«Եթե Ադրբեջանը մի օր հայտարարի, որ պատրաստ է մուտք գործել ԵԱՏՄ, ու իրեն հարկավոր չեն Լեռնային Ղարաբաղի տարածքները, ապա դժվար թե որևէ մեկը դեմ լինի»

Մոսկվա-Երևան տեսակապի ընթացքում հայաստանյան և ռուսաստանյան քաղաքական ոլորտի մասնագետները լայնածավալ քննարկում անցկացրին «Անդրկովկասի եվրասիական ապագան։ Ինտեգրացման հեռանկարները ԵԱՏՄ հովանու ներքո» խորագրով թեմայի շուրջ: Երկու կողմերից հնչեցին բազմաթիվ կարծիքներ, առաջարկներ ու հարցեր ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի, Ռուսաստանի և մյուս անդամ երկրների համագործակցության վերաբերյալ: Հատկապես մանրամասն անդրադարձ կատարվեց տարածաշրջանի մյուս երկրների՝ ԵԱՏՄ մասնակից դառնալու հավանականությանը:

Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը նշեց, որ Հայաստանն Անդրկովկասյան միակ լիիրավ անդամն է ԵԱՏՄ-ում: «Փորձը ցույց է տալիս, որ Անդրկովկասը երբեք դրական արդյունք ու զարգացում չի գրանցել եվրոպական ինտեգրացիոն ֆորմատներում ներգրավվելիս»,- հայտարարեց Մարտինովը:

ՀՀ նախկին ԱԳ նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունն այն համոզմունքը հայտնեց, թե 20-րդ դարում Անդրկովկասյան տարածաշրջանում ամեն անգամ ստեղծվել է կոնֆլիկտային իրավիճակ, իսկ տնտեսությունը թուլացել է, երբ Ռուսաստանի կամ ԽՍՀՄ ազդեցությունը այդ շրջաններում թուլացել է: Նրա կարծիքով՝ Հայաստանում ներկայումս ստեղծված իրավիճակը ևս դրա արդյունքն է: «25 տարվա ընթացքում Անդրկովկասյան երկրների ինտեգրումը եվրոպական տարատեսակ ենթակառուցվածքներում չի տվել ոչ մի արդյունք. չի լուծվել ոչ մի տարաձայնություն, չի բարելավվել երկրներից ոչ մեկի տնտեսական վիճակը»,- ասաց Հարությունյանը:

Քաղաքագետ Սերգեյ Միխեևն էլ պնդում է, որ ԵԱՏՄ-ն հնարավորություն է տալիս անդամ երկրներին ինքնուրույն կառավարել երկիրը, և չկա նոր ԽՍՀՄ ստեղծելու որևէ միտում:

«Վերելք» ՏՎԿ գլխավոր խմբագիր Արշալույս Մղդեսյանը նշեց, որ ինտեգրացիան միայն քաղաքական որոշում չէ. հարկավոր է ակտիվ աշխատանք վարել հասարկության ու քաղաքացիների հետ՝ ավելի ստույգ ներկայացնելով, թե ինչ է իրենից ներկայացնում ԵԱՏՄ-ն: Քաղաքագետ Դավիթ Հարությունովը անդրադարձավ անվտանգությանը վերաբերող խնդիրներին: Մասնավորապես նա նշեց, որ ապրիլյան քառօրյա պատերզամի գործընթացում կարևոր գործոն էր նաև ռուս-թուրքական հարաբերություններն ու համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը Ադրբեջանի վրա: Նա նաև նշեց, որ ռուս-հայկական հարաբերությունները պետք է բարեփոխել՝ լուծել ուժերի հարաբերակցության խնդիրը՝ պահպանելով ու չոչնչացնելով եղածը: Հարկավոր է հայկական կողմի ձայնը լսելի դարձնել:

Քաղաքագետ Ջոնի Մելիքյանը, անդրադառնալով Վրաստանի և Ադրբեջանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության հնարավորությանը, նշեց, որ մինչև ռուս-թուրքական հարաբերությունները չվերադառնան նախնական կետին, դժվար թե Թուրքիան միանա ԵԱՏՄ-ին: Բացի այդ՝ օրակարգում դեռ առկա է Ղարաբաղյան հիմնախնդրի գործոնը: Իսկ Վրաստանը դեմ չի լինի միանալ ԵԱՏՄ-ին, եթե վերադարձվեն Հյուսիսային Օսեթիայի և Աբխազիայի տարածքները: «Հարաբերությունների զարգացումը հնարավոր է, քանի որ կան լավ հարաբերություններ կառույցի որոշ անդամների հետ: Ռուսաստանի հետ առևտրային հարաբերություններն ավելի են խորանում, սակայն կան կարմիր գծեր, որոնք անցնել չի կարելի: Նույն վիճակում է նաև Հայաստանը»,- ասաց մասնագետը:

Քաղաքագետ Աշոտ Սաֆարյանն էլ հավելեց, որ ռուս-թուրքական հարաբերությունները ստրատեգիական առումով արդեն նախկինը չէին նույնիսկ մինչև ինքաթիռի հայտնի դեպքը: «Նրանք ունեն բազմաթիվ հակասություններ ինչպես Սիրիայում, այնպես էլ սևծովյան ավազանում, բնականաբար դրանք պրոեկտվելու են ռուս- ադրբեջանական հարաբերությունների վրա: Բացի այդ, ինքնաթիռի միջադեպից հետո Ադրբեջանում շատ ավելի բարձր էին հնչում կոչերը հօգուտ Անկարայի»,- կարծում է քաղաքագետը: Նա նաև հավելեց, որ Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև առկա են նաև տարաձայնություններ նավթագազային հարցերում. տրանսկասպիական գազամուղով Եվրոպա հասնող ադրբեջանական գազն այնտեղ պետք է մրցակցի ռուսական գազի հետ: Առկա է նաև հակասություն Կասպիական ավազանում՝ կողմերը չեն կարողնում կիսել տարածքային ջրերը:

«Եթե Ադրբեջանը մի օր հայտարարի, որ պատրաստ է մուտք գործել ԵԱՏՄ, ու իրեն հարկավոր չեն Լեռնային Ղարաբաղի տարածքները, ապա դժվար թե որևէ մեկը դեմ լինի: Բայց կան տարածքային ու մարդկային ճակատագրերի հետ կապված խնդիրներ, որոնք ավելի են սրում իրավիճակը, ուստի այդ ուղղությամբ ցանկացած գործողություն կարող է ընդունվել սվիններով»,- նշեց Արշալույս Մղդեսյանը: Մասնագետը ընդգծեց այն փաստը, որ Ադրբեջանի կողմից արված ցանակցած հայտարարություն Հայաստանում ստանում է շատ լայն արձագանք:

Տեսանյութեր

Լրահոս