«Պետերբուրգի հանդիպումը Պուտինի և Էրդողանի հաշտվելու փորձն էր». Ռիչարդ Կիրակոսյան
Քաղաքական վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման վերաբերյալ դիտարկել է երեք կարեւոր գործոն:
Նրա խոսքով՝ հանդիպումն ավելի շատ երկու երկրների նախագահների հաշտեցման հնարավորություն էր, քան երկու պետությունների մերձեցման:
«Սա շատ կարեւոր կետ է, քանի որ չնայած հարաբերություններում ճգնաժամի պատճառ հանդիսացավ 2015 նոյեմբերին Թուրքիայի կողմից ռուսական ուղղաթիռի խոցումը, այնուամենայնիվ, դրա հիմքում ավելի անձնական խնդիր կար՝ պայմանավորված երկու նախագահների «տիտանական «Ես»-երի» բախումով: Սա բացատրում է ճգնաժամի լարվածությունը, սակայն նաեւ այն, որ ճգնաժամը տեւական էր, եւ ավելի հեշտ էր այս դեպքում վերականգնել հարաբերությունները»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց վերլուծաբանը:
Ռիչարդ Կիրակոսյանը հատկանշական է համարում նաեւ հաշտեցման համար ընտրված ժամանակահատվածը, որը թերեւս նաեւ պայմանավորված էր Թուրքիայի ձախողված հեղաշրջման փորձով:
«Սակայն ռուս-թուրքական մերձեցման հիմքում ընկած իրական պատճառը Թուրքիայի նախագահի ապաշխարելու քաղաքականությունն է, ինչպես նաեւ տնտեսական խնդիրները: Թուրքիայի տնտեսական խնդիրները տարան դեպի անկման առետրի եւ զբոսաշրջության ոլորտներում, ընդհատվեցին մի քանի խոշոր երկկողմ ծրագրեր շինարարության եւ էներգետիկայի ոլորտներում: Ճգնաժամի հետեւանքով դադարեցվեցին խոշոր գործարքներ, որոնք առնչվում էին Թուրքիայում ռուսական ատոմակայանի, ինչպես նաեւ գազատարի կառուցմանը»,-ասաց Ռիչարդ Կիրակոսյանը: