Բաժիններ՝

Այս տարի Տոլմայի տոնին կմասնակցի նաև Բանակը

Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հ/կ նախագահ Սեդրակ Մամուլյանը և ազգագրագետ Խորեն Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեցին մայիսի 21-ին Մուսալեռում անցկացվելիք «Ուդուլի» տոլմայի 6-րդ ավանդական փառատոնի մասին, անդրադարձան անվանակարգերին, որով մրցելու են մասնակիցները, ու այս տարվա փառատոնի առանձնահատկություններին:

Բանախոս Սեդրակ Մամուլյանը նշեց, որ նման փառատոների անցկացումը կարևոր նշանակություն ունի ազգային մշակույթի պահպանման ու զարգացման գործում.

«Տոլմայի տոնի գաղափարն առաջացել է 2011 թվականին, երբ մեր հարևան երկրի նախագահն իրենց Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի բացման օրն անդրադարձավ հայերի մշակութային «էքսպանսիային»՝ մշակութային արժեքների յուրացմանը, մատնանշելով տոլմայի օրինակը: Նա նույնիսկ այսպիսի միտք էր հայտնել՝ եթե որևէ հայի հարցնեք՝ ի՞նչ է նշանակում տոլման, չի կարող պատասխանել: Մենք մեր կազմակերպության խորհրդով որոշեցինք՝ կազմակերպել տոլմայի տոն, որը կլիներ մեր պատասխանը նշված անձի հայտարարությանը: Մի քանի տարի անընդմեջ այդ տոնը կազմակերպում էինք հատկապես «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի օրերին, որին մասնակցելու եկած բոլոր հյուրերին հրավիրում էինք տոլմայի տոնին: Իսկ տպավորություններն իրապես մեծ էին: 2011թ. մեր ամենակարևոր ձեռքբերումը տոլմայի և այդ տոնի մասին եղավ CNN հեռուստաընկերության պատրաստած, 2 օր անընդմեջ՝ 3 րոպե տևողությամբ եթեր հեռարձակվող հատուկ ռեպորտաժը, որը նկարահանվել էր հենց տոնի ընթացքում»:

Անդրադառնալով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում տոլման ներառելու խնդրին, Սեդրակ Մամուլյանն առանձնացրեց հետևյալ հանգամանքը.

«Եթե տեղյակ եք՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն որևէ մշակութային արժեք գրանցելու համար պարտադիր պայման է համարում տվյալ երկրում երևույթի հետ կապված կոնկրետ գործող ավանդույթի առկայությունը, և մենք որոշեցինք տոլմայի տոնի կազմակերպումը հենց այդ միտումով դարձնել ամենամյա ավանդույթ: Ի ուրախություն մեզ՝ պետք է նշեմ, որ տարեցտարի տոնի կազմակերպումն ավելի դյուրին պրոցեսի է վերածվում: Տոնը գնալով ավելի ու ավելի ներկայացուցչական է դառնում. ավելանում են տոնին մասնակցող տոլմայի տեսակները, մասնակիցների թիվը»:

Ազգագրագետ Խորեն Գրիգորյանն անդրադառնալով տոլմայի ստեղծման պատմությանը՝ նշում է.

«Մի կին, ով Ցեղասպանության տարիներին Ուրֆայից էր ու փրկվել էր, հարցումների ժամանակ ինձ մի դրվագ պատմեց իր կյանքից. ասում է, երբ մենք հասանք Իտալիա, առաջին կերակուրը, որ մայրս պատրաստեց՝ բանջարեղենով տոլման էր, ու ազգությամբ ոչ հայ հարևանները զարմանք կտրած՝ նայում էին, թե նա որտեղի՞ց մտահղացավ բանջարեղեններով ու մսով համադրած այսքան համեղ կերակուրի գաղափարը, որ իրականում տոլման էր: Մենք տարիներ շարունակ հետազոտություններ ենք անցկացնում՝ պարզելու հայկական ավանդական ազգային կերակուրների սկզբնաղբյուրները: Ռումինիայի հայերից դեռևս 19-րդ դարին արված հետազոտությունների հիման վրա, որ ներառում է Անիի հայկական խոհանոցը, բացահայտվել է սոխե տոլման, վուշի տոլման, և այլն: Ի դեպ, այստեղ մի նրբություն կա. եթե մենք փորձում ենք պատմական ակնարկներում տոլմա կերակուրը փնտրել հենց «տոլմա» անվանումով, ապա կարող ենք որոշ տեղեկություններ բաց թողնել, որովհետև հայտնի է, որ այս և շատ այլ կերակուրներ նաև այլ անվանումներով են գրանցված, սակայն, պատրաստման եղանակով և պահանջվող մթերքներով, դրանք իրենցից ներկայացնում են հենց բուն հայկական տոլման»:

Սեդրակ Մամուլյանը տեղեկացրեց, որ տոլմայի տոնի մասնակիցներն այս տարի մրցելու են երեք ՝ Լավագույն համ, Լավագույն տեսք և Լավագույն մտահղացում անվանակարգերում, վիճարկվելու է նաև գլխավոր մրցանակ՝ Grand Prix: Կլինեն նաև գավաթներ՝ հանդիսատեսի համակրանքի, լավագույն տաղավարի, երիտասարդ տաղավարի համար, և այլն: Ժյուրի կազմում ներգրավված են հանրապետության հայտնի արվեստագետներ.

«Մենք երկար ենք մտածել՝ պրոֆեսիոնա՞լ ժյուրիի կազմ հավաքել, թե՞ սիրողական, և հաշվի առնելով այն փաստը, որ սա, ի վերջո, ոչ թե մասնագիտական ֆունկցիաներ կրող փառատոն է, այլ տոլմայի հանրահռչակման նպատակ հետապնդող տոն, որոշեցինք ժյուրիի կազմում ընդգրկել սիրված և ճանաչված արվեստագետների: Այս տարի տոլմայի տոնին կմասնակցի թվով 30 տաղավար, թիմ է ներկայացնելու նաև մեր Բանակը: Ինչպես անցյալ տարիներին, այս տարի ևս կխաղարկվի «Ամենաերկար տոլմա» ներկայացումը: Փորձը ցույց է տվել, որ ամեն տարի այս տոնին ներկայացվում է մոտավորապես 70-75 տեսակի տոլմա»:

Ըստ Սեդրակ Մամուլյանի՝ պետական մակարդակով տոլմայի տոնի կազմակերպմանը մեկ անգամ աջակցություն է ցուցաբերել Մշակույթի նախարարությունը, մնացյալ տարիներին տոնը կազմակերպվել ու անցկացվել է անհատ բարերարների, Արմավիրի մարզի և մարզպետի, ինչպես նաև՝ Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հ/կ-ի ջանքերի շնորհիվ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս