Դավիթ Յանի նոր ստարտափը ստացել է 3 մլն դոլար
ABBYY-ի հիմնադիր, հայազգի Դավիթ Յանը Գարի Ֆոուլերի հետ միասին հիմնադրել է Findo որոնողական համակարգը: Համակարգը ստացել է 1.5 մլն դոլարի ներդրում ABBYY ընկերությունից: Եվս 3 մլն դոլար ներդրում կտրամադրվի առաջիկա ամիսներին:
Findo-ն իր տեսակով բացառիկ համակարգ է, քանի որ հասկանում է մարդկային լեզուն: Առայժմ համակարգը հասկանում է միայն անգլերեն, սակայն հետագայում նախատեսվում է նաև ավելացնել այլ լեզուներ: Համակարգի միջոցով հնարավոր է ամպային պահոցներում գտնել տարբեր փաստաթղթեր:
Համակարգից օգտվելու համար պարզապես անհրաժեշտ է գրանցվել կայքում և մուտքագրել որոնվող ֆայլի անունը: Եթե ամբողջությամբ չեք հիշում անունը, ապա համակարգը կօգնի գտնել դրանք բովանդակային որոնման շնորհիվ:
Առայժմ համակարգը թույլ է տալիս ֆայլեր փնտրել Dropbox, Gmail, Outlook, Google Drive, Yahoo, Evernote և Exchange ծառայություններում, սակայն հետագայում այս ցանկը կընդլայնվի:
Ծառայությունը հասանելի է միայն web և iOS համակարգերում, սակայն Դավիթ Յանը նշել է, որ առաջիկա ամիսներին կթողարկվի նաև Android տարբերակը: Ըստ համակարգի գրանցած հաջողությունների՝ այն կտարածվի նաև մեսինջերներում:
Սիրարփի Աղաբաբյան