղիղ հաղորդակցություն չի եղել, թեև Եվրոպայի կենտրոնում գտնվելով՝ Բելգիան կատարյալ հարմար դիրք ունի տրանզիտի համար: Այսօր Հայաստանից Բելգիա մեկնելու համար ուղևորները ստիպված են օդանավ փոխել Մոսկվայում, Կիևում կամ Փարիզում:
Ընդ որում, ըստ մասնագետների՝ եթե ի վերջո Բելգիայի հետ օդային ուղիղ հաղորդակցություն հաստատվի, ապա Հայաստանը կարող է նաև շատ հարմար տրանզիտ ապահովել դեպի Միջին Արևելք, քանի որ այստեղ այդ ուղղությունը բավականին զարգացած է, 3 տարբեր ավիաընկերություններ՝ «Քաթար Էյրվեյզը», «Ֆլայ Դուբայը» և «Էյր Արաբիան», ապահովում են թռիչքներ տարբեր գնային սեգմենտներում: