Բաժիններ՝

Օֆելյա Համբարձումյանին վերջին հրաժեշտը տեղի կունենա հունիսի 16-­ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում

Օֆելյա Համբարձումյանի թաղման կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: Հանձնաժողովից «Արմենպրես»-­ին տեղեկացնում են, որ Օֆելյա Համբարձումյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 15-­ին, ժամը 18:00­-20:00­-ն, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ հունիսի 16-­ին, ժամը 12:00-­14:00­-ն, «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Հուղարկավորությունը` ժամը 14:00-­ին, Կոմիտասի անվան այգու պանթեոնում:

Հունիսի 13-­ին, 91 տարեկանում իր մահկանացուն կնքեց անվանի երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանը:

Օֆելյա Կարապետի Համբարձումյանը ծնվել է 1925 թվականի հունվարի 9-­ին, Երևանում:

Ըստ ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի՝ դեռևս աղջնակ՝ ապագա երգչուհին ակտիվորեն մասնակցել է դպրոցականների քաղաքային պալատի ժողնվագարանների անսամբլի աշխատանքներին՝ բոլորին հիացնելով իր զրնգուն ձայնով և բացառիկ օժտվածությամբ: Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանն ավարտելուց անմիջապես հետո՝ 1944 թվականին, հրավիրվել է Ռադիոյի ժողնվագարանների անսամբլ (հետագայում՝ Արամ Մերանգուլյանի անվան), որը դարձավ նրա ստեղծագործական կատարելագործման և թռիչքի դարբնոցը:

Օֆելյա Համբարձումյանի երգն առանձնանում էր խոր արտահայտչականությամբ, ազգային վառ երանգավորումով: Հայ երգարվեստի մի ողջ դարաշրջանի կրողն ու մարմնավորումը համարվող երգչուհին նոր խոսք, ժողովրդական երգեցողության նոր որակներ բերեց իր հետ, հիրավի, անգերազանցելի կատարումներով մշտապես հիացնելով հանդիսատեսին, տասնյակ հազարավոր մարդկանց՝ Հայաստանում և արտերկրի հայկական գաղթօջախներում: Երգչուհու երկացանկում առանձնահատուկ տեղ են գրավել Սայաթ Նովայի ստեղծագործությունները՝ «Յիս կանչում իմ լալանին», «Չկա քիզի նման» և այլն: Մեծ հաջողությամբ է կատարել Ջիվանու, Շերամի երգերը, նաև աշուղներ Հավասու, Աշոտի և Շահենի ստեղծագործությունները, որոնցից շատերի առաջին կատարողն էր:

Արգասաբեր ստեղծագործական կյանքի, ժողովրդի հույզերը, զգացմունքներն ու ապրումները մարմնավորելու և ներկայացնելու բացառիկ տաղանդի շնորհիվ, հայ երգի բոլոր ժամանակների ամենանշանավոր կատարողներից մեկը՝ Օֆելյա Համբարձումյանը վայելել է համաժողովրդական սեր և հարգանք՝ ժողովրդի իսկ կողմից արժանանալով «Հայ երգի թագուհի» կոչմանը:

Արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչման (1959 թվական), 2011 թվականին՝ ՀՀ Նախագահի հրամանագրով արժանացել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս