Բաժիններ՝

«Կարող ենք նոր էջ բացել ԵՄ և ՀՀ գործընկերային հարաբերությունների միջև». ԵՄ դեսպան

Հայաստանում բիզնեսի հեռանկարները, խոչընդոտները և բիզնես մթնոլորտի բարելավման հնարավորություններն այսօր քննարկվեցին Երևանի Կոմիտասի անվան թանգարանում կայացած բիզնես-ֆորումի ժամանակ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ աշխատանքներ են իրականացվում Հայաստանն առավել գրավիչ երկիր դարձնելու ուղղությամբ:

«Հռչակել և հետևողականորեն կիրառում ենք բաց դռների քաղաքականությունը»,- ասաց Հ.Աբրահամյանը:

Ըստ նրա` գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը բարձր են գնահատվում միջազգային կառույցների կողմից: Նա կարևորեց, որ օտարերկրյա ընկերություններն իրենց լավ զգան Հայաստանում: Հ.Աբրահամյանը բարձր գնահատեց ԵՄ-ի հետ առևտրի ոլորտում GSP+ ռեժիմի գոյությունը և նշեց, որ ՀՀ-ն GSP+ կունենա նաև Կանադայի, Նորվեգիայի հետ:

«Մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում ներդրումային ծրագրերին` ուշադրություն դարձնելով աշխատատեղերի ստեղծմանը»,- ասաց վարչապետը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշեց, որ հայերն իրենց ուրույն գենետիկ ձեռնարկատիրական ջիղն ունեն, պարզապես պետք է համապատասխան միջավայր և օրենսդրություն:

«Կարող ենք նոր էջ բացել ԵՄ և ՀՀ գործընկերային հարաբերությունների միջև»,- ասաց

Պ.Սվիտալսկին` հույս հայտնելով, որ կկարողանան օգտվել առկա հնարավորություններից: Դեսպանը նշեց, որ ԵՄ-ի և ՀՀ-ի միջև շրջանակային համաձայնագրի կնքումը կլինի առաջիկայում:

«Հայաստանում բարենպաստ միջավայր կա և մնում է պահպանվի, ու Ձեր ներդրումը դրանում շատ մեծ է»,- նշեց դեսպանը` դիմելով ՀՀ վարչապետին:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի խոսքով` շրջանակային համաձայնագիրը շատ հարցերի կպատասխանի: Նա կարևորեց GSP+ համակարգի միջոցով նաև ԵՄ գործարարների շրջանակում ակտիվության բարձրացումը: Ըստ նրա` իրենք պատրաստ են հավասար մրցակցային պայմանների ստեղծմանն ու ցանկացած բիզնես նախաձեռնություններին ընթացք հաղորդելուն: Նախարարը վստահություն հայտնեց, որ համատեղ ուժերով կկարողանան բազմաթիվ խնդիրների լուծում տալ:

ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը հույս հայտնեց, որ Եվրոպական բիզնես ասոցիացիան հարթակ կհանդիսանա եվրոպական բիզնես կապերի ընդլայնման համար. «ՀՀ կառավարությունը մշտապես միջոցներ է ձեռնարկում գործարարների համար թափանցիկ և կանխատեսելի միջավայր ապահովելու համար: ՊԵԿ-ի կողմից քայլեր են արվում հավասարակշռված մաքսային և հարկային վարչարարություն իրականացնելու ուղղությամբ: Հարկային օրենսգիրքը կանխատեսելի բիզնես միջավայր կապահովի բիզնեսի համար, թափանցիկ միջավայր ներդրումների համար»:
Հ.Հովսեփյանը ՊԵԿ-ի կողմից պատրաստակամություն հայտնեց հարկային ու մաքսային ոլորտներում առկա խնդիրների քննարկումների և լուծումների գալու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս