ՏԿԶ նախարարությունը նախաձեռնում է նախարարին կից հասարակական խորհրդի կազմը լրացնելու գործընթաց
Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին կից գործող հասարակական խորհրդի կազմը լրացնելու նպատակով հայտարարում է հավակնորդների դիմումների և փաստաթղթերի ընդունման գործընթացի մեկնարկը` հունիսի 20-ից: Այս մասին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար ությունից:
Հասարակական խորհրդի կազմում կարող են ընդգրկվել հասարակական կազմակերպություններ, զանգվածային լրատվության միջոցներ, ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպություններ, ինչպես նաև այլ շահագրգիռ անձինք, որոնց գործունեության բնույթը համընկնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության գործունեության հիմնական ուղղություններին, համապատասխան ոլորտում ունեն առնվազն 2 տարվա մասնագիտական փորձառություն և որոնց մասնակցությունը Խորհրդի աշխատանքներին կարող է նպաստել Խորհրդի առջև դրված խնդիրների և նպատակների առավել արդյունավետ իրականացմանը:
Խորհրդի հավակնորդ անդամները գրավոր կարգով նախարարություն են ներկայացնում դիմում` խորհրդի կազմում ընդգրկվելու համար և տեղեկատվություն/ փաստաթղթեր Խորհրդի հավակնորդ անդամին ներկայացվող պահանջներին համապատասխանությունը հիմնավորելու համար:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է`2016թ. հուլիսի 20-ը: Փաստաթղթերը ներկայացվում են ՏԿԶ նախարարություն` Երևան 0010, Հանրապետության Հրապարակ, կառավարական տուն N 3 հասցեով (հեռ. 511360):