Բաժիններ՝

Մշակույթի նախարարությունը վախենում է մասնակցել մամուլի ասուլիսի, որտեղ հնարավոր է՝ հնչի հայկական լավաշին առնչվող հարց

Այսօր մամուլի ակումբներից մեկում կազմակերպված ասուլիսին, որտեղ պետք է խոսվեր մայիսի 21-ին Մուսալեռում կազմակերպվող «Ուդուլի» տոլմայի 6-րդ ավանդական փառատոնի մասին, և որին մասնակցում էին Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հ/կ նախագահ Սեդրակ Մամուլյանը և ազգագրագետ Խորեն Գրիգորյանը, պարզվում է, հրավիրված է եղել նաև ՀՀ Մշակույթի նախարարության ներկայացուցիչը:

Պարզվում է, սակայն, որ ասուլին մասնակցելու հրավերը Մշակույթի նախարարությունը մերժել է, ո´չ ավել, ո´չ պակաս՝ հայկական լավաշի մասին ենթադրաբար հնչվելիք հարցից խուսափելու պատճառաբանությամբ: Ինչպես 168.am-ին փոխանցեցին մամուլի ասուլիսի կազմակերպիչները, վերոհիշյալ նախարարության ներկայացուցիչը նախ՝ հետաքրքրվել է՝ արդյո՞ք ասուլիսի ընթացքում հնարավոր է՝ հնչեցվի լավաշի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում այն ներառելու մասին հարցը: Լսելով կազմակերպչի պատասխանը, որ ըստ ամենայնի նման հարց կարող է հնչել, գերատեսչությունը որոշել է հրաժարվել մասնակցությունից՝ պատճառաբանելով նախ այսպես՝ այս իրավիճակում, երբ հայ-ադրբեջանական կողմերը բանակցային փուլում են, իրենք նպատակահարմար չեն գտնում անդրադառնալ լավաշի թեմային, այնուհետև սեփական որդեգրումը հաստատելու կամ արդարացնելու նպատակով՝ հակընդդեմ հարցով դիմել են կազմակերպչին, փորձելով հասկանալ՝ արդյո՞ք իրենք՝ մամուլի ասուլիսի կազմակերպիչները, այնուամենայնիվ, ճիշտ են համարում այս օրերին անդրադառնալ նման «վիճահարույց» հարցի քննարկմանը:

Լսելով ասուլիսի կազմակերպիչների հաստատող պատասխանը՝ հենց այս օրերին հատկապես լավաշի և տոլմայի խնդրին անդրադառնալու անհրաժեշտության մասին, ըստ ամենայնի վերջիններս ստիպված վերաքննության են դրել ասուլիսին չմասնակցելու սեփական հակազգային պատճառաբանությունը՝ այս անգամ հայտարարելով, թե վերջին շրջանում գերատեսչությունը հաճախ է հանդես գալիս մամուլի ասուլիսներով, և հերթականը՝ վերջինը նպատակահարմար են գտնում մերժել:

168.am-ը ասուլիսի մասնակից Սեդրակ Մամուլյանից փորձեց պարզել՝ ի՞նչ փուլում են գտնվում դեռևս 2014 թ. նոյեմբերին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 9-րդ նիստի ժամանակ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում հայկական լավաշը ներառելու մասին կայացված որոշման արդյունքները.

Կարդացեք նաև

«Մենք որպես կազմակերպություն՝ Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հ/կ-ի շրջանակներում անում ենք այն, ինչ կարողանում ենք, և´ լավաշի, և´ տոլմայի ուղղությամբ: Ես բազմիցս նշել եմ, որ մեր կազմակերպությունն ուղղակի չի ճանաչում ՅՈՒՆԵՍԿՕ-ն, մեր մշակութային ժառանգությունն այս կամ այն հարթակներում վիճարկելուն ուղղակի դեմ ենք, այդ ժառանգությունը մերն է, ու վերջ՝ լինի ՅՈՒՆԵՍԿՕ, թե տիեզերական ինչ-որ կազմակերպություն: Կարելի է հետաքրքրվել, թե որտեղի՞ց է ընդհանրապես ֆինանսավորվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ հատկապես ոչ նյութական մշակութային ժառանգության բաժինը, և կպարզեք, որ ճանապարհները տանում են դեպի Բաքու և Անկարա: Եթե դա այն ՅՈՒՆԵՍԿՕ-ն է, որը գորգագործության հայրենիքը համարում է Ադրբեջանը, ապա այդ կազմակերպության հետ կարելի է ընդհանրապես խզել բոլոր կապերը: Ես, համենայն դեպս, այդպես եմ գտնում, որպես խոհարար, թեև, երևի պետական այրերն այդպես մտածելու իրավունք չունեն, հետևաբար՝ մենք հարկ չենք համարում այդպիսի տեղերում վիճարկումներ տանել, հատկապես, այսպես ասած՝ մեր այդպիսի «հարևանների» հետ, բայց, եթե պետական որևէ գործառույթ կա՝ խնդիր չէ:

Միայն այդ պետական գործառույթները հաշվի առնելով՝ մեր կազմակերպությունը ԶԼՄ-ներին և Մշակույթի նախարարության ոչ նյութական մշակութային ժառանգության բաժնին առաջարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել ընդհանուր մշակված կերակուրների մի համակարգ, որտեղ նեռաված են հայկական տոնածիսական մի շարք կերակուրներ, այդ թվում՝ և´ տոլման, և´ լավաշը, և´ մնացած կերակուրները: Չգիտեմ՝ ինչ ընթացք ստացավ այս հարցը, մի քիչ անհասկանալի էր: Դա համընկավ այն ժամանակների հետ, երբ նախարարությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառելու էր դրել էպոսի, խաչքարերի հարցը: Ինձ պատասխանեցին, որ աշխատանքներն այդ պահին միայն այդ ուղղությամբ էին գնում: Լավաշի առնչությամբ գիտեմ, որ դիմել էին, հայտը, որքան հայտնի է, անցել է կոնվենցիայով սահմանված ընթացակարգային մի քանի փուլեր, բայց, որքան տեղյակ եմ՝ ադրբեջանական և թուրքական բողոքների ֆոնին՝ ինչ-որ լղոզված մերժում եղավ»:

Շարունակելով 168.am-ի բարձրացրած հարցը՝ Սեդրակ Մամուլյանը մտահոգություն հայտնեց մեկ այլ խնդրի առնչությամբ ևս.

«Մենք ունենք նախնական և միջին մասնագիտական կրթական համակարգ, որտեղ ապագա խոհարարներ և այլ մասնագետներ են պատրաստվում: Դասիչն ունի հացթուխի և հրուշակագործի մասնագիտություններ: Ապագա հայ հացթուխն իր սովորելու ընթացքում լավաշի հետ երբևէ որևէ առնչություն չի ունենում: Չափորոշիչները, որ դրված են այդ ուսումնական հաստատության հիմքում, ոչինչ լավաշի մասին չեն ներառում, ձեռնարկը՝ առավել ևս: Այսինքն՝ ապագա հայ հացթուխը սովորում է հաց թխել, բայց իր ուսումնառության ժամանակ երբևիցե չի առնչվում լավաշի պատրաստման եղանակի հետ, էլ չեմ ասում՝ ավանդական և բնական խմորիչների մասին: Ասեմ ավելին՝ խոհարարության մասով չափորոշիչների հետ կապված խնդիրներ կային, որոնց հետ մենք առնչվեցինք, պարզվում է՝ «ազգային» բառը մտցնելը նույնիսկ դժվարանում էինք, դա դժվարհաղթահարելի խնդիր դարձավ մեզ համար: Ապագա խոհարարն իր ուսանելու ընթացքում նախ և առաջ՝ ազգային խոհանոցին պետք է տիրապետի նոր միայն՝ մնացյալը»:

Հիշեցնենք, որ Փարիզում անցյալ տարվա նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 9-րդ նիստի ժամանակ որոշում էր կայացվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառել հայկական լավաշը: Կազմակերպությունն ընդունել էր Հայաստանի կողմից ներկայացված «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» հայտը: Հայտն անցել էր կոնվենցիայով սահմանված ընթացակարգային փուլերը՝ ստանալով փորձագիտական դրական եզրակացություն։ Սակայն սրան հաջորդել էր Թուրքիայի մշակույթի նախարարության պաշտոնական դիմումը ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որտեղ վիճարկության էր դրվել լավաշի հայկական ծագումը՝ վկայակոչելով, թե լավաշը ոչ թե՝ հայկական, այլ՝ թուրքական ծագում ունի, իսկ լավաշի թխման գործընթացը համարվում է թուրքական հարսանիքների անբաժանելի մասը:

Տեղեկացնենք նաև, որ առաջիկա օրերին 168.am-ը պաշտոնական հարցումով կդիմի ՀՀ Մշակույթի նախարարությանը՝ խնդրելով տրամադրել բոլոր պարզաբանումներն ու հիմքերը, որոնցով որոշում է ընդունվել հանել հայկական լավաշը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս