Իրանը հայտարարել է Boeing-ից 100 ինքնաթիռի գնման շուրջ պայմանավորվածության մասին
Թեհրանը հայտարարել է, որ համաձայնություն է ձեռք բերել ամերիկյան Boeing ընկերության հետ՝ 100 քաղաքացիական ինքնաթիռ ձեռք բերելու մասին:
«Մենք երկրում ունենք 250 ինքնաթիռ, որից 230-ն անհրաժեշտ է փոխարինել»,- Իրանի քաղավիացիայի ղեկավար Ալի Աբեդզադեհի խոսքերը մեջբերում է AFP գործակալությունը:
Ընկերությունում չեն հաստատել, որ գործարքը կնքվել է: Նախօրեին Boeing-ի ներկայացուցիչները հայտարարել էին բրիտանական Guardian պարբերականին, որ ինքնաթիռների գնման շուրջ բանակցություններ ընթանում են, սակայն հրաժարվել էին մանրամասներ հաղորդել:
Ինքնաթիռների գնումը հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ անցած տարի Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցները չեղյալ հայտարարվեցին:
Ավելի վաղ Իրանի իշխանությունները հայտարարել էին, որ մոտակա 10 տարում Իրանին անհրաժեշտ է նվազագույնը 400 ինքնաթիռ՝ փոխելու երկրի հնացած օդանավերը: