Բաքվում «Ռուսաստանի ուղղաթիռներ» կենտրոնի բացման պայմանագիրը կստորագրվի սեպտեմբերին
Ադրբեջանում «Ռուսաստանի ուղղաթիռներ» սպասարկման կենտրոնի բացման մասին համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել սեպտեմբերի վերջին ADEX-2016 ցուցահանդեսի ժամանակ, հայտնում է RIA Novosti-ն:
Ձեռնարկությունը սպասարկելու է քաղաքացիական «Մի-8/17» ուղղաթիռները, իսկ հետագայում` նաև ռազմական նշանակության ուղղաթիռային տեխնիկան, հայտնել է հոլդինգի մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը Բաքվում Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումից հետո հայտարարել էր, որ Բաքվում կբացվի ինքնաթիռների հավաքման գործարան և ուղղաթիռային տեխնիկայի արդիականացման կենտրոն:
«Կա մեծ հետաքրքրություն, ինչը վերաբերում է ինքնաթիռների մատակարարումներին, ռուսական արտադրության մասերի նկատմամբ` Ադրբեջանում ինքնաթիռների հավաքումն իրականացնելու համար: Բաքվում կբացվի հավաքման ավիացիոն գործարան»,- ասել է Ռոգոզինը:
Նա հայտնել էր նաև, որ Բաքվում կստեղծվի նաև ուղղաթիռային կենտրոն: Ռոգոզինի խոսքով՝ Ադրբեջանը հետաքրքրված է նաև ռուսական «ՄՍ-21» տիպի առնվազն 10 ինքնաթիռի գնմամբ, որի շուրջ պայմանագիրը կարող է ստորագրվել 2017 թվականին։
«Ներկայում բանակցություններ են ընթանում օտարերկրյա գործընկերների հետ վերոնշյալ նախագծի իրականացման վերաբերյալ համագործակցության կարգի և ձևի շուրջ: ADEX-2016 միջազգային ցուցահանդեսի ժամանակ պլանավորվում է ստորագրել համապատասխան համաձայնագիրը»,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ «Ռուսաստանի ուղղաթիռները» պլանավորում է սպասարկման կենտրոնը բացել Silk Way Helicopter Services ձեռնարկության հիման վրա, միաժամանակ, «դիտարկվում է տվյալ կենտրոնի հնարավորությունների ընդլայնումը ռազմական նշանակության ուղղաթիռների կապիտալ վերանորոգման նպատակով»:
Սպառազինությունների և ռազմական տեխնիկայի ADEX-2016 ցուցահանդեսը կանցկացվի Բաքվում սեպտեմբերի 27-30-ը: