Ներկայիս Մայր աթոռը ծառայում է հարուստներին, «լավ տղերքին», նրանց «եկեղեցաշինական» ամբիցիաներին. «Առավոտ»

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Վերջերս Հայաստան եկած կաթոլիկ քահանայապետը մի առիթով ասել է, որ եկեղեցին պետք է ծառայի նախեւառաջ աղքատներին, թույլերին, հիվանդներին, ծերերին, ֆիզիկական եւ հոգեկան խնդիրներ ունեցողներին: Կարծում եմ՝ դա որեւէ միաբանության կամ որեւէ քրիստոնեական ուղղությունից բխող տեսակետ չէ՝ դա սկզբունք է, որը բխում է ավետարական ճշմարտություններից: Չգիտեմ, գուցե սխալվում եմ՝ աստվածաբան չեմ:

Փոխարենն ակնհայտ է, որ ներկայիս Մայր աթոռը ծառայում է հարուստներին, «լավ տղերքին», նրանց «եկեղեցաշինական» ամբիցիաներին, որովհետեւ իրենք՝ բարձրաստիճան հոգեւորականները, հենց այդ «լավ տղերքի» դասից են: Եվ մեր աշխարհիկ եւ հոգեւոր «պետերը» մտքում գուցե Ֆրանցիսկոս պապի «միամտության» վրա ծիծաղում են:

Չի բացառվում, որ կաթոլիկ կարդինալների մեծ մասը նույնպես կարծում է, որ Ֆրանսիսկոս պապը «հարիֆ» է: Բայց հիմա ես ուզում եմ խոսել ոչ թե հոգեւորականների եւ ոչ այնքան կենցաղի մասին, որքան ՄԵՐ մասին:

Իսկ մենք համե՞ստ ենք, մեծամիտ չե՞նք: Երբեմն կարելի է լսել` «թող «վերնախավը» մտածի, մենք նորմալ մարդիկ ենք»: Համաձայն չեմ, անձամբ ինձ այդքան կատարյալ չեմ համարում, որ Հռոմի պապից սովորելու բան չունենամ: Իսկ ես պատրա՞ստ եմ սիրով, անկեղծությամբ (ոչ թե ինչ-որ բան ցույց տալու համար) մոտենալ անվասայլակով մարդկանց, ընդհանրապես` մարդկանց, որոնք չեն տեղավորվում իմ «մտավոր ստանդարտների» մեջ, ես համբերատա՞ր եմ լսում, երբ մարդիկ «բռնացնում են» ինձ փողոցում ու սկսում են պատմել իրենց դժվարությունների մասին, թե՞ լսելով, մտածում եմ` «էլի նույն բողոքներն ու «ինքնախղճահարությունը»: Իսկ ես բավականաչափ լայնախո՞հ եմ, որ չվրդովվեմ եւ չպատասխանեմ, երբ իմ հասցեին կոպիտ բառեր են ասում կամ գրում: Հաստատ կան մարդիկ, որոնք ինքնագիտակցության եւ բանականության առումով ավելի բարձր կետերի հասել են եւ իրենց ավելի բարդ հարցեր են տալիս, քան ես»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս