«Կառավարությունն ընդգծում է խորհրդարանական մեծամասնության և իր վասալային հարաբերությունները». Նիկոլ Փաշինյան
Այսօր Ազգային ժողովի նիստի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վերջին երկու տարիների ընթացքում լիագումար նիստերին բյուջեի կատարողականի հաշվետվությունը ոչ այնքան քաղաքական է, որքան հաշվապահական:
«2012 թվականին խնդիր էր դրված, որ բյուջեի կատարողականի հաշվետվությունը ոչ թե հաշվապահական թղթեր են, այլ քաղաքական փաստաթուղթ: Մարզպետները, օրինակ, բոլորը գալիս էին բյուջեի կատարողականներին, ոնց որ ասեին՝ ջնջել եմ պետական բյուջե, շահել եմ երեք միլիարդ դրամ, վերջակետ: Դրանից հետո հանձնաժողովներում գոնե չհաջողվեց նման քաղաքական քննարկում իրականացնել, որովհետև հաշվապահական ընկալումը շարունակում էր մնալ իշխող: Հիմա, վերջին երկու տարիների լիագումար նիստերին նույն խնդիրն ունենք:
Կառավարությունը զեկուցելու է ուղարկում գխավոր գանձապետին, որը քաղաքական որոշումների՝ գումարների ո՛չ հավաքագրման, ո՛չ էլ ծախսման պատասխանատուն է: Գրված է, որ արտակարգ իրավիճակների նախարարը, ոստիկանապետը պետք է գային հանձնաժողով և հանդես գային՝ որպես հիմնական զեկուցողներ, բայց նրանցից որևէ մեկը չի բարեհաճել, սա խորհրդարանական մեծամասնության և կառավարության հարաբերությունների խնդիրն է, այսպես կառավարությունն ընդգծում է խորհրդարանական մեծամասնության և իր վասալային հարաբերությունները: Եթե այդպես չլիներ, Ազգային անվտանգության ծառայության տնօրենն իրեն չէր դնի Ֆրդրիխ Էնգելսի տեղն ու ասի՝ ես չեմ գալիս ու չեմ զեկուցում. սա ամենակարևոր արձանագրումն է»,- հայտարարեց Ն. Փաշինյանը:
Ի պատասխան՝ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն ասաց, որ Ն. Փաշինյանի պատկերացումները ՀՀ խորհրդարանական մեծամասնության և կառավարության հարաբերությունների վերաբերյալ բոլորովին չեն համապատասխանում իրականությանը:
«Շուրջ 5 տարիների ընթացքում էապես փոխվել է քննարկումների որակը, 5 տարի առաջ մարզպետները միայն նշում էին իրենց ծախսերը, իսկ հիմա այդպես չէ, դա իրոք ձեռքբերում է: Իհարկե, կարևոր է՝ ով պետք է ներկայացնի այդ հաշվետվությունը, բայց դա ամենակարևորը չէ, ամենակարևորն այն է, թե ինչ որակով են անցկացվում այդ քննարկումները»,- նշեց Գ. Մինասյանը: