Վաղը մեկնարկում է Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի եռօրյա այցը տարածաշրջան. քննարկումների հիմնական թեման ԼՂ հակամարտությունն է
Վաղը մեկնարկում է Գերմանիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի եռօրյա այցը Հարավային Կովկաս:
Շտայնմայերը կայցելի Հայաստան, Ադրբեջան և Վրաստան: Այս մասին հայտնում է APA-ն՝ հղում կատարելով Ադրբեջանում Գերմանիայի դեսպանությանը:
Այցը տեղի կունենա ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության շրջանակում:
«Բաքվում և Երևանում քննարկումների հիմնական թեման լինելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիները: Բացի այդ՝ հուլիսի 1-ին Շտայնմայերը Թբիլիսիում կմասնակցի ԵԱՀԿ-ի խորհրդարանական ասամբլեայի ամենամյա նիստի բացման արարողությանը:
Այդկերպ Շտայնմայերը իր ներդրումը կունենա ԵԱՀԿ-ում խորհրդարանական համակարգի դերի ուժեղացմանը:
Վրաստանում Շտայնմայերին կուղեկցի պատվիրակությունը, որի կազմում կան մշակույթի և տնտեսության մասնագետներ»,- ասվում է հայտարարության մեջ:
Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի այցը Կովկասյան տարածաշրջան սկսվելու է Հայաստանից: Ադրբեջան այցը նախատեսված է հունիսի 30-ին: