«Առանց արդյունքների հանդիպումը Վիեննայում կդառնա ագրեսոր Ադրբեջանի ներման ակտ»
Հարցազրույց Ռուսաստանի Դաշնության առաջին կարգի պետական խորհրդական, «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովի հետ
– Պարոն Կոլերով, հայտնի դարձավ, որ մայիսի 16-ին Վիեննայում նախատեսվում է Ալիև–Սարգսյան հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Քերիի, Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Լավրովի և Էյրոյի մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվելու են զինադադարի ռեժիմի պահպանման ամրապնդումն ու վստահություն ձեռք բերելու ուղիները, որը, իրենց խոսքով, կվերականգնի բանակցային գործընթացը՝ հիմնախնդրի լուծման հիմնարար սկզբունքների շուրջ: Այսինքն` ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակում տեղի ունեցող բանակցային գործընթացում մակարդակի փոփոխություն ևս տեղի է ունենում, երբ հանդիպում է նախատեսվում նախարարական մակարդակով: Ըստ Ձեզ` ի՞նչ կարելի է ակնկալել այս հանդիպումից, և ընդհանրապես ինչպե՞ս եք գնահատում ապրիլյան պատերազմին հաջորդած դիվանագիտական գործընթացը:
– Կարծում եմ, որ այդ հանդիպումն ագրեսորի ներման ակտ է: Վիեննայում կայանալիք բանակցությունները նախադեպ են ստեղծում, որպեսզի ապրիլյան պատերազմը կրկնվի ամեն ամիս, քանի որ Ադրբեջանի կողմից բանակցային գործընթացի խախտումը հանգեցրեց այն բանին, որ բանակցային գործընթացը չի կարող վերականգնվել՝ առանց հավելյալ նախապայմանների: Մայիսի 16-ին մենք կտեսնենք, թե ինչպիսի հավելյալ անհրաժեշտ պայմաններ են դրվել Ադրբեջանի առջև: Եթե այդ հավելյալ պայմանները չլինեն՝ դա կնշանակի՝ ագրեսորի ներում: Եթե ինչ-որ արդյունք լինի այդ բանակցությունների հետևանքով, ապա մենք այն կտեսնենք, առաջին հերթին, շփման գծին մոնիտորինգային առաքելություն տեղակայելու որոշումներում, որպես բանակցային գործընթացի մասնակից՝ ԼՂ կարգավիճակի բարձրացման որոշումներում: Եթե այդ հարցերը չլուծվեն, ապա հանդիպումը կլինի դատարկ, ապարդյուն: Ադրբեջանի առջև պետք է կտրուկ պայմաններ առաջ քաշվեն, այլապես անիմաստ է հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ:
– Այս օրերին շատ է կարևորվում ԼՂՀ մասնակցությունը բանակցային գործընթացին: Տեսնո՞ւմ եք հնարավորություն՝ բանակցային ձևաչափի համալրման համար, հատկապես, երբ ապրիլյան հարձակման թիրախը հենց Լեռնային Ղարաբաղն էր:
– Մինչև վերջերս այս համալրման գլխավոր հակառակորդը հենց Երևանն էր: Հույս ունեմ, որ Երևանն իր այդ դիրքորոշումը փոխել է: Այսպիսով՝ ստեղծվում է համանախագահների և Երևանի կոնսոլիդացված դիրքորոշում բանակցային գործընթացում: Այս դեպքում ակնհայտորեն ադրբեջանական կողմը հայտնվելու է միայնակի կարգավիճակում: Ուստի ստիպված կլինի մշակել դրան արձագանքելու ինչ-որ եղանակներ: ԼՂՀ մասնակցությունը բանակցային գործընթացին անհրաժեշտություն է: Եթե իմ սպասելիքներն արդարանան, ապա մայիսի 16-ի հանդիպումը կարելի կլինի արդարացված համարել, եթե՝ ոչ, ապա այդ հանդիպումն ավելորդ և վնասակար է, որը միայն խթանում է ագրեսորին: Ագրեսորին պետք է առաջադրվեն պայմաններ, և մենք ակնկալում ենք, որ այդ պայմաններն առաջ քաշվեն:
– Ինչպե՞ս եք այս ընթացքում գնահատում Մոսկվայի միջնորդական ջանքերը, որոնք Երևանում շատ են քննարկվում և քննադատվում:
– Ես կցանկանայի, որպեսզի Հայաստանում ավելի շատ քննարկվեր ԱՄՆ միջնորդությունը, քանի որ օրերս ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահ Ուորլիքը նշել էր, որ պետք է վերսկսել բանակցությունները՝ առանց հավելյալ պայմանների: Նա այսպիսի ուղիղ, բացասական պատասխան էր տվել Սերժ Սարգսյանի առաջարկներին այն մասին, որ բանակցությունների վերսկսման համար անհրաժեշտ են որոշակի անվտանգության երաշխիքներ: Ուորլիքն արեց բացառապես այլ հայտարարություն, բայց այն այդքան լայն չքննարկվեց Երևանում, որքան Մոսկվայի ջանքերը: Ինչո՞ւ: Ես գիտեմ` ինչո՞ւ, քանի որ Մոսկվան մտերիմ բարեկամ է, իրեն կարելի է քննարկել՝ ինչպես ցանկանում ես, իսկ ԱՄՆ-ը թագավոր է, Աստված և գեներալ, որի որոշումները չեն քննարկվում:
– Ռուսական գործոնը շատ ավելի շատ է քննարկվում Ձեր նշած պատճառից` հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունից և հակամարտության երկու կողմերին սպառազինություն վաճառելու Ռուսաստանի քաղաքականությունից ելնելով:
– Զենքի վաճառքը մեկ բան է, միջնորդական ջանքերը` մեկ այլ: Ռուսաստանի միջնորդական ջանքերն ԱՄՆ-ի ջանքերից առանձին քննարկելը դեմագոգիա է: Դա ճիշտ չէ: Հայաստանը պետք է անկախ լինի բոլորից, և՛ Ռուսաստանից, և՛ ԱՄՆ-ից, ճիշտ չէ՞:
– Պարոն Կոլերով, օրերս ադրբեջանական ԶԼՄ-ներից մեկը տեղեկություն էր տարածել, թե այս օրերին Ադրբեջանը ռուսական «Վենա» և այլ զենքեր է ստանում: Այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ սա:
– Կարծում եմ, որ այդ ռեսուրսը պրոպագանդիստական ռեսուրս է, որը պատկանում է Ադրբեջանի նախագահին, որն ուղիղ կերպով վերահսկվում է հատուկ ծառայությունների կողմից: Եթե ցանկանում եք օգնել հակառակորդին և տարածել նրա տեղեկատվությունը, ապա կարող եք հղում կատարել այդ ռեսուրսին և մեկնաբանել այն:
– Այնուամենայնիվ, որևէ նորություն չկա ռուս-ադրբեջանական զենքերի վաճառքի հարցում հատկապես, երբ մեզ հայտնի է, որ մեկուկես ամիս առաջ Բաքվում էր ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, ով փորձում էր ավարտին հասցնել զենքի վաճառքի գործընթացը: Ավելին, տեղեկություններ էին տարածվել, թե Ադրբեջանը չի կարողանում վճարել նոր մատակարարումների համար, և ռուսական կողմը պահանջում էր վճարել: Ի դեպ, այս մասին գրում էին հենց ռուսական լրատվամիջոցները, և ոչ՝ ադրբեջանական:
– Ես կասկածներ ունեմ, որ նման մատակարարումներ ներկայումս չկան, հենց այդ պատճառով էլ այդ մասին հանկարծակի կերպով սկսեց գրել այդ ադրբեջանական ԶԼՄ-ն: Եթե դրանք լինեին, նրանք կստեին, որպեսզի դրանք շարունակվեին: Եթե դա լիներ վստահելի տեղեկատվություն, այդ մասին կհայտարարեր Ադրբեջանի ԱԳ նախարարությունը կամ վստահելի պաշտոնական լրատվամիջոցները: