«Ես սիրել գիտեմ, և ինձ դուր է գալիս սիրել». Հովհաննես Ազոյան
Դերասան և հաղորդավար, իսկ վերջին շրջանում՝ նաև գործարար Հովհաննես Ազոյանի հետ մեր բլից-զրույցի թեման բազմազան էր: Դերասան Մկրտիչ Արզումանյանի հետ երկարատև ընկերության և համագործակցության գաղտնիքներից՝ մինչև բնավորության «անտանելի» գծերի բացահայտում և սիրառատության մասին անկեղծ խոստովանություն:
– Ո՞րն է Ձեր և Մկոյի երկար տարիների համագործակցության գաղտնիքը:
– Մկոն շատ լավ դերասան է: Նա շատ պրոֆեսիոնալ է մոտենում իր աշխատանքին: Մեր համագործակցությունը տարիների պատմություն ունի: Բեմում մենք հասկանում ենք իրար կես խոսքից: Կարծում եմ՝ դա փոխադարձ է, և նրան ևս հարմար է ինձ հետ աշխատելը:
– Ձեր երկուսի բնավորության ո՞ր գծերն են երկուսիդ համար էլ, մեղմ ասած, անտանելի:
– Դա շատ անձնական հարց է, և ես չեմ պատասխանի:
– Այդ դեպքում կխոսե՞ք Ձեր բնավորության այն գծերից, որոնք քչերին են դուր գալիս:
– Ես բնավորության բազմաթիվ գծեր ունեմ, որոնք ոչ թե՝ քչերին են դուր գալիս, այլ՝ ոչ մեկին դուր չեն գալիս: Նույնիսկ չեմ ճանաչում մեկին, ով կասի, թե հավանում է Հովիկի բնավորության գծերը: Ինձ հետ շատ դժվար է աշխատել: Ես պունկտուալ չեմ:
– Բայց մենք բազմիցս հարցազրույց ենք ունեցել, և Դուք ինձնից պունկտուալ եք եղել:
– Ես ճիշտ ժամանակի՞ն եմ տեղ հասել: Օ՜, ուրեմն շնորհավորում եմ Ձեզ: Երևի դա առաջին և վերջին դեպքն էր:
– Բացի եկամտի աղբյուր լինելուց, ի՞նչ է Ձեզ համար նոր նախաձեռնած ռեստորանային բիզնեսը՝ «Ոսկեվազը»:
– Ռեստորանն իմ ամենասիրելի գործն է հիմա: Իմ բիզնեսի ամբողջ իմաստը նրանում է, որ սիրենք հյուրին: Իսկ ես սիրել գիտեմ, և ինձ դուր է գալիս սիրել: Եվ ես ամեն ինչ անում եմ, որպեսզի մեր ռեստորանի հյուրերն իրենց լավ զգան:
– Եթե չեմ սխալվում՝ Դուք նաև մասնակցել եք ռեստորանի վերանորոգման աշխատանքներին:
– Այո, և այդ իսկ պատճառով գիտեմ իմ ռեստորանի ամեն մի անկյունը:
– Ովքե՞ր են Ձեր ռեստորանի այցելուները:
– Մենք ռեստորանը բացել ենք բոլորի համար: Նկատի ունեմ՝ գներն այնքան մատչելի ենք դրել, որ հարմար լինի բոլորին: Բայց մեզ մոտ հիմնականում այցելում են միջին խավից մի փոքր բարձր հնարավորությունների տեր մարդիկ: Եվ հիմնականում՝ ընտանիքներով:
– Ռեստորանի հաջողության գրավականներից էր նաև Ձեր ճանաչելիության գործոնը: Որքանո՞վ է այն «աշխատում» այսօր:
– Ես կարծում էի, որ սկզբնական շրջանում կօգնի ճանաչելիությունս: Բայց սա ռեստորան է, և, եթե այն դուր չեկավ այցելուին, նա այլևս ոտք չի դնի երկրորդ անգամ, և իմ ճանաչելիությունն արդեն չի փրկի: Եթե սկզբնական շրջանում այցելուները գալիս էին ինձ տեսնելու կամ իմ անվան պատճառով, ապա հիմա գալիս են որակի համար: Սկզբում գալիս էին իմանալու, թե ինչպիսի՞ն է Հովհաննես Ազոյանի ռեստորանը, իսկ հիմա արդեն գալիս են, որովհետև իրենց դուր է գալիս մեզ մոտ: