Օփիում, որն ապահովում է փող, պաշտոն ու սամասուդի հնարավորություն

Ընտրությունների ժամանակ ընտրակաշառք վերցնող ու ընտրակեղծարարության մեքենայում այս կամ այն կերպ ներգրավված Հայաստանի հասարակության զգալի հատվածը գտնում է, որ «այլ ելք չկա», ու արդարացնում է ցանկացած, այդ թվում՝ զինված ճանապարհով փոփոխություն կատարելու քայլերը։ Արդարացնում է մի կերպ հաց վաստակողն ու 5000 դրամ ընտրակաշառք վերցրածը։ Արդարացնում է ընտրատեղամասի ներսում քրեական տարրերի ապօրինությունները համակարգող պլպլան շպարով դպրոցի տնօրենն ու պլպլան կոշիկներով իշխանության համար ընտրություն կեղծող թաղի խուժանը։

Արդարացնում է ազատ ժամանակ երկրում տեղի ունեցողը խայտառակություն համարող, բայց հանրապետական ջահելության կազմակերպած միջոցառումներին հանրապետական ջահելության առաջ կռացող դասախոսն ու պրոֆեսորը։ Արդարացնում է անգամ կեղծված ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանության պաշտոնյան ու այդ նույն իշխանության դեմ պայքարող պսևդոդեմոկրատ ընդդիմադիրը։

«Այլ ելք չկա»-ն բոլոր հնարավոր ելքերից ամենանախընտրելին է, որովհետև ամենահեշտն է ու ամենաքիչ ջանք պահանջողը։ «Այլ ելք չկա»-ն իշխանության հենարանն է ու իշխանության հարատևության գրավականը մարդկանց ուղեղներում ու հոգիներում։ «Այլ ելք» իրականում կա, ու դա այդքան ծեծված, բայց ծեծված լինելով՝ միակ ելքն է՝ իրականում ազատ և արդար ընտրությունների անցկացումը և այդ ընտրությունների արդյունքում լեգիտիմ, իրապես, ոչ թե միջազգային կազմակերպությունների գնահատականներում լեգիտիմ որակվող իշխանության ձևավորումը։

Դրա համար իշխանությունն ընտրությունից՝ ընտրություն վճարում է «այլ ելք չկա»-ով առաջնորդվողներին. մեկին՝ ընտրակաշառքով, մյուսին՝ ուսմասվարից՝ տնօրեն դարձնելով, երրորդին՝ խուլիգանության թույլատրելի ծավալներն ընդլայնելով…
Երբ անելանելիության տևական զգացումը դառնում է հանրային գիտակցության ուղենիշ, հասարակությունը փորձում է այդ մթնոլորտում ստանալ իր համար առավելագույնը՝ «շնից մազ պոկելն էլ քյար ա» կոնֆորմիստական ու ապաբարոյական սկզբունքով, որը, ցավոք, հայերիս համար դասվում է ժողովրդական իմաստնությունների շարքին։

«Այլ ելք չկա»-ն անհուսության մեջ ապրող հասարակության հաշիշն է, որով այն ապրում է ընտրությունից՝ ընտրություն ընկած ժամանակահատվածում՝ ընտրության ժամանակ ստանալով դրա հերթական չափաբաժինը։ Այն երբեմն չի բավականացնում, ու, ինչպես թմրամոլի դեպքում, լինում են էքսցեսներ՝ որևէ կենցաղային հարցի հետ կապված բողոքի ցույցերի կամ զինված ակցիաների տեսքով։

Այդ է պատճառը, որ իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի երկրում լինեն շատ աղքատներ և շատ հարուստներ, որովհետև երկու խավերն էլ հավասարապես խոցելի են։ Առաջինները՝ կորցնելու ոչինչ չունենալով՝ շնից պոկում են իրենց հասանելիք մազը, երկրորդները՝ չափից ավելի շատ կորցնելիք ունենալով՝ ապահովում են ընտրությունների ֆինանսական, քրեական, ուժային և մյուս բաղադրիչները։

Հայաստանը ձևով՝ ժողովրդավարական, բովանդակությամբ՝ ավտորիտար պետություն է։ Ձևով ժողովրդավարական է, որովհետև չունի բռնապետության համար անհրաժեշտ նվազագույն տնտեսական ռեսուրսները, ինչը փորձ է արվում փոխարինել ժողովրդավարության շղարշով։ Բովանդակությամբ ավտորիտար է, որովհետև բացակայում է ժողովրդավարության բազան՝ միջին խավը։ Իսկ միջին խավն ազատ, անկախ, ինքնաբավ ու այդքանով՝ նաև մտածող խավն է։ Մտածող լինելով՝ սեփական իրավունքները հասկացող խավն է։ Սեփական իրավունքները հասկանալով՝ Սահմանադրություն կարդացող խավն է։

Սահմանադրություն կարդալով՝ Սահմանադրության երկրորդ հոդվածի իմաստն ընկալող խավն է։ Ու այդ իմաստն ընկալելով՝ իրեն պետության ու իշխանության սեփականատեր համարող խավն է։ Այդմով՝ միջին խավն իշխանության համար առաջին թշնամին է, որովհետև այն կարող է մտածել իրեն պետության հետ նույնացրած իշխանությունը վերադարձնելու մասին։

Սա է Հայաստանի քաղաքացիների վատ կյանքի հիմնական, խորքային պատճառը։ Եթե իշխանությունը վստահ լիներ, որ լավ ապրող հասարակությունը կշարունակի ընտրակաշառք վերցնել, կստեղծեր լավ կյանքի պայմաններ։ Բայց դրանում վստահ լինել չի կարող, որովհետև ավելի վստահ է հակառակում՝ արժանավայել կենսամակարդակ ունեցող մարդիկ չեն ոտնահարի իրենց արժանապատվությունը՝ մի քանի կամ մի քանի տասնյակ կամ մի քանի հարյուր հազար դրամի համար։ Եթե արժանապատվությունը վաճառվում է, իշխանությունը միշտ կստեղծի նպաստավոր պայմաններ՝ այն գնելու համար՝ մեծ հաշվով թքած ունենալով այն հանգամանքի վրա, որ ձևավորվում է վաճառված արժանապատվության հիման վրա ու դրա շնորհիվ։ Դա էսթետիկական ու բարոյական նրբություն է, որի մասին Հայաստանում մտածելն իսկ հակաէսթետիկական է։

Հայաստանի՝ նորմալ պետություն դառնալու հնարավորությունը նման է հավի ու ձվի առաջնայնության դիլեմային։ Նորմալ պետություն կարող է լինել իրապես ժողովրդավարական ընտրությամբ ձևավորված իշխանության պարագայում։ Նման ընտրություններ կարող են տեղի ունենալ միայն հասարակության այնպիսի կենսամակարդակի դեպքում, որը կբացառի լայն և ուղղակի իմաստներով՝ ընտրակաշառքի դերն ընտրություններում։ Նման կենսամակարդակ կարող է ապահովվել միայն իշխանության՝ համապատասխան տնտեսական և սոցիալական քաղաքականության դեպքում, որն էլ իր հերթին՝ կարող է հանգեցնել նույն իշխանության պարտությանն ընտրություններում։

Միակ հնարավորությունն այն է, որ հասարակությունը, գոնե մի եզակի անգամ, անկախ սոցիալական վիճակից ու բարեկեցության մակարդակից՝ ընտրություն կատարի, ինչպես գեղեցիկ տեքստերում է ասվում՝ խղճի և ոչ թե՝ փողի մտոք։ Բայց խոսքն այն հասարակության մասին է, որը բացի «շնից մազ պոկելու» մասին իմաստնությունից՝ ունի ևս մեկ իմաստնություն՝ նաղդը թողած՝ նիսյայի հետևից չընկնելու վերաբերյալ։ «Նիսյան» նորմալ պետություն ունենալու տեսլականն է, «նաղդը»՝ այսպիսի պետության տված ընտրակաշառքն ու պլպլան կոշիկներով ընտրակաշառք չվերցնողին սամասուդ անելու ինդուլգենցիան։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս