Սնանկացման բոլոր գործերն ավարտվում են լուծարումներով

Այսօր ԱԺ արտահերթ նիստում ՀՀ արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը ներկայացրեց «Սնանկության մասին» ՀՀ օրենքում և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը: Ըստ նրա՝ խնդիրն առողջացման ծրագրերը կարգավորելն է:

Ա.Մկրտչյանը նշեց, որ կառավարիչների վարձակալության չափը նրանց չի խրախուսում առողջացման գործընթացի գնալ: Փոխնախարարի խոսքով՝ ներկայումս սնանկության ոլորտում բացակայում է ճգնաժամային կառավարման մեխանիզմը, օրենքը պարտավորեցնում է պարտապանին դիմել դատարան՝ կամավոր սնանկության այն դեպքում, երբ պարտավորությունները գերազանցում են՝ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի, և ավելի չափով գերազանցում են պարտապանի ակտիվների արժեքը:

Կամավոր սնանկության դիմումին հետևում են  սահմանափակումները՝  մորատորիումը, ինչը գործնականում ստեղծում է դժվարություններ ընկերության հնարավոր առողջացման և շուկա վերադառնալու հրատապ քայլեր կատարելու համար:  Ըստ Մկրտչյանի՝ խնդիրն այն է, որպեսզի սնանկության կանխատեսման դեպքում արդեն իսկ առողջացման ծրագիր սկսվի:

Փոխնախարարը նշեց, որ ամեն տարի լինում են  2000 և ավելի սնանկության գործեր, ճշգրիտ թիվ հնարավոր չէ ասել, քանի որ գործերը երկար են ձգվում: Ա.Մկրտչյանը նշեց, որ մտահոգիչ է առողջացման ծրագրերի սակավությունը՝ մի քանի տասնյակ, և դրա պատճառով է, որ գործարարությամբ զբաղվելու ցուցիչով Հայաստանը հետընթաց ունի, քանի որ բոլոր գործերը հիմնականում ավարտվում են լուծարումներով:

 

Տեսանյութեր

Լրահոս