Բաժիններ՝

«Հույս ունեի, որ անպայման իմ տղան փրկված կլիներ… սպասել եմ, մինչև հիմա էլ սպասում եմ իր զանգին…». Ասում է զոհված Վիկտոր Յուզիխովիչի մայրը

Արցախում զոհված զինծառայող Վիկտոր Յուզիխովիչը մոր հիշողության մեջ կմնա՝ որպես փայլող աստղ: Տղան հողին հանձնվեց հենց մոր ծննդյան օրը՝ ապրիլի 8-ին: Վիկտորը բռնցքամարտիկ էր, Հայաստանի պատանիների կրկնակի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն: Ավարտել էր Գյումրու Օլիմպիական մարզական քոլեջը, անդամակցել բռնցքամարտի «Սպարտակ» ակումբին: Վիկտորի պապն ուկրաինացի է, տատը՝ հայ:

Հայրը՝ Ալեքսանդր Յուզիխովիչը, ծնվել է Մոլդավայում և ընդամենը 3 տարեկան էր, երբ 1978 թվականին ընտանիքը տեղափոխվեց Գյումրի: Վիկտորի կորստյան հետ չհաշտվող հայրը չէր կարողանում առանց արցունքները զսպելու խոսել նրա մասին: Ամրակազմ ու թիկնեղ տղամարդը մի ձեռքով սրբում էր արցունքները, մյուսով՝ ծխում ծխախոտը, ու պատմում էր հերոս որդու մասին: Բայց տեսախցիկի առջև այդպես էլ չհամաձայնեց խոսել: Իսկ մայրը՝ Աննա Յուզիխովիչը, դեռ չէր հաշտվել որդու կորստի հետ ու կարծես սպասում էր, թե նա դռնից ներս է մտնելու. «Ոնց որ չհավատամ, ասում եմ՝ սա երազ է, ինչ է, չեմ հավատում, որ որդիս չկա, իմ փայլող աստղը չկա»:

Yuzixovich Viktor viktor

Հայրն արտագնա աշխատանքի է եղել և ՌԴ-ից վերադարձել է՝ լսելով որդու մահվան գույժը: Ալեքսանդրը ստիպված է մեկնել արտագնա աշխատանքի, քանի որ Գյումրիում աշխատանք չկա: Նա արտագնա աշխատանքի է եղել նաև այն ժամանակ, երբ Վիկտորը եկել է արձակուրդ: «Վիտյան միշտ ասում էր. «Մամ, էնպես օտպուսկ գամ, որ պապան եկած լինի…»: Բայց այդպես էլ հայրը չտեսավ որդուն»,- պատմում է Աննան:

Viktor1

«Ուժը տեղն էր, առյուծի պես կռվող էր, բայց շատ բարի էր: Ինքը կարող էր սովորել ու 3 տարի հետո գնալ բանակ, բացի դրանից՝ բռնցքամարտում բարձր արդյունքներ էր գրանցում ու կարող էր շատ առաջ գնալ, բայց նախընտրեց բանակ գնալ ու հետախուզական վաշտում ծառայել,- ասում է հայրը և հավելում,- Վիտյան ամեն ինչ մեջն էր պահում, ինձ նման: Ինչպես բարի կար, այդպես էլ իմ սրտի մեջ է մնացել»:

viktor.jpg78

Վիկտորը վերջին անգամ տուն է զանգահարել մարտի 30-ին. «Ամսի 30-ին եմ խոսել, ասաց, որ ամսի 1-ին նորից դիրքեր են բարձրանալու: Ասաց՝ մամ, կարող է մի 5 օր չզանգեմ, բայց հետո կզանգեմ, ու այդ դեպքը եղավ, իմացանք, որ Թալիշը չկա: Բայց ես հույս ունեի, որ անպայման իմ տղան փրկված կլիներ: Ու սպասել եմ, մինչև հիմա էլ սպասում եմ իր զանգին…»:

Viktor

viktor.jpg55

Մոր խոսքով՝ որդին միշտ գոհ է եղել ծառայությունից. «Բանակից երբ զանգում էր, միշտ ասում էր՝ լավ եմ, մամ ջան, օրս լավ է անցնում: Ծառայության ընթացքում էլ բոլորի հետ լավ է եղել, մոտ ընկեր էլ է ունեցել, որը եկավ, մեզ տեսավ, ինքն էլ էր շատ ցավում ու ասաց, որ տղայիս կողքին չի եղել այդ պահին, այլ ուրիշ հենակետում է եղել»:

«Մեզնից բացի, ոչ ոք կյանքը չի տա. ընկերներ, վերջ, ես մեկնում եմ»,- սա Վիկտորի վերջին գրառումն էր Vkontakte սոցցանցում: Նաև տեղադրել էր լուսանկար՝ հետևյալ գրառմամբ. «Ընկերներ, եթե ինչ-որ բան լինի, հիշեք մեզ այնպիսին, ինչպիսին եղել ենք կյանքում. չկա վախ ոչ մի տեղ»:

viktor.jpg1

Մայրը տեղյակ էր նաև որդու զոհվելու մանրամասներից. «Իրենք լավ պայքարել են, հետ են մղել: Սկզբից որ հարձակվել են, իրենք լավ կռվել են, հետ են մղել, հետո նորից երկրորդ դիվիզիան է եղել, շատ մեծ խմբով են հարձակվել, արդեն մեր տղաները վիրավորված են եղել: Վիտյան երկու ոտքից վիրավոր է եղել: Մերուժանի (խոսքը գյումրեցի զոհված ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի մասին է.- Ռ.Մ.) կողքին են եղել, մենակ չեն թողել ու մինչև վերջ չեն հանձնվել»:

Վիկտորն ունի նաև քույր և եղբայր: Քույրն ամուսնացած է, ունի մեկ տղա, իսկ եղբայրը՝ Էդգարը, տան փոքրն է, սովորում է դպրոցում: Մոր խոսքով՝ Էդգարը մինչև վերջ չէր հավատում, որ եղբայրը զոհվել է. «Ասում էր. «Իմ ախպերս կա, ինքը երկնքում է, միշտ մեզ հետ է, մի՛ լացիր, մամ»: Երկու եղբայր իրար շատ էին սիրում, թև ու թիկունք էին իրար»:

Աննայի խոսքով՝ փոքրն էլ է եղբոր նման անվախ, բայց հավելում է. «Վիկտորս յուրահատուկ էր, յուրահատուկ էլ կմնա իմ կյանքում»:

viktor.jpg22

Վիկտորը սիրել է հայոց պատմություն, գրականություն: Դպրոցն ավարտելուց հետո նաև աշխատել է. «Ինքը թասիբով էր, սիրում էր աշխատել: Նախքան բանակ գնալն աշխատեց: Համակարգչից շատ ուժեղ էր, ծրագրավորում սովորեց»:

Գյումրեցի հերոսի ընտանիքն ապրում է սոցիալական ծանր պայմաններում: Նրանց տունը թեև սեփական է, բայց շատ փոքր է՝ բաղկացած ընդամենը մեկ սենյակից: Տանը նեղվածք է, մեր նկարահանումներն անցկացնելիս՝ հազիվ էինք կարողանում տեղաշարժվել:

Ի դեպ, նկարահանման ընթացքում դուռը թակեցին՝ գազի սպասարկման տեսուչն էր, գազի գումարն էր ուզում: Ալեքսանդրն ասաց, որ մի քանի օրից կվճարի, իսկ տեսուչը, տեսնելով տեսախցիկը և կարծես հասկանալով, թե ում տուն է եկել, ներողություն խնդրեց և հեռացավ:

Ալեքսանդր Յուզիխովիչի անունով «Հայէկոնոմբանկում» բացվել է հետևյալ հաշվեհամարը.

Armeconombank: 163005607045

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս