Բա որ գնաք, էլ ո՞ւմ համար եմ սահմանը պահելու. զոհված փոխգնդապետը թույլ չի տվել ընտանիքին հեռանալ Մարտակերտից. Yerkir.am
Yerkir.am. Մարտակերտ, Մատաղիս, Տոնաշեն, Թալիշ… Փոխգնդապետ, «Մարտական խաչ»-ի արժանացած Արամ Առուշանյանն ապրիլյան մարտերի ժամանակ ամենաթեժ կետերում էր: Հրետանու գնդի հրամանատարը թեև անցել էր զինվորական թոշակի, սակայն հակառակորդի ակտիվությունից հետո անմիջապես մեկնեց առաջնագիծ: Արամի կինը` 35-ամյա Էլլադան, գրադարանավարուհի է: Ապրիլյան այդ օրերին Մարտակերտում էր` տանը, 4 երեխաների հետ:
«Ապրիլի 2-ին փոքր որդուս ծննդյան օրն էր, 5 տարեկան դարձավ, որոշել էինք նշել, բայց… Թուրքերը կրակոցներով «շնորհավորեցին» տղայիս ծնունդը: Երբ Մարտակերտի վրա էին կրակում` խուճապի էի մատնվել, նա ասում էր` բան չկա, առաջին անգա՞մ ես լսում կրակոցներ, որ տենց անես` երեխեքն էլ կվախենան»,- պատմում է կինն ու հիշում չդադարող գնդակոծության մասին:- «Մարտակերտում երբ կրակում էին, զանգում, ասում էի` ի՞նչ անենք, ասում էր` դուռը փակեք, սպասեք, մենք էստեղ ենք, բան չի լինի, հանգիստ եղեք: Հետո եկավ, մեզ տարավ Հաթերք` իր հայրական տուն, ու գնաց, հետո հետ եկանք Մարտակերտ: Ասում էի` Արա’մ, սաղ հեռանում են Մարտակերտից, ես 4 երեխու հետ ի՞նչ անեմ, ասում էր` բա որ դուք գնաք, բա ես էլ խի՞ եմ գնում սահման, ո՞ւմ եմ պաշտպանելու, որ դուք չլինեք, հանգիստ եղեք, ամեն ինչ լավ է լինելու»:
Էլլադայի խոսքով` ամուսինը հայրենասիրությունն ամեն ինչից վեր էր դասում: «Ասում էի` բա ընտանիքը, երեխեքը, ասում էր` եթե հայրենասեր չլինես, երբեք երեխաներիդ չես կարող սիրել, ճիշտ դաստիարակել: Միշտ ինձ սովորեցնում էր, որ առաջին տեղում հայրենիքն է, դրա մեջ մտնում են և’ կինը, և’ ընտանիքը, և’ երեխաները: Մի երգ կար, շատ էր սիրում բառերը, անընդհատ երգում էր. «Կյանքս կտամ հայրենիքիս» (խմբ. Նկատի ունի Դավիթ Ամալյանի «Պատիվ ունեմ» երգը): Ինձ էլ ասում էր` երեխաներին անպայման դա սովորեցրու, ես էլ ասում էի` էնքան կասես` կյանքս կտամ հայրենիքիս, վերջում կտաս: Չէի հասկանում` ինչ եմ ասում, վերջում էդպես էլ եղավ…»,- պատմեց նա:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: