«Ռուս պաշտոնյաների անհեռատես հայտարարությունները բացասական արձագանք են առաջացրել Հայաստանում». Կորյուն Նահապետյան

«Ռուս պաշտոնյաների անհեռատես հայտարարությունները բացասական արձագանք են առաջացրել Հայաստանում: Խաղաղության կարևորագույն նախադրյալներից է ռազմական հավասարակշռության պահպանումը: Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ հավասարակշռության խախտումը լուրջ հետևանքներ կարող են ունենալ»,- այսօր Երևանում ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի համատեղ նիստում հայտարարեց ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի նախագահ Կորյուն Նահապետյանը` միաժամանակ նշելով, որ հայ-ռուսական համագործակցությունն ունի մեծ նշանակություն:

Ըստ նրա` 1994 թվականից հետո նման լայնամասշտաբ գործողություններ չեն իրականացվել, Ադրբեջանը շարունակել է հարձակողական զենքի մեծածավալ ձեռքբերումը, առաջնագծից դիպուկահարներին հանելուց հերաժավելը, ապակայունացնող այլ դրսևորումներ: Կ.Նահապետյանի խոսքով` վերլուծությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանում ներքին խորը ճգնաժամը և Թուրքիայի լայն աջակցությունը նպաստում են ագրեսիային: Նա նաև նշեց, որ ադրբեջանցիներն օգտագործել են ռուսական «Սմերչ» և «Տոս» զինատեսակներ:

Կ.Նահապետյանը ռուս պաշտոնյաներից առաջարկեց միասին այելցել ԼՂՀ, որտեղ իրենք անձամբ կտեսնեն քառօրյա պատերազմի հետևանքները և շարունակվող կրակոցները: Նշելով, որ հայկական կողմն ունենցավ կորուստներ, Կ.Նահապետյանն ընդգծեց, որ Ադրբեջանի գործողությունները ոչնչով չեն տարբերվում Իսլամական պետության գործելաոճից, վայրագությունները հասել են այն աստիճանի, որ նրանք կտրել են մարդկանց ականջները, գլուխները և այդ տեսանյութերը տարածել համացանցում. «Ի պատիվ ԼՂՀ-ի բանակի` հնարավոր եղավ սանձել Ադրբեջանին: Սակայն միջազգային հանրությունը հանդես չեկավ հասցեական հայտարարություններով»:

Բարձր գնահատելով ՌԴ դերը ՄԽ կազմում` Կ.Նահապետյանը հայտարարեց, որ եթե այսօր ճիշտ չկարողանանք գնահատել ռազմաքաղաքական սպառնալիքները, վաղը կարող ենք տարածաշրջանում ունենալ անդառնալի հետևանքներ` հաշվի առնելով նաև Թուրքիայի գործոնը: Կ.Նահապետյանը նշեց, որ ահաբեկչությունը տարածում, հովանավորում և ֆինանսավորում են պետությունները և այս պայքարում անհրաժեշտ են համակարգված գործողություններ: Ըստ նրա` հաշվի առնելով ընդհանուր շահերը, պետք է թույլ չտալ գործողություններ, որոնք կարող են վնասել հայ-ռուսական հարաբերություններին:

Կարդացեք նաև

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Չեկալինն իր ելույթում ոչ մի անդրադարձ չկատարեց Կ.Նահապետյանի քննադատական ելույթի և ոչ մի կետի, միայն պատմական ակնարկ արեց հայ-ռուսական հարաբերություններին` թվարկելով, թե քանի անգամ են հանդիպել ՀՀ և ՌԴ նախագահները, վարչապետներն ու արտգործնախարարները, հիշեցնելով Պուտինի այցը Երևան Ցեղասպանության 100-ամյակին, գազի գնի իջեցումը, և վստահեցնելով, որ ՌԴ-ն գնահատում է ՀՀ-ին` ԵՏՄ գործընկերության շրջաակներում:

Երկու կողմի բացման խոսքերից հետո նիստը շարունակվում է դռնփակ:

Հիշեցնենք, որ նիստի մասնակիցները քննարկելու են Հարավային Կովկասում ռազմաքաղաքական վիճակը, միջազգային ահավեկչության, երկկողմ համագործակցության հարցեր` ուղղված անվտանգության ապահովմանը: Նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ` ի հիշատակ Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սկսված ռազմական գործողությունների հետևանքով զոհված հայ զինվորների:

Տեսանյութեր

Լրահոս