Զախարովան, ՀՕՊ պայմանագիրը և Ալիևը

Կառավարության առաջարկով երեկ հրավիրված ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում ՌԴ-ի հետ միավորված հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը չի ներառվել։ Դրա շուրջ ստեղծված աժիոտաժը հուշում էր, սակայն, որ խնդիր է դրված՝ օր առաջ վավերացնել համաձայնագիրը, որն ընդգրկված էր ԱԺ գարնանային նստաշրջանի վերջին նիստի օրակարգում։

Առավել ևս, որ, ինչպես իշխող ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էր ավելի վաղ հայտարարել, դրա վավերացումը նախապայման էր՝ 200 մլն դոլարի զենքը ՀՀ-ին վերջապես մատակարարելու համար։ Երեկ Վահրամ Բաղդասարյանը՝ Համաձայնագրի վավերացման «շտապ» լինելը լրագրողների «երևակայության» արգասիք է անվանել ու հայտարարել, թե «մեր ժամկետները որոշում ենք մենք», իսկ «մենք չենք շտապում»։

Թե ի՞նչ է փոխվել շտապել-չշտապելու հիմքում, Բաղդասարյանը չի պարզաբանել։ Վերլուծաբաններից ոմանք կարծում են, թե խնդիրը Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման կապակցությամբ Ռուսաստանից հնչող արձագանքն է՝ ի դեմս ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության, թե ՌԴ-ի համար անհասկանալի է Երևանում Նժդեհի արձանի տեղադրումը։ Այդ հայտարարությունը հնչեց այն տեղեկության հրապարակումից ժամեր անց, ըստ որի՝ առաջիկայում Սանկտ Պետերբուրգում ՌԴ-ն նախաձեռնելու է ՀՀ-ի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը։ ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակն իր հերթին՝ ՌԴ-ին անուղղակի մեղադրեց Ադրբեջանի կողմից ֆինանսավորվող քարոզչական ալիքին մասնակցելու համար։ Այսինքն՝ ՌԴ-ն տարբեր խողովակներով փորձում է ճնշում գործադրել ՀՀ-ի նկատմամբ՝ նախագահների հանդիպումը հատկապես ու մասնավորապես ՌԴ-ում ու ՌԴ-ի հովանու ներքո անցկացնելու համար՝ դրանից բխող բոլոր ադրբեջանանպաստ հետևանքներով։ Թե որքանո՞վ են այս հարցերը փոխկապակցված, «168 ժամը» փորձեց պարզել ՀՀ քաղաքական ուժերի ներկայացուցիչներից։

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ գուցե այս ամենի մեջ ինչ-որ զուգադիպություն կա, բայց այդ զուգադիպությունը կարելի է օրինաչափ համարել։ Նա բացարձակապես անհասկանալի և անընդունելի համարեց ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակի հայտարարությունը. «Իրենք իրավունք չունեն Նժդեհի մասին, որ մեր լավագույն մտածողներից ու փիլիսոփաներից մեկն է, նման գնահատականներ հնչեցնել։ Որևէ երկրի ԱԳՆ կոռեկտության բոլոր սահմաններն անցնող նման հայտարարություն անելու իրավունք չունի, հատկապես, որ այն իրականության հետ որևէ աղերս չունի»։ Արդյո՞ք սա ազդակ կամ ճնշում է նախագահների հանդիպումից առաջ։ Ն.Զոհրաբյանը նշեց, որ մենք միշտ ակնկալում ենք, որ որևէ մեկը՝ ՌԴ-ն,

ԵՄ-ն կամ ԱՄՆ-ը, մեր շահերն իր շահերից ավելի պետք է պաշտպանի, և մենք մեր շահերը չենք պաշտպանում. «Բայց երբ դու քո շահերը հստակ ներկայացնում ես և հստակ օրակարգ ես ձևավորում, միշտ շատ ավելի շահեկան վիճակում ես հայտնվում։

Ռազմավարական գործընկերության առումով և բազմաթիվ այլ խնդիրների առումով ՌԴ-ի նշանակությունն անվիճելի է, բայց դա երբեք չպիտի լինի ռուսական կողմի ձեռքին շանտաժ, խաղաթուղթ` իր պայմաններն ու օրակարգը թելադրելու համար»։ Նա չբացառեց, որ ՀՕՊ համաձայնագիրն օրակարգից հանելն ինչ-որ առումով կարող է պատասխան լինել ռուսական քննադատությանը։

ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանն այս զարգացումներում անմիջական կապ չի տեսնում։ «Նժդեհի արձանի բացումը մեր խնդիրն է, ես չեմ կարծում, որ այստեղ որևէ կապ կամ ազդեցության մեխանիզմ կարող է լինել։ Դրանք լրիվ տարբեր երևույթներ են, չեմ կարծում՝ ռուսական կողմը նման պատկերացում ունենա քաղաքականության մեջ փոխկապակցվածության վերաբերյալ»։

Իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը «դիվանագիտական ազդակների» գուշակություններով չցանկացավ զբաղվել։ Թե նախագահների հանդիպման մեջ ո՞ր կողմն է ավելի շահագրգիռ, Զուրաբյանը նշեց. «Եթե խոսքը Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման մասին է, բոլորն էլ շահագրգիռ են՝ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, և՛ Ռուսաստանը, և՛ Ֆրանսիան, և՛ ԱՄՆ-ը։ Ամբողջ աշխարհը շահագրգիռ է, որ հակամարտությունը խաղաղ եղանակով կարգավորվի։ Իսկ թե կոնկրետ հանդիպումով ով ինչ շահագրգռություն կամ շահեր ունի, սա նույնպես գուշակությունների ոլորտից է»։ ՀՕՊ համաձայնագիրը վավերացնելու հարցն ԱԺ օրակարգում ներառել-չներառելու՝ իշխանության փոփոխական տրամադրությունները Լ.Զուրաբյանն «անհեթեթ քայլեր» անվանեց և հորդորեց դրա բացատրությունը ստանալ իշխանությունից։

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ևս ՀՕՊ-ի շուրջ իրավիճակը թողեց ՀՀԿ-ի ու կառավարության պարզաբանմանը, իսկ Նժդեհի արձանի քննդատությունների մասին նշեց. «Նժդեհի մասին նո՞ր են իմացել։ Մինչև հիմա չգիտեի՞ն, թե Նժդեհի անունով ինչքան բան է կոչվում, և, որ Հանրապետականը հենց նժդեհյան կուսակցություն է»։
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ՀՕՊ համաձայնագրի վերաբերյալ նշեց 3 պատճառ. «Այդ հարցում դեր խաղաց բարձրացած աղմուկը, երկրորդը՝ ուզում եմ հավատալ, որ փորձել են Ռուսաստանին ինչ-որ մի փոքր ատամ ցույց տալ, բայց ճիշտն ասած՝ չեմ պատկերացնում, որ այս իշխանություններն այդ խիզախումն ունենան։

Երրորդ՝ կարծում եմ, այդքան էական չի եղել ՌԴ-ի համար այդ պայմանագիրը կնքելը»։ «Ատամ ցույց տալն» Ա.Մարտիրոսյանը չկապեց Նժդեհի արձանի շուրջ քննադատությունների հետ՝ նկատելով, որ արձանն ընդամենը պատրվակ կարող է լինել, բայց ոչ՝ արմատական խնդիր. «Իրենք հանրապետության նախագահին որ նշանակում են նախագահի պաշտոնում, թույլատրում են կեղծարարությամբ զբաղվի, հետո էլ նա գնում է Պուտինին շնորհակալություն է մաղթում, չգիտեի՞ն, որ այդ կուսակցությունը պաշտոնապես նժդեհական է, կրում է Նժդեհի գաղափարախոսությունը։ Գիտեին։ Ուրեմն խնդիրը Նժդեհի արձանը չէ, խնդիրն այլ է»։

Ըստ Ա.Մարտիրոսյանի՝ կապ չկա նաև նախագահների հանդիպման հետ. «Ես կարծում եմ՝ նշածս 3 հանգամանքը կարող են դեր խաղացած լինել, հնարավոր է՝ 3-ն էլ միաժամանակ լինի՝ այս կամ այն չափաբաժնով, բայց չեմ կարծում, որ հանդիպման հետ կապ ունենա։ Հանդիպումը մի փոքր այլ իրավիճակ է, այս պայմանագիրն անցած տարի է ստորագրվել, ԱԺ-ում հիմա ընդամենը վավերացման խնդիրն է դրված, և որպես միջազգային փաստաթուղթ՝ Սահմանադրական դատարանն էլ իր հավանությունը տվել է, դրա համար մտել է ԱԺ։ Այդ պատճառով՝ ես կարծում եմ, որ այստեղ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների շրջանակում է հարցը գտնվում, իսկ նախագահների հանդիպման հետ կապված՝ որոշակի աշխարհաքաղաքական համաձայնություններ են անհրաժեշտ»։

Տեսանյութեր

Լրահոս