Բժիշկները պատմում են, թե ինչպես էին հասնում վիրավորներին…

Վիրավորներ, վիրահատություններ, երկարատեւ ու լարված պայքար հանուն մարդկային կյանքի… Այսպես են Մեխակավանի առանձին բժշկական ջոկատի բժիշկներն աշխատել քառօրյա պատերազմի ժամանակ:

Հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զինվորական հոսպիտալն ընդամենը մի քանի կիլոմետր է հեռու ռազմական գործողությունների վայրից: Այստեղ ծառայում են մեր լավագույն բժիշկները: Եվ սա բնավ էլ չափազանցություն չէ. վիրահատական սեղանին հասած բոլոր վիրավորներն այստեղ  փրկվել են. մահվան դեպք չի գրանցվել:

Պատերազմը ցույց տվեց, որ մեր  բժիշկն իր գործը լավ գիտե

ԱՆԶԻՋՈՒՄ ՊԱՅՔԱՐ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐՄեխակավանի առանձին բժշկական ջոկատի հրամանատար, փոխգնդապետ Վահան Ոսկանյանը վնասվածքաբան-օրթոպեդ է, վիրաբույժ: Արդեն հինգ տարի է՝ այստեղ է ծառայում:  Ասում է` խաղաղությունը հարավարեւելյան ուղղությամբ միշտ էլ հարաբերական է եղել, ցանկացած սրացում սահմանին անմիջապես իր արձագանքն է ունեցել նաեւ հոսպիտալում.

– Մենք ամեն օր կատարելագործում էինք մեր վարպետությունը, ծառայության ընթացքում ոչինչ աչքաթող չէինք անում: Անձնակազմը պատրաստ էր պատերազմի: Երբ տեղեկացանք իրավիճակի մասին, անմիջապես խմբեր ձեւավորեցինք, ապա սանիտարական մեքենաներով ընդառաջ գնացինք վիրավորներին:  Բժիշկները ամենաթեժ կետերում էին: Նրանք մարտադաշտից դուրս են բերել վիրավորներին, տարհանել թիկունք: Թիկունքից տեղափոխումը նույնպես մեր անձնակազմն է իրականացրել:

Վիրավորումները հիմնականում ականապայթյունային եւ հրազենային էին: Վիրահատարանը եւ վիրակապարանը նախապատրաստված էին: Կարողացանք բոլորին տեղավորել: Միանգամից ձեռնամուխ եղանք  կյանքին վտանգ սպառնացող խնդիրների վերացմանը: Աշխատանքը թիմային էր: Շատ կարեւոր էր ծառայությունը կազմակերպել այնպես, որ բժիշկը անհրաժեշտ ոչ մի պարագայի կարիք չունենա, ինչը մասնագիտական բուժօգնություն ցուցաբերելու ամենակարեւոր նախապայմանն է:

Ընդհանուր առմամբ, ապահովված էինք անհրաժեշտ սարքավորումներով, դեղորայքով, գույքով, ինչն էլ թույլ տվեց լիարժեք իրականացնելու մեր ծառայությունը: Չեմ ուզում առանձնացնել որեւէ մեկին, որովհետեւ բոլորս աշխատել ենք մի բռունցք դարձած: Պատերազմը ցույց տվեց, որ մեր  բժիշկը իր գործը լավ գիտե, տիրապետում է իր մասնագիտությանը: Մեր պայքարը զինվորի եւ սպայի կյանքի, առողջության համար անզիջում էր:  Ուզում եմ շնորհակալություն հայտնել բուժծառայողներին, նաեւ այստեղ ժամանած կամավոր բժիշկներին: Ընդամենը ժամեր անց մեր կողքին էր բժիշկ-ազատամարտիկ Տարոն Տոնոյանը: Նա վիրահատություններ կատարեց, մեկը` բացառիկ: Կարողացավ զինծառայողի  կյանք փրկել:

Վիրահատությունների ժամանակ իմ կողքին էր ընկերս` Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի բժիշկ Անդրանիկ Սերոբյանը: Հոգեբանական, խորհրդատվական աջակցությունը շատ օգնեց մեզ:

Այսօր Մեխակավանի առանձին բժշկական ջոկատի անձնակազմը գործում է ըստ մարտական հաշվարկների: Ծառայությունն ուժեղեցված է: Մենք՝ բժիշկներս, պատրաստ ենք իրավիճակի ցանկացած զարգացման:

Լաբորատորիան ապահովեց բժիշկների արդյունավետ աշխատանքը

ԱՆԶԻՋՈՒՄ ՊԱՅՔԱՐ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐՄեխակավանի առանձին բժշկական ջոկատի լաբորատորիայի պետ, բուժծառայության կապիտան Էլեոնորա Շահինյանը ցույց է տալիս ժամանակակից սարքավորումները, որոնք  հնարավորություն են ընձեռում կատարելու արյան ընդհանուր հետազոտություն (այսինքն՝ որոշել էրիթրոցիտների, լեյկոցիտների, թրոմբոցիտների, հեմոգլոբինի քանակն ու հեմատոկրիտը) եւ կենսաքիմիական հետազոտություններ:

-Կատարում ենք նաեւ արյան կոագուլագրամմա` մակարդման համակարգի բազմապրոֆիլային հետազոտություն: Մեր ունեցած սարքավորումները կարողանում են պարամետրերը միանգամից որոշել,- ասում է բուժծառայության կապիտանը, ապա շարունակում:- Քառօրյա պատերազմի ժամանակ վերոնշյալ հետազոտությունների նշանակությունը վճռորոշ էր: Մինչ  վիրավորը ռենտգեն հետազոտության է տեղափոխվել, արյուն ենք վերցրել եւ հաշված րոպեների ընթացքում ստացել հետազոտությունների արդյունքները: Մեր խնդիրն էր հնարավորինս շտապ կատարել արյան ընդհանուր քննություն, ստուգել հեմոգլոբինի քանակը արյան մեջ, մեկ անգամ էլ որոշել վիրավորի արյան խումբը, հարկ եղած դեպքում՝ կատարել արյան փոխներարկում: Բոլորը լավ աշխատեցին, եւ շնորհակալ եմ բոլորին՝ մանավանդ զորամասի բուժկետի բուժքույր Վեներա Սաֆարյանին եւ բուժակ Քրիստինե Ներսիսյանին:

Թեեւ լարվածությունը մեծ էր, աշխատանքի ծավալը՝ նույնպես, բայց խառնաշփոթ չստեղծվեց: Բժիշկները նույնպիսի կամք դրսեւորեցին, ինչպիսին  սպաներն ու զինվորները՝ մարտադաշտում:

Բուժօգնություն՝ չդադարող կրակի տակ

ԱՆԶԻՋՈՒՄ ՊԱՅՔԱՐ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐՀարավարեւելյան ուղղության զորամասի բուժկետի պետ, ավագ լեյտենանտ Երանիկ Համբարձումյանը եւ բժիշկ, լեյտենանտ Արա Գոքորյանը կազմակերպել են մարտի դաշտից վիրավորների տարհանումը, տեղում առաջին բուժօգնություն ցուցաբերել, փրկել:

Երանիկ Համբարձումյանը պատմում է.

-Բուժակը տեղեկացրեց, որ առաջնագծում վիրավոր ունենք: Մենք միանգամից ճանապարհվեցինք: Պետք է էվակուացնեինք զինծառայողին, սակայն տեղ հասնելուն պես պարզվեց, որ սա հակառակորդի հերթական հարձակումը չէ, այլ այն, ինչին նա նախապատրաստվել է քսան տարուց ավելի: Չշփոթվեցինք:

Բուժակների եւ սանհրահանգիչների հետ անընդհատ կապի մեջ էինք: Նրանք տեղեկացնում էին, թե որտեղ, որ հատվածում վիրավոր ունենք: Մենք առաջանում եւ նրանց օգնությամբ վիրավորին տարհանում էինք դիրքից: Առաջին բուժօգնություն էինք ցույց տալիս. դադարեցնում էինք արտաքին արյունահոսությունը, վերացնում կյանքին սպառնացող անմիջական վտանգը, վիրակապ էինք դնում, ցավազրկող ներարկում, հնարավորինս կանխում հետագա բարդությունները եւ նախապատրաստում տրանսպորտային միջոցով ճիշտ տարհանումը:

Բուժկետի բժիշկ, լեյտենանտ Արա Գոքորյան

ԱՆԶԻՋՈՒՄ ՊԱՅՔԱՐ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ-Ամենացավալին այն էր, որ երբեմն բուժօգնությունն այլեւս իմաստ չուներ, որ հստակ հասկանում էիր` օգնել չես կարող, սակայն ինքդ քեզնից անհնարինն էիր պահանջում… Քառօրյա պատերազմը երիտասարդ բժիշկներիս համար ծանր, պատասխանատու փորձաշրջան էր, եւ հենց այս օրերին զինվորը հավատաց ու վստահեց մեզ:

Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուսանկարները՝ Գերման ԱՎԱԳՅԱՆԻ եւ հեղինակի
hayzinvor.am

Տեսանյութեր

Լրահոս