Թուլանալ չի կարելի, հարկավոր է գտնել ԼՂ հակամարտության քաղաքական լուծում. ճգնաժամի լուծման համար բոլոր բաղադրիչներն արդեն կան. Լավրով
Մոսկվան հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման պայմանավորվածությունը կպահպանվի, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է RIA Novosti-ն:
«Մենք բավարարվածությամբ ենք արձանագրել հրադադարի ձեռքբերումը»,- ասել է Լավրովը Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովի և Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպմանը:
«Մենք ձգտել ենք օգնել մեր ընկերներին պայմանավորվածություն ձեռք բերել, որը, հուսով ենք, կպահպանվի ու կիրականացվի: Թուլանալ չի կարելի, հարկավոր է գտնել հակամարտության քաղաքական լուծում»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:
Նրա խոսքով՝ Մոսկվան կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի սրացումը պահանջում է շփման գծում վստահության միջոցառումների ձեռնարկում:
«Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի լուծման համար բոլոր բաղադրիչներն արդեն կան»,- հայտարարել է Լավրովը: