«Արևմուտքը Ռոբերտ Քոչարյանի վրա այլևս խաղադրույք չի կատարի». քաղաքագետ

«Ինչպես և իր բոլոր նախորդ հարցազրույցներում, այս հարցազրույցում ևս Ռոբերտ Քոչարյանն ունի մեկ գիծ, որը միշտ առաջ է քաշում՝ տարանջատվել գործող իշխանություններից և ցույց տալ, որ իր ժամանակ ամեն ինչ համեմատաբար լավ է եղել, և ամեն վատ բան սկսվել է այն ժամանակ, երբ ինքն արդեն նախագահ չէր»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Արմեն Բադալյանը՝ խոսելով երեկ տված՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի մասին:

Ա. Բադալյանի խոսքով՝ Հայաստանի քաղաքական կյանքում «մեռելային» հանգստություն է տիրում, լրատվական դաշտն ազատ է մնացել, և Ռ. Քոչարյանի կողմից օգտագործվեց այս առիթը, որպեսզի լրատվական դաշտի ուշադրությունը նույնպես ուղղորդվի դեպի իր հարցազրույցը և կարևորվի իր անձը. «Քանի որ հիմա ինքն իրենից քաղաքական որևէ կշիռ չի ներկայացնում Հայաստանի քաղաքական դաշտում, բնականաբար, ժամանակ առ ժամանակ տրվող հարցազրույցներն իր մասին հիշեցնելու առիթ են ծառայում»:

Մեր զրուցակցի համար էական չէ, թե կոնկրետ այս կամ այն հարցի վերաբերյալ ինչ մոտեցում է դրսևորել Ռ. Քոչարյանը, որովհետև, ըստ նրա՝ կան նախկին շատ պաշտոնյաներ, և ճիշտ չէ մեկնաբանել բոլորի հարցազրույցները:

– Իր նախորդ հարցազրույցներից տարբերվող ինչ-որ տեսակետ չտեսա՞ք այս վերջին հարցազրույցի մեջ. օրինակ՝ այն, որ ՀԱՊԿ-ի և ԵՏՄ-ի վերաբերյալ քննադատական որոշակի կարծիք հայտնեց:

– Ոչ մի փոփոխություն էլ տեղի չի ունեցել, որովհետև ռուսական ներկայիս հարաբերությունների հիմքն ինքն է դրել: Ինչ վերաբերում է քննադատությանը՝ ԵՏՄ-ին և ՀԱՊԿ-ին, ապա այնտեղ քննադատություն չկար, դա ուղղակի որոշակի շեշտադրումների հստակեցում էր, որ Հայաստանն այնքան էլ չպետք է ՀԱՊԿ-ի վրա ուշադրություն դարձնի, որովհետև, ի վերջո, ՀԱՊԿ-ն Ռուսաստանի ռազմական շահերը սպասարկող կառույց է, և ոչ թե՝ կոլեկտիվ անվտանգության կառույց: Այսինքն՝ դիտարկել, որ նա քննադատում է, մեսիջներ է ուղարկում Արևմուտքին, չեմ կարծում, թե այդպես է: Եթե անգամ այդ նպատակն է ունեցել, ապա Արևմուտքն իր վրա այլևս խաղադրույք չի կատարի, նա արդեն անցած-գնացած գործիչ է:

– Անընդհատ իր մասին հիշեցնելը, հարցազրույցներով հանդես գալն արդյոք չի՞ նշանակում, որ Ռ. Քոչարյանը պատրաստվում է վերադառնալ՝ հաշվի առնելով նաև, որ իր թիմակիցներն արդեն կուսակցություն հիմնելու հայտ են ներկայացրել: Նկատի ունենք նախկին արտգործնախարար և ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի ստեղծելիք կուսակցությունը:

– Հարցազրույցներ տալով՝ նա ցույց է տալիս, որ նա այնքան էլ դուրս չի եկել քաղաքականությունից, որովհետև քաղաքականությունից դուրս եկած նախկին պաշտոնյաները հարցազրույցներ չեն տալիս: Ուղղակի նա քաղաքական պասիվ կարգավիճակում է գտնվում: Ակտիվանալու համար տարբեր միջոցառումներ կան, նաև՝ կուսակցությունների ստեղծում, և այլն: Հիմա կարող եք ասել՝ իր նախկին թիմակիցները կուսակցություն են ստեղծում, բայց չմոռանանք, որ Հանրապետական կուսակցությունն էլ էր իր թիմակիցները, այնտեղ պատգամավորների մեծ մասը հենց պատգամավոր են դարձել իր ներկայացրած ցուցակի արդյունքում:

Իր թիմակիցները հենց այսօրվա գործող նախագահն է, վարչապետն է, այսօրվա ՀՀԿ-ի բազմաթիվ գործիչներն են, այնպես չէ, որ նա թիմակիցների խնդիր ունի, ուղղակի նա քաղաքական գործընկերների խնդիր ունի: Իսկ արդյոք այդ «Համախմբում» կուսակցությունը կլինի՞ նրա համար քաղաքական հենարան. նման շատ հարցեր որոշվում է ոչ թե՝ հասարակության կողմից, այլ՝ դրսի աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից:

– Դուք նշեցիք, որ Ռոբերտ Քոչարյանը ժամանակ առ ժամանակ նման հարցազրույցներ տալով՝ ուզում է տարանջատվել գործող իշխանություններից և գործող նախագահից. եթե ոչ՝ վերադառնալու, ապա ինչի՞ համար է նա դա անում:

– Ռուսաստանի «զապաս վարիանտ» լինելու համար. մեկ էլ տեսար՝ մի օր պետք կգա:

Տեսանյութեր

Լրահոս