Ծրագրված 13-ի փոխարեն՝ 25 գյումրեցի անօթևան ընտանիք հնարավորություն է ստացել ապրել նոր ու կահավորված բնակարանում. SOS Գյումրի

SOS Գյումրի նախաձեռնության անդամները թեև պլանավորել էին թվով 13 անօթևան ընտանիքների ապահովել մինիմալ կահավորանք ունեցող 1 սենյականոց բնակարաններով, սակայն, ինչպես հայտնի է՝ այդ թիվը կրկնապատկվել է: Նախապես ծրագրված 13-ի փոխարեն՝ թվով 25 գյումրեցի անօթևան ընտանիք վերջապես հնարավորություն է ստացել ապրել նոր ու կահավորված բնակարանում։ 168.am-ի հետ զրույցում նախաձեռնության անդամ Արեն Մկրտչյանը նշեց, որ 25 բնակարաններից միայն մեկն է 1 սենյականոց, մնացածը՝ 2, 3, 4, ինչը, նրա խոսքով, հնարավորություն է տալիս ավելի բազմանդամ ընտանիքների տեղավորել նոր ու կահավորված բնակարաններում:

«24 ընտանիք արդեն տեղափոխվել ու բնակվում են նոր բնակարաններում, որոնք նորակառույց շենքերում են, մինչ այդ բնակեցված չեն եղել, այսինքն՝շատ լավ վիճակում են: Մենք ծրագրում էինք մինիմալ, առաջին անհրաժեշտության կահույքով ապահովել, բայց քանի որ ծրագիրը գերազանցեց մեր սպասելիքները, բնակարանները թե՛ կենցաղային տեխնիկայով են հագեցած, թե՛ կահույքով: Այսինքն՝ բոլոր պայմանները կան բարեկեցիկ կյանքով ապրելու համար»,- ասաց մեր զրուցակիցը:

Իսկ նախագծի հաջողությունը նա պայմանավորում է մասսայականությամբ. «Սկզբից, որ սկսում էինք, մեզ բոլորը հարցնում էին՝ 120 հազար ֆունտ ինչպե՞ս եք հավաքելու, ու մենք իսկապես չգիտեինք՝ ինչպես ենք հավաքելու, բայց գիտեինք, որ հավաքելու ենք (այն ժամանակ 120 հազար ֆունտ էր հարկավոր այդ 13 բնակարանները ձեռք բերելու ու մինիմալ կահույքով ապահովելու համար): Ամբողջ ուժով լծվեցինք գործի, աղմուկը հասավ մինչև BBC, ու, բնականաբար, կարողացանք հարցը բերել օրակարգ, հնչեղություն հաղորդել, ու սպասված արդյունքը գերազանցվեց»:

SOS Գյումրի նախագծի շրջանակներում նախատեսվում էր նաև աճուրդ, որի ամբողջ հասույթը փոխանցվելու էր նոր բնակարանների ձեռքբերմանը: «Ապրիլի 6-ին պետք է հայտարարեինք, թե որտե՞ղ, ո՞ւմ օգնությամբ ու ինչպե՞ս է լինելու աճուրդը, բայց, ցավոք, ապրիլյան պատերազմը սկսվեց, ու, բնականաբար, ամեն ինչ երկրորդ պլան մղվեց, բոլորիս ուշադրությունը կենտրոնացած էր սահմանային իրադրության վրա»,- նշեց Ա. Մկրտչյանը՝ ընդգծելով, որ աճուրդի համար բացառիկ լոտեր են կարողացել հավաքել ու առաջիկայում կհայտարարեն աճուրդի անցկացման մանրամասների մասին:

Կարդացեք նաև

«Բացառիկ լոտերի քանակը շատ է. Արգենտինայից հատուկ SOS Գյումրիի համար ուղարկել էին Լիոնել Մեսսիի ու Սերխիո Ագուերոյի մարզաշապիկները՝ այդ ֆուտբոլիստների ստորագրությամբ, իրենք նաև այդ մարզաշապիկներով խաղացել են, ոչ թե ուղղակի ստորագրել են դրանց վրա: Հիմա ունենք մոտ 20 լոտ, ու բացառիկները բավականին շատ են: «Ռեալ Մադրիդի» մարզաշապիկը դեռ մարտին հասավ մեզ՝ 17 ֆուտբոլիստների ստորագրությամբ, նաև՝ վրան գրություն. «Երկրաշարժից տուժածներին՝ մեր ամբողջ ջերմությամբ»: Կատալոնական «Բարսելոնայի» դրոշն է մեզ մոտ՝ թիմի 10 աստղերի, այդ թվում ՝ Մեսսիի ստորագրությամբ, Ագուերայի մարզաշապիկներն են մեզ մոտ, Ջորկաեֆի ստորագրությամբ գնդակը, Հենրիխ Մխիթարյանի մայրը մեզ փոխանցեց Հենրիխի ստորագրությամբ՝ Դորդմունդի «Բորուսիայի» մարզաշապիկը, մեզ մոտ է Տիգրան Համասյանի վերնաշապիկը, որով մի շարք մրցույթների է մասնակցել… արժեքավոր լոտերը շատ են»,- ասաց մեր զրուցակիցը:

Աճուրդի անցկացման մասին մանրամասներ նա չնշեց, քանի որ նորից պայմանավորվածություններ են ձեռք բերվում. «Այն ժամանակ աճուրդը պետք է արտասահմանում լիներ: Արտասահմանում անցկացնելու նպատակն այն է, որ ներկայացված լոտերն իրենց գներին համապատասխան վաճառվեն: Մենք փորձեցինք աճուրդն օնլայն կազմակերպել, բայց լոտերը չափազանց էժան գնով էին վաճառվում՝ 50-60 հազար դրամ, ինչն աբսուրդ գին է նման լոտերի համար, դրա համար որոշեցինք օնլայնը դադարեցնել ու ֆիզիկական աճուրդ կազմակերպել»:

Ամփոփելով՝ Արենը նշեց, որ նախագիծը դեռ շարունակվում է, և մեծ ամփոփում են անելու աճուրդից հետո. «Ճիշտ է՝ այս ամբողջ ընթացքում հաշվետվությունները ներկայացրել ենք, հրապարակել ենք բոլոր բանկային քաղվածքները, առձեռն վճարված գումարները տեղում նկարել հրապարակել ենք, բայց մեծ հաշվետվություն է լինելու աճուրդից հետո: Ու քանի որ մեծ մասշտաբի նախագիծ էր, կամփոփենք նաև ամբողջ ծրագիրը»:

Լուսանկարը՝ Հայկ Բարսեղյանի

Տեսանյութեր

Լրահոս