«Ինչո՞ւ Ղազախստանը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը». պարզաբանում է Ղազախստանի դեսպանը

«Կրոնի դերը հասարակական-քաղաքական կյանքում դառնում է ավելի կարևոր կոմպոնենտ այդ հարաբերությունների կառուցման համար: Մյուս կողմից, միաժամանակ, կրոնը դառնում է այն ոլորտը, որտեղ տեղի են ունենում շատ հակասական իրադարձություններ, որոնք, ցավոք, այսօր կապվում են ինչպես՝ գլոբալ, այնպես էլ՝ տարածաշրջանային անվտանգության հետ: Ղազախստանը, գտնվելով Եվրասիայի սրտում, ինչպես աշխարհագրական, այնպես էլ գեոպոլիտիկ և գեոտնտեսական դիրքերով, այդ հակասություններն ավելի ուժեղ է զգում, ու, բնականաբար, պատահական չէ, որ հենց Ղազախստանը փորձեց իր ներդրումն ունենալ՝ լավացնելու ընդհանուր աշխարհի կրոնական հարաբերությունները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին նշեց Հայաստանում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը՝ հավելելով, որ այդ նպատակով կազմակերպված այցերի խնդիրն է՝ հավաքել կրոնական և քաղաքական գործիչներին՝ կասեցնելու համար այն կոնֆլիկտները, որոնք կարող են լինել կրոնական հողի վրա:

Նա նաև նշեց, որ դա ահաբեկչության դեմ պայքարի միջոց է՝ հաշվի առնելով այն, որ հատկապես մուսուլմանական երկրներում տեղի են ունենում շատ հակասական երևույթներ:

Ուկրաինայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանն էլ հավելեց, որ Հայ Առաքելական եկեղեցին ևս ակտիվ անդամ է այդ սամիթի, ու երկրորդ այցին ներկա է եղել հենց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն. «Գրեթե 4 անգամ ավելացել է մասնակիցների թիվը: Մեծ ջանքեր են գործադրվել Ղազախստանը կրոնական գործիչների համար երկխոսության հարթակ դարձնելու գործում: Սա մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն՝ շփվել ու ճանաչել միմյանց, այլ նաև՝ իմանալ ամբողջ աշխարհի խնդիրների ու դժվարությունների մասին»:

Հարցին՝ ահաբեկչության դեմ պայքարն առաջին հերթին պետք է լինի Ցեղասպանության ճանաչումը, բայց ոչ Ղազախստանը, ոչ Ուկրաինան դա դեռ չեն արել, ինչպե՞ս կբացատրեք դա, դեսպանը պատասխանեց. «Առաջին անգամ անկեղծ կասեմ Ղազախստանի դիրքորոշումը՝ Ցեղասպանության ճանաչման հետ կապված: Նախ՝ Ղազախստանը ցավում է 1915թ. անմեղ զոհերի համար, նրանք զոհ գնացին հանուն ազատության, անկախության: Մենք գիտենք, որ հարցը շատ զգայուն է հայ ժողովրդի համար: Նախ, երբ խոսում ենք Ցեղասպանության ճանաչման մասին, պետք է այդ հարցն առաջին հերթին ուղղել, հասցեագրել նրան, ով մեղադրվում է դրանում: Հետո, Ղազախստանն էլ բավականին մեծ զոհեր է տվել 1920-30-ականներին, գիտեք, որ Ղազախստանում էլ սովից մահացել է բնակչության 40%-ը:

Կարդացեք նաև

Բայց դրանով հանդերձ, չնայած՝ Ղազախստանում էլ քննարկումներ են գնում այն մասին, որ դա պետք է ղազախ ժողովրդի հանդեպ ցեղասպանություն հռչակել, մեր կառավարությունը չի գնում այդ ճանապարհով: Եթե մենք սկսենք խոսել ցեղասպանության դատապարտման մասին, դա միշտ երկրորդ հարցն է առաջ բերում՝ իսկ ո՞վ է դրանում մեղավոր: Մենք չէինք ուզենա այնպիսի քայլեր անել, որոնք չեն բարելավի ընդհանուր իրավիճակը ոչ միայն՝ այլ երկրների հետ Ղազախստանի հարաբերությունների հարցում, այլև առհասարակ ընդհանուր իրավիճակը տարածաշրջանում ու ԵՏՄ-ի շրջանակներում:

Դա միայն հավելյալ տարաձայնություններ, խնդիրներ կառաջացնի: Կարծում ենք՝ կգա ժամանակ, որ այդ հարցում Հայաստանն ու Թուրքիան կգան համաձայնության, փոխըմբռնման: Հայոց ցեղասպանության հարցում պատմական գնահատականներ շատերն են տվել, ու հայտնի են բոլորին, իսկ քաղաքական գնահատականները կարելի է տալ այն ժամանակ, երբ դրա համար կան համապատասխան անհրաժեշտ պայմաններ:

Այս իրավիճակում նման քաղաքական գնահատականը, մեր կարծիքով, տարածաշրջանում խաղաղություն չի բերի: Հուսով եմ, որ Հայաստանն ու Թուրքիան այս հարցում ընդհանուր լեզու կգտնեն»:

Ուկրաինայի Հայոց թեմի առաջնորդ տեր Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանն էլ հավելեց. «Ցանկացած հայի, հոգևոր ծառայողի համար սա շատ կարևոր հարց է, որովհետև ամենամեծ ողբերգությունն է մեր ժողովրդի համար: Մեզ համար շատ կարևոր է ստանալ տարբեր երկրների ու մարդկանց բարոյական աջակցությունը: Պարոն դեսպանն ասաց, որ գործընթացը պետք է հասունանա: Այո, գործընթացը նախ՝ պետք է հասունանա: Ուկրաինայում առաջին անգամ ապրիլի 24-ին Գերագույն ռադայում հարգեցին զոհերի հիշատակը 1 րոպե լռությամբ: Մենք պետք է միջազգային հանրությանը տարբեր միջոցներով բերենք դրան: Մենք մեր ցավը չպետք է փաթաթենք, բայց ուզում ենք, որ մեզ ոչ թե՝ խղճան, այլ՝ հասկանան»:

Տեսանյութեր

Լրահոս