Բաժիններ՝

«Ես դեռ ասելիք ունեմ…». Ռոբերտ Էլիբեկյան

«Արմենպրեսը» զրուցել է նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի հետ

Պարոն Էլիբեկյան, լրացավ Ձեր ծննդյան 75-ամյակը։ Ինչպե՞ս եք Դուք Ձեզ զգում։

– Նախ, ասեմ, որ ես ամենևին էլ 75 տարեկան չեմ։ Այսօր լրացավ իմ 3 անգամ 25 տարին։ Իսկ եթե լուրջ, ապա ես ինձ ամենևին էլ ծերունի չեմ զգում։ Ես դեռևս իմ վերջին խոսքը չեմ ասել։ Կերպարվեստում դեռ ասելիք ունեմ։ Եվ այդ ասելիքը բաժանել եմ տարիների վրա։ Ես չգիտեմ, թե ի վերուստ ինձ որքան ժամանակ է տրված, բայց խոստանում եմ ինձ հատկացված տարիներն անցկացնել ներկապնակի առջև։

Ռոբերտ, մեր տարիքն ու մանկության ընկերներ լինելու հանգամանքը երևի թույլ է տալիս քեզ այդպես դիմելու, քա՞նի տարեկանից ես նկարում և ե՞րբ զգացիր, որ ծնվել ես նկարիչ դառնալու համար։

– Ստույգ չեմ կարող ասել, թե նկարելու ձիրքս որ տարիքում է ի հայտ եկել, երևի մանկապարտեզում կամ դպրոցում։ Կասեմ միայն, որ դա ժառանգական է, նախնիներիս գեներով է փոխանցվել ինձ։ Ճիշտ է, իմ հայրը՝ Վաղարշակ Էլիբեկյանը, նկարչությամբ լրջորեն սկսեց զբաղվել կենսաթոշակի անցնելուց հետո, բայց նա է իրավամբ համարվում Էլիբեկյան նկարիչների գերդաստանի հիմնադիր-նահապետը։ Չմոռանանք, որ հայրս տակավին երիտասարդական տարիներին երեք տարի աշակերտել է Թիֆլիսում ճանաչված նկարիչ Գիգո Շարբաբչյանին, երբ վերջինս հայտնի «Հայարտանը» նկարչության խմբակ էր վարում։ Բացի այդ, հայրս ասում էր, որ շնորհալի նկարիչ կարող էր դառնալ Անահիտ հորաքույրս, որն, ավաղ, ընդամենը 16 տարեկանում հրաժեշտ տվեց կյանքին։ Ես վերը նշեցի «Էլիբեկյան նկարիչների գերդաստան» բառակապակցությունը։ Դա, իրոք, այդպես է։ Չէ՞ որ իմ ավագ եղբայրը՝ Հենրին նույնպես ճանաչված գեղանկարիչ ու քանդակագործ է, ով արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչման։ Ի դեպ, վերջերս, ավելի ստույգ՝ հունվարի 2-ին, լրացավ նրա ծննդյան 80-ամյակը, նրա հոբելյանին, ափսոս, ոչ ոք չանդրադարձավ։ Նկարչությանը որոշակի առնչություն ունի նաև իմ Լուի զա քույրը, ով ընտրել է ճարտարապետի մասնագիտությունը։ Ինչպես գիտեք, նկարչությունը ճարտարապետության հիմնական տարրերից է, եթե ոչ հիմնականը։ Բա Էլիբեկյանների երրորդ սերու՞նդը։ Հենրիի որդին՝ Վաղարշակ-կրտսերն ու իմ տղան՝ Արեգը նույնպես նկարիչներ են և քանիցս ցուցադրվել են արտասահմանյան մի շարք երկրներում։

Որքան գիտեմ, այսինքն՝ ինչու «որքան գիտեմ», երբ հաստատ գիտեմ, որ քո մայրը՝ Ֆլորա Երվանդովնան, որոշակի ավանդ ունի իր ամուսնու և տղաների նկարիչ դառնալու գործում։ Կարող ե՞ս ասել, թե ո՞րն է եղել այդ հրաշք կնոջ դերը ձեր՝ որպես նկարիչներ կայանալու գործում։

– Իրոք դա այդպես է, հատկապես հորս պարագայում։ Հայրս նկարել սկսեց 1974 թվականից, երբ անցավ կենսաթոշակի։ Դա պատահեց այսպես. մայրս մեկ շաբաթով եկել էր Երևան՝ երեխաներին տեսնելու։ Հայրս, որ ամբողջ կյանքում սովոր էր անմնացորդ նվիրվել աշխատանքին, անգործությունից տառապել է։ Ժամերն ինչ-որ բանով սպանելու նպատակով նա խանութից գնել է ներկեր, վրձիններ և այլ անհրաժեշտ պարագաներ և… վերհիշել ջահելությունը։ Նկարել է մի քանի մանրանկար՝ հիմնականում հին Թիֆլիսի պատկերներ։ Նկարել է ու…սպասել կնոջ գալուն։ Երբ մայրս տեսնում է հորս «մի քանի օրվա պարապուրդը» սպանելու արդյունքը, չի կարողանում զսպել հիացմունքը, բառեր չի գտնում ամուսնուն ասելու։ Մորս առաջարկը՝ հենց հիմա զանգահարել տղաներին, հայրս անմիջապես մերժում է։ Նրան թվում է, թե տղաները, որ արդեն իսկ ճանաչված նկարիչներ էին, հավանություն չէին տա իր «պարապ վախտի խաղալիքներին»: Մայրս, իհարկե, խոստանում է ոչ ոքի ոչինչ չասել։

Բայց հաջորդ իսկ օրը դրժում է իր խոստումը։ Օգտվելով պատեհ առիթից, որ հայրս ինչ-որ գործով տանից դուրս է եկել, մայրս հեռաձայնում է Հենրիին և պատմում հոր ՙ սխրանքների՚ մասին։ Հենց հաջորդ օրը Հենրին արդեն Թբիլիսի ում էր և… հավատացնում էր հորը, որ նա իսկական նկարիչ է, այն էլ՝ շատ տաղանդավոր։ Համոզում է: Որդու՝ իր գործերին տրված բարձր գնահատականը ոգևորում է հորս։ Դե, եթե հայրը նկարիչ է, որդիները նկարիչ, ուրեմն կարելի է արձանագրել նկարչական գերդաստանի ծնունդը։

Իհարկե, Հենրիի կարծիքը որոշիչ էր, բայց հանուն արդարության պետք է ասել, որ մայրս էր, որ առաջինը գնահատեց Վաղարշակ Էլիբեկյան նկարչի գործերը։ Մեր մայրը՝ Ֆլորա Երվանդովնան, բարի հրեշտակի պես փայփայում էր մեզ։ Նրա խորհուրդները, այս կամ այն աշխատանքին տրված գնահատականը, ոգևորում էր մեզ։ Այո, մեր գործերի առաջին քննադատը մեր մայրն էր, իրոք նրա դերը մեր կյանքում, որպես նկարիչներ կայանալու գործում անուրանալի է։

Ռոբերտ, Էլիբեկյան նկարիչների մասին խոսելիս շատ արվեստագետներ, այն էլ մեծ հեղինակություններ, տարբեր գնահատականներ տալով ձեր «հրաշալի եռյակի» ստեղծագործություններին, մի հարցում, այնուամենայնիվ, միահամուռ են։ Նրանք բոլորն էլ միաբերան ասել են, որ դուք, երեք Էլիբեկյաններդ էլ, հրապուրված եք թատրոնով։ Դու համաձայն ե՞ս դրան։

– Այո։ Դա գալիս է այն օրերից, երբ հայրս՝ Վաղարշակ Էլիբեկյանը տանն աշխատում էր որևէ ներկայացման նկարչական ձևավորման վրա։ Այդ ներկայացումների դեկորների մանրակերտերը լինում էին նրա գրասեղանին, որոնց ոչ ոք մոտենալու իրավունք չուներ։ Բայց… ո՞վ կդիմանար գայթակղությանը։ Թատրոնի մթնոլորտում մեծանալու երկրորդ պատճառն էլ այն էր, որ հայրս տանը շատ քիչ էր լինում։ Եվ որպեսզի մենք շատ չզգայինք հայրիկի բացակայությունը, մեր մայրը մեզ տանում էր թատրոն՝ երբեմն ներկայացում դիտելու, երբեմն էլ փորձերին ներկա գտնվելու համար։ Մեր մանկության անմոռաց իրադարձություններից մեկն էլ մեր «հյուրախաղային ճամփորդություններն» էին։ Թատերախումբը հաճախ էր հյուրախաղերի մեկնում Ջավախք, Սուխում, Բաթում և հայաշատ այլ վայրեր, և հայրս պարտադիր մեզ էլ էր հետը տանում։ Երանելի ուղևորություններ էին…

Բայց մանկական հրապուրանքը կարող էր այդպես էլ մնալ որպես մանկական հրապուրանք։ Իսկ քո նկարներում անթաքույց երևում է քո սերն առ թատրոն և կրկես, առ գեղեցիկ կին դերասանուհիներ։ Իսկ դա որտեղից է առաջացել արդեն հասուն նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի մոտ։ Կասեմ ավելին, քո գործերում երևում է մեկ այլ թիֆլիսեցի նկարչի՝ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի ազդեցությունը։

– Դա իրոք այդպես է։ Ես տակավին 18 տարեկան էի, երբ առաջին անգամ եղա մեծ նկարչի արվեստանոցում։ Տեսա նրա գործերն ու հիացա։ Ես չէի կարող կտրվել այդ հեքիաթային աշխարհից, որ կոչվում է թատրոն։ Նկարիչը վրձնել էր այդ աշխարհը։ Թատրոնի աշխարհը կախարդեց ինձ, և ես այդ ՙհիվանդությունը՚ մինչև օրս կրում եմ իմ մեջ։ Իրոք, իմ առաջին ուսուցիչը մեծն Բաժբեուկ-Մելիքյանն է։ Բայց ոչ միայն նա։ Ես իմ մեջ ներառել եմ այն ամեն գեղեցիկը, որ ստեղծվել է մարդկության կողմից՝ սկսած ժայռապատկերներից, վերջացրած…

Ռոբերտ, քո գործերում իրոք «գլխավոր դերակատարը» թատրոնն է, կրկեսը, գեղեցիկ դերասանուհիները։ Բայց դու նաև հիանալի թատերական նկարիչ ես, բազմաթիվ ներկայացումներ ու կինոնկարներ ես ձևավորել։ Քանի՞սն են դրանք և ո՞ր թատրոններում ես կատարել այդ աշխատանքները։

– Իրոք, իմ թատերական ձևավորումներն անցնում են քսանից։ Ես ներկայացումներ եմ ձևավորել Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական, Գ.Սունդուկյանի անվան ակադեմիական, Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի, Հր.Ղափլանյանի անվան դրամատիկական, Կամո քաղաքի դրամատիկական, Նովոսիբիրսկի օպերայի և բալետի թատրոններում։ Ձևավորել եմ օպերային ներկայացումներ, բալետներ, դրամատիկական ներկայացումներ, գեղարվեստական ֆիլմեր։

Մասնավորապես, մեր օպերային թատրոնում ձևավորել եմ Արամ Խաչատրյանի «Գայանե», «Հավերժություն», Էդգար Հովհաննիսյ անի «Անտունի», Էդվարդ Միրզոյանի «Լույսի սիմֆոնիա»,Կոնստանտին Օրբելյանի «Անմահություն», Մինկուսի «Դոն Քիշոտ» բալետները, Լեոնկավալլոյի «Պայացներ» օպերան։ Հետաքրքիր է, որ Արամ Խաչատրյանի «Գայանե՚»բալետը ներկայացվել է ոչ միայն Երևանում, այլև Կահիրեում, Գդանսկում (Լեհաստան), Ռուսեում (Բուլղարիա)։ Եվ դրանց նկարչական ձևավորումը ես եմ կատարել։ «Հայֆիլմ» կինոստուդիայում ձևավորել եմ «Խաթաբալա» կատակերգությունը (Մինաս Ավետիսյանի հետ), «Հայկական որմնանկարներ» գեղարվեստական ֆիլմը։

Ես նույնիսկ կրկեսում եմ ներկայացում ձևավորել։ Հիշո՞ւմ եք Միքայել Բաղդասարով գազանավարժ կար։ Նա բեմադրել էր «Սասունցի Դավիթ» ներկայացումը՝ վայրի գազանների մասնակցությամբ։ Նա հանդես էր գալիս Գորկի (ներկայիս Նիժնի Նովգորոդ) քաղաքի կրկեսում և մեծ ժողովրդականություն էր վայելում։ Հյուրախաղերով հանդես է եկել նաև Երևանում… Հա, չմոռանամ ասել, որ ես որոշ ժամանակ աշխատել եմ նաև Հայաստանի պարի պետական և Թ. Ալթունյանի երգի-պարի պետական անսամբլներում։ Այդ կոլեկտիվների զգեստները պատրաստվել են իմ էսքիզներով։ Դրա համար ինձ հարկ եղավ արվեստագետի մա կարդակով դառնալ մեր ազգային տարազների գիտակ։

Ռոբերտ, այն օրվանից, երբ հայրդ սկսեց լրջորեն զբաղվել նկարչությամբ, և կայացավ Էլիբեկյան նկարչական դինաստիան, դուք երեքով համատեղ ցուցահանդես ունեցե՞լ եք։

– Այո։ Դա առաջին անգամ տեղի ունեցավ Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում։ Ապա այդ նույն ցուցադրույթը ներկայացվեց Մոսկվայում, հետո՝ Ֆեդերատիվ Գերմանիայի Վիսբադեն քաղաքում։ Մի անգամ էլ՝ 1978 թվականին, Հրաչյա Ղափլանյանը մեզ հրավիրեց ձևավորել Գ. Սունդուկյանի «Խաթաբալա» կատակերգությունը, որ նա բեմադրում էր մեր մայր թատրոնում։ Այդ ներկայացումը ձևավորել էինք մենք՝ Էլիբեկյան նկարիչների դինաստիայի երեք «հիմնադիր-անդամներս»։

Ռոբերտ, քո գործերը որտե՞ղ են ցուցադրվել։

– Ճիշտն ասած, բոլոր ցուցահանդեսներս չգիտեմ, դժվարանում եմ հիշել։ Շատ երկրներում։ Եթե մայրս լիներ, նա ստույգ կասեր։ Նա մեր ընտանեկան «արխիվարիուսն»էր։

Գոնե կարո՞ղ ես հիշել, թե ինչ ճանաչված թանգարաններում կամ պատկերասրահներում կարելի է տեսնել քո գործերից։

– Սա էլ դժվար հարց է։ Բայց կփորձեմ հիշել։ Բնական է, որ դրանք կան Երևանում՝ Հայաստանի պետական պատկերասրահում, Ժամանակակից արվեստի թանգարանում, Երևանի պատմության, Սերգեյ Փարաջանովի, Սուրբ Աթոռ Էջմիածնի, Վենետիկի Մխիթարյան Միաբանության թանգարաններում, Մատենադարանում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում,Արևելքի ժողովուրդների թանգարանում,Վաշինգտոնի Սպիտակ տանը, Փարիզի Ելիսեյան պալատում, մասնավոր հավաքածուներում։

Ռոբերտ, վերջին հարցը. ի՞նչ հիշարժան գործերով ես նշանավորում քո 75-ամյա հոբելյանը։

– Ամենանշանավորը, թերևս, իմ աշխատանքների հոբելյանական ցուցահանդեսն է, որ բացվեց մոտ մեկ ամիս առաջ՝մարտի 17-ին Գաֆեսճյան պատկերասրահում, որտեղ ներկայացված են նաև իմ վերջին գործերը։ Չմոռանանք հիշատակել նաև վերջերս Մոնրեալում բացված իմ գործերի ցուցահանդեսը, որի նախաձեռնողը որդիս էր՝ Արեգը, ով երկու տասնամյակ ապրում և ստեղծագործում է Կանադայում և համարվում է լավագույն գեղանկարիչներից մեկը։

Լևոն Ազրոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս